ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, երբ Էրդողանն ասում է՝ ՀՀ-ն համաձայնել է միջանցքին, բայց Իրանը թույլ չի տալիս
Ինձ հետաքրքիր է՝ Ֆինանսների նախարարությունը չէ՞ր կարող հատկացնել մի քանի հարյուր հազար դրամ ամսական աշխատավարձ, որ մի խելոք մարդ բերեին կառավարություն, նստեր Նիկոլ Փաշինյանի կողքը, ուղեկցեր տարբեր տեղեր, որ նրան, օրինակ, ասեր՝ Նիկո՛լ Փաշինյան, Մուրադ Բարդաքչեի հետ հանկարծ Անկարայում չնկարվես, այդ մարդը Թալեաթի օրագիրը տպելով՝ արդարացրել է Թալեաթի գործողությունները։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Վերջինս նշեց, որ 2022թ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ընթացքում հարց է ուղղել ՆԳ փոխնախարարին, թե կա վերլուծություն՝ որքա՞ն է ծախսվել ՀՀ տարածքում Նիկոլ Փաշինյանի տեղաշարժերի վրա, ինչին ի պատասխան փոխնարարաը հայտնել է, որ չի եղել նման ուսումնասիրություն։
«Նիկոլ Փաշինյանին շատ երկար եմ ճանաչում, դրա համար ուզում եմ պարզ ասեմ, իրականում ոստիկանության մեջ բազմամիլիարդանոց ծախսեր են արվում մենակ մի բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը անցնի Երևանի մի փողոցից մյուսը, ՀՀ-ի մի գյուղից մյուս գյուղը, բնակիչներն արդեն գիտեն, որ եթե Սևանի մայրուղու վրա 2 մետրը մեկ ոստիկան է կանգնած, ուրեմն ճանապարհը հեսա փակվում է։
Աննախադեպ է դարձել Հայաստանի բյուջեից հազարավոր ոստիկաններով մեկ մարդու շրջագայությունը։ Ժամանակին, երբ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել, հիշում եմ, որ մեքենան բաց պատուհաններով էր շրջում, հիմա պատուհանները փակ են։ Դա ոչ թե անվտանգություն է, այլ վախն է, որի պատճառով հազարավոր ոստիկանններ իրենց գործը թողած՝ ժամերով կանգնում են, որ մեկ մարդ մի տեղից գնա մյուս տեղը:
Վախը պատճառ է այն գիտակցման, թե ինչ ավերի է բերել հասցրել երկիրը։ Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ ունեն մի զգացում՝ ատելության, որը երբեք մեր երկրում չի եղել։ Քաղաքացիները գիտակցում են, որ երկիրդ ղեկավարում է մեկը, որի պատճառով Եվրամիության պաշտոնյան հայտարարում է, որ նա առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է Ադբեջանի մաս։ ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, որ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցքին, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս, գետինն է մտնում, որ իր երկիրը ներկայացնողը ադրբեջանական թեզերով արդարացնում է, որ Արցախ Ադրբեջանի մաս է, արդարացնում է, որ Արարատը մերը չի»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
news.am