ՀՀ Կառավարությունը նման ծրագրերով նպաստում է արցախցիների արտագաղթին․Նորացված աջակցության ծրագիրը կգործարկվի 2025 թվականից
Գլխավոր » Լրահոս » ՀՀ Կառավարությունը նման ծրագրերով նպաստում է արցախցիների արտագաղթին․Նորացված աջակցության ծրագիրը կգործարկվի 2025 թվականից

ՀՀ Կառավարությունը նման ծրագրերով նպաստում է արցախցիների արտագաղթին․Նորացված աջակցության ծրագիրը կգործարկվի 2025 թվականից

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։

Ըստ նախարարության՝ միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։

Սակայն, ծրագրի մասին Նախարարության երեկվա հրապարկման տակ ֆեյսբուքյան արցախցի օգտատերերը իրենց դժգոհություններն են ներկայացրել նախատեսվող ծրագրի շուրջ։ Նրանց հիմնական պահանջն է՝ աջակցության ծրագրերը պետք է գործեն մինչեւ արցախցիները ապահովվեն բնակարաններով եւ կեցության նորմալ պայմաններով։ Ներկա գնաճի, աղքատության եւ սոցիալական անհավասարության պայմաններում բռնի տեղահանվածների դժվարությունները շատ են եւ նրանք ամեն օր բախվում են բազմաթիվ խնդիրների։ Նրանց մեծ մասը գտնում են, որ ՀՀ Կառավարությունը նման ծրագրերով նպաստում է արցախցիների արտագաղթին։

Ըստ նախատեսվող ծրագրի՝ ԼՂ-ից բռնի ատեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թ․ նախատեսվում է տրամադրել աջակցության ծրագիրը հետևյալ ձևաչափերով․ 2025 թ. հունվար-մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ՝ նույն շահառու խմբերի համար։ Գործող միջոցառման շրջանակում տրամադրվող 10,000 դրամ աջակցության բաղադրիչն այլևս չի շարունակվի։

2025 թ․ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և`

• ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,

• 63 և ավելի տարեկան են,

• ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

• մինչև 18 տարեկան երեխա են։

Այս դեպքում՝ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝

• 2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ,

• 2025 թ․ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ:

Արցախցիները հույս ունեն, որ իրենց դժգոհությունները տեղ կհասնեն եւ Կառավարությունը ողջամիտ կգտնվի եւ կվերանայի աջակցության ծրագրերը, հակառակ պարագայում նրանք պատրաստեն համախմբվել եւ իրենց իրավունքների համար պայքարել։

Ապառաժ

1