ՀՀ իշխանությունները Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքով վնաս են հասցնում ՀՀ պետականությանը. Անի Չաղլասյան

Մայիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել քննարկում՝ «Հայրենիք-Սփյուռք, ներկա ձախողումներ ու ապագայի վերականգնում» թեմայով։
Քննարկմանը մասնակցել են՝ ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի խորհրդի պատասխանատու Անի Չաղլասյանը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը, «Արեւելք» էլեկտրոնային լրատվամիջոցի խմբագիր Սաքո Արյանը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։
Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ կապերին հսկայական վնաս է հասցվել ոչ միայն վերջին երկու տարում, այլեւ 2018 թվականից ի վեր՝ Հայ դատի աշխատանքի տեսանկյունից․ քննարկման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի խորհրդի պատասխանատու Անի Չաղլասյանը :
«Այսպիսով՝ մինչ օրս «Հայ դատի» աշխատանքը նպատակաուղղված է եղել Հայաստանի ամրապնդմանը, Արցախի անկախության եւ ինքնորոշման իրավունքի հաստատմանը: Եվ Սփյուռքը, ինչպես նաեւ լոբբիստական աշխատանքը միշտ կենտրոնացած են եղել երկու երկրի կայունության վրա: Այս 30 տարում եղել են դեպքեր, երբ մեր եւ տվյալ իշխանությունների ծրագրերը միշտ չէ, որ ամբողջությամբ համընկել են: Այժմ շատ մեծ տարբերություն կա մեր եւ Հայաստանի իշխանությունների նպատակների միջեւ»,- ընդգծել է «Հայ դատի» հանձնաժողովի խորհրդի անդամը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցը չի ընդունվել ԱՄՆ հայ համայնքի կողմից, քանի որ նրա հայացքները հստակ հակասում են անկախ եւ ազատ Հայաստանի եւ Արցախի մասին Սփյուռքի նպատակներին եւ երազանքներին: