ՀՀ քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքով կքրեականացնեն Արցախն այլ պետության մաս ճանաչելը․ «ՀայաՔվե»
Գլխավոր » Լրահոս » ՀՀ քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքով կքրեականացնեն Արցախն այլ պետության մաս ճանաչելը․ «ՀայաՔվե»

ՀՀ քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքով կքրեականացնեն Արցախն այլ պետության մաս ճանաչելը․ «ՀայաՔվե»

հայաքվե

ՀՀ-ում սկսվել է աննախադեպ նախաձեռնություն, երբ  ՀՀ քաղաքացիների ձայների ուժով նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ կատարել ՀՀ օրենքում։ Օրենսդրական փոփոխությունները ԱԺ կմտնեն համապատասխան քանակի ստորագրությունների առկայության դեպքում։

Հանրաքվեի մասին ՀՀ Սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ ընդունած օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվում է առնվազն 25 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ։

Օրենսդրական փոփոխություններն առաջարկվել է կատարել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից, երբ հունիսի 12-ին նախաձեռնության 66 անդամներ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացրել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ «ՀայաՔվե» նախաձեռնությունը համակարգում է Ավետիք Չալաբյանը, իսկ նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը Արամ Պետրոսյանն է։

Նախաձեռնող խումբը հիմնվում է ՀՀ Անկախության հռչակագրի, ՀՀ Սահմանադրության և ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումների վրա և պահանջում է քրեականացնել Արցախը ՀՀ անունից այլ երկրի կազմում ճանաչելու գործողությունները, ինչպես նաև քրեականացնել Հայոց ցեղասպանությունից հրաժարվելը՝ վերահաստատելով, որ Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միավորումը և Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր պետության կողմից սահմանված անժամկետ համազգային նպատակներն են:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է օրենսդրությամբ ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության անունից Արցախը այլ պետության մաս ճանաչող պաշտոնատար անձը պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ: Նույն պատիժը սահմանվում է Հայոց ցեղասպանությունից հրաժարված պաշտոնատար անձի համար:

Հունիսի 20-ին ՀՀ ԿԸՀ-ի կողմից հաստատվել է «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի դիմումը և ստորագրահավաքի ժամկետ սահմանվել հունիսի 21-ից մինչև օգոստոսի 19-ը։ Ստորագրահավաքի պաշտոնական մեկնարկը նախաձեռնող խմբի կողմից տրվել է հունիսի 29-ին։

Ստորագրահավաքին մասնակցելու համար 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները պետք է ստորագրեն տեղական ինքնակառավարման մարմինների հաստատություններում՝ մարզպետարանում, համայնքապետարանում, թաղապետարանում՝ ստորագրությունը հաստատելով անձնագրային տվյալներով:

ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ ընտրական իրավունք ունեցող առնվազն 50.000 քաղաքացի ունի ԱԺ-ում քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք։ Այսինքն՝ նախաձեռնող խումբն ունի 60 օր ժամանակ 50 000 ստորագրություն հավաքելու համար, որից հետո օրինագիծը  պարտադիր կարգով մտնելու է ՀՀ ԱԺ օրակարգ և դրվելու է քվեարկության։

Եթե ՀՀ ԱԺ-ն դեմ արտահայտվի 50 000 քաղաքացիների դիմումին և մերժի նախագիծը, ապա նախաձեռնող խումբը պետք է հավաքի ևս 300 000 ստորագրություն, որից հետո նախագիծը դրվելու է հանրաքվեի։

Հանրաքվեի արդյունքում անհրաժեշտ ձայներ հավաքելուց հետո նախագիծն անմիջապես հրապարակվում է որպես օրենք, որը հետագայում կարող է փոփոխության ենթարկվել միմիայն նոր հանրաքվեի միջոցով։

«ՀայաՔվե»-ին մասնակցած բոլոր քաղաքացիները պարտադիր կերպով մասնակցության հավաստագիր են ստանում։

Ինչպես նշեցինք, ըստ օրենքի՝ ստորագրահավաքը պետք է անցկացվի բացառապես ՀՀ ՏԻՄ հաստատություններում, սակայն ինչպես նախաձեռնող խումբն է հայտարարել, ՀՀ իշխանությունները փորձել են արհեստական խոչընդոտներ ստեղծել նախաձեռնության իրականացման համար՝ հրաժարվելով ՏԻՄ հաստատություններում սենյակներ տրամադրելուց։

Այս պահին նախաձեռնությունը շարունակվում է ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում։

«ՀայաՔվե» նախաձեռնության մեդիաթիմի ղեկավար Լիկա Թումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունը սպասված էր հասարակության կողմից, քանի որ անգամ քննադատություններ են հնչում, թե ինչու այս նախաձեռնությունն ավելի շուտ չի կազմակերպվել։

«Այն կարծրատիպը, թե իբրև ժողովուրդն անտարբեր է, փաստացի կոտրվեց, և դա ակնհայտ է թե՛ մասնակից քաղաքացիների հոսքից, թե՛ տարբեր մարզերից ու համայնքներից ստորագրահավաքի նոր կետեր բացելու պահանջներից»,-ասել է  Լ. Թումանյանը։

5 օրում «ՀայաՔվե» նախաձեռնությունը հավաքել է 15 000 ստորագրություն, ինչը մեդիաթիմի ղեկավարը ոգևորիչ է համարում, սակայն, ըստ նրա, մեծ է նաև հակաքարոզչության ալիքն ու դրա ազդեցությունը։

«Իշխանությունն օգտագործում է իր լծակների ողջ զինանոցը՝ մարդկանց ապակողմնորոշելու, պատերազմով սպառնալու, և նախագծի էությունը խեղաթյուրելու համար, ինչն, անշուշտ, ազդում է մասնակցության թվի վրա, որը կարող էր լինել շատ ավելի մեծ»,- նշել է Լ. Թումանյանը։

Հարցին, թե ի՞նչ կտա նախաձեռնությունն Արցախին, Լիկա Թումանյանը պատասխանել է, որ իրավական տեսանկյունից ստորագրահավաքը թույլ կտա կյանքի կոչել օրենսդրական այն նախագիծը, որով քրեականացվում է Արցախի հանձնումը և Հայոց ցեղասպանության ճանաչման նսեմացումը։

«Բարոյահոգեբանական տեսանկյունից սա հայ հասարակության համար քաղաքական գործընթացի վրա ազդելու, անմասն չմնալու, իշխանությունների վարած քաղաքականությանը սեփական անհամաձայնությունն արտահայտելու գործուն միջոց է»,- ասել է նա։

«ՀայաՔվե» նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել նաև Հայաստանի և Արցախի կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի պատասխանատու, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ Հայաստանի կառույցը, ողջունելով նախաձեռնության գաղափարը, իր ուժերի սահմաններում փորձում է նպաստել այս փուլում նախաձեռնության առջև դրված նպատակի իրագործմանը:

«ՀայաՔվե» նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել նաև ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները՝ համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական մասնակից լինելու սկզբունքային խնդիրը։ Արցախի կարգավիճակը, ըստ այդմ էլ՝ արցախցիների անվտանգ ապրելու հիմնարար իրավունքի ապահովելը ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը պետք է լինի։ Լիահույս ենք, որ խելամիտ, համակողմանի քայլերի արդյունքում «ՀայաՔվե»-ն նշված ուղղություններում կունենա առանցքային նշանակություն։ Սա ժողովրդի իշխանության օրինակելի նախաձեռնություն է, քանզի «Ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտությունը ոչ թե մերկապարանոց լոզունգ է, այլ կիրառման ենթակա հզորագույն գործիք»։

Հուլիսի 15-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ իր հետ կապ է հաստատել «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը. կա ավելի քան 25000 ստորագրություն։ Նոր կոչ է արել օգտագործել բոլոր հնարավորությունները Արցախի շահերը ներկայացնելու, պաշտպանելու համար։

Նախաձեռնությանը Արցախից ողջունել է նաև «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը։ Տարածված հայտարարությամբ Ճակատը ողջունել է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում համազգային համախմբմանն ու միասնականության դրսևորմանը։

««Հայաքվե»-ն թերևս վերջին շրջանում հանրային համաձայնության ներքո իրականացվող հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է և օրենքի ուժով այն արգելափակելը:

Ցավով ենք փաստում, որ նման նախաձեռնության առիթը Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից վարվող ապազգային քաղաքականությունն է, որն Արցախը տանում է կործանման։

«Հայաքվե»-ն այդ սպառնալիքը իրավական ճանապարհով չեզոքացնելու կարևոր գործընթաց է, որում հաջողելու համար անհրաժեշտ է բոլորիս մասնակցությունը:

Մենք ողջունում և «Հայաքվե»-ին ամեն կերպ աջակցելու կոչ ենք հղում ՀՀ տարածքում բնակվող բոլոր արցախցիներին, ծագումով արցախցի ՀՀ բոլոր քաղաքացիներին, Հայաստանի բոլոր մարզերում ու մայրաքաղաք Երևանում ապրող մեր քույրերին ու եղբայրներին»,-ասվում է հայտարարության մեջ:  

Հավելենք, որ նախաձեռնությանը կարող են մասնակցել նաև Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն նույնականացման քարտ։

 Վահագն Խաչատրյան

1