ՀՀ-ից պատվիրակություն չի կարող մասնակցել Ալիևի շոուին՝ COP29-ին, եթե Բաքվում դեռ գերիներ ունենք

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ ԱԺ հրատապ նիստ գումարելու. Հարցը վերաբերում է նրան, որ ԱԺ-ն հայտարարություն ունի Բաքվում գտնվող ռազմագերիների եւ պատանդառված անձանց ազատ արձակման կոչով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ հվանաբար, այդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:
«Դրանից զատ, վաղը՝ ժամը 14.00-ին, ՀՅԴ ԳՄ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների, նաև ԱԳՆ-ի դիմաց՝ կրկին կոչ անելով միջազգային կազմակերպություներին և COP-29-ին մասնակցող պատվիրակներին՝ հանդես գալ նույն կոչով և ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանն ազատ արձակի ռազմագերիներին»,-ասաց նա:
Սաղաթելյանն ընդգծեց, որ աշխարհում այս հարցով կա օրակարգ, տարբեր խորհրդարանականներ, կառավարություններ, միջազգային իրավունքի կազմակերպություններ նման կոչով հանես են եկել. «Եթե Հայաստանում չլինի նման կոչ, տարօրինակ կլինի։ Ուզում ենք ցույց տալ, որ հանրությունը պահանջում է»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ COP-29-ին հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը:
«Շատ հստակ, Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիեւի նախաձեռնած, այսպես կոչված, միջազգային շոուին, եթե դեռ մենք Բաքվում ունենք ռազմագերիներ եւ պատանդառված անձինք»,- ասաց նա:
«Այո, ՀՀ հիմնական եւ գլխավոր նախապայմաններից մեկը պետք է լինի դա, իսկ այդ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, շատ կարեւոր է, որ բաքվում բարձրաձայնեն այն մնացած խնդիրները, որ կան, գոյություն ունեն՝ Ադրբեջանի ագրեսիայի, Արցախում էթնիկ զտման, ցեղասպանության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Եթե այս պահանջներից հրաժարվելով ՀՀ-ն մասնակցում է COP-29-ին, հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում եղած էթնիկ զտումը»,-ասաց նա: