ՀՀ-ի դեմ ծրագրեր միշտ էլ եղել են. փորձագետները՝ Թուրքիայի ԳՇ փաստաթղթերի արտահոսքի մասին
2016 թվականի հուլիսին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի դատական գործի նյութերում պատահաբար հայտնաբերվել են Հայաստանի վրա հարձակման գաղտնի ծրագրեր։ Դրանք քննիչները սխալմամբ ներառել են քրեական գործի նյութերում։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիայի ռազմական վերնախավը Հայաստանի վրա հարձակվելու ծրագրերից երբեք չի հրաժարվել։ Դրանց մասին տեղեկությունները ժամանակ առ ժամանակ հասանելի են դառնում հանրությանը, սակայն, ըստ էության, Հայաստանում դրանք որևէ մեկին չպետք է զարմացնեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։
2016 թվականին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ իրականացնելու գործի դատավարությունը Հայաստանի դեմ թուրք զինվորականների կողմից ծրագրվող հարձակումների մասին հերթական տեղեկատվական «սլիվի» առիթ դարձավ։ Գաղտնի փաստաթուղթը քննիչը սխալմամբ ներառել է հեղաշրջման փորձի դատական գործի նյութերում, որտեղից էլ այն հայտնաբերվել է։
Տեղեկությունը հայտնվեց Nordic Monitor պորտալի էջերին. ընկերությունը վերահսկում է Nordic Research Monitoring Network շվեդական ոչ կոմերցիոն կազմակերպությունը։
Պարզվում է՝ Հայաստան ներխուժելու ծրագիրը կազմվել է դեռևս 2000 թվականի օգոստոսի 15-ին: Նմանատիպ մի ծրագիր էլ նախապատրաստվել է 2014 թվականի հունիսի 13-ին՝ Հունաստանի վրա հարձակվելու վերաբերյալ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ «Թուրքիան Հայաստանը միշտ դիտարկել է որպես թշնամական պետություն եւ Հայաստանի դեմ ծրագրեր միշտ էլ ունի։ Ավելին, տարբեր ժամանակներում փորձեր են արվել այդ ծրագրերը կյանքի կոչել։ Մասնավորապես՝ 1993 թվականին։ Ինչ վերաբերում է 2000 թվականին կազմված ծրագրին, ապա ես հակված եմ այն կապելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման տխրահռչակ «Մեղրիի տարբերակի» հետ», – ասաց Հարությունյանը։
Այդ տարիներին, ամերիկացիների դրդմամբ, որպես ղարաբաղյան խնդրի լուծման հավանական տարբերակ դիտարկվում էր Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի Մեղրիի շրջանը Ադրբեջանին հանձնելու ծրագիրը։ Փոխարենը՝ Բաքուն պետք է ճանաչեր Ղարաբաղի անկախությունը։ Մեղրին ստանալով` Ադրբեջանը ցամաքային ճանապարհ կունենար Նախիջևանի ինքնավար հանրապետության, այնուհետև նաև Թուրքիայի հետ։
Ըստ Հարությունյանի, որը նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000 թվականներին, Թուրքիան լինելով Ադրբեջանի հետ ցամաքային միջանցքի ակտիվ կողմնակից, կարող էր ձեռքի տակ ունենալ նաև խնդրի լուծման ուժային սցենար, ինչի մասին էլ վկայում է Հայաստանի վրա հարձակման պլանը։
2000-ականներից շատ ժամանակ է անցել, սակայն ժամանակ առ ժամանակ Անկարայից հնչող ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանին ստիպում է միշտ զգոն լինել և վառոդը չոր պահել։ Հարությունյանի խոսքով` Թուրքիայի պոտենցիալ սպառնալիքին այսօր զսպող հիմնական ուժը Հայաստանի ռազմական ներուժն է, հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի հետ։
Հայաստանի դեմ թուրքական ագրեսիայի ծրագիրը չի զարմացնում ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին։ Մեզ հետ զրույցում Մանոյանը հիշեցրեց, որ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության ժամանակահատվածից սկսած ՝ ըստ ազգային անվտանգության հայեցակարգի Թուրքիան Հայաստանի համար առաջնահերթ վտանգ է ներկայացնում։
«Չգիտեմ՝ ինչպիսին է նոր հայեցակարգը, որը դեռ մշակվում է, սակայն ենթադրում եմ, որ Թուրքիայի մասով ոչինչ չի փոխվել»,– հավելեց Մանոյանը։
Միաժամանակ նա չի կարծում, որ Թուրքիան պլանավորել էր հարձակվել հենց 2000 թվականին։
Ծրագիր կազմել դեռ չի նշանակում այն անմիջապես իրագործել։ Դա անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալու հարմար պահի իրագործելու համար։ Անկասկած, շտկումներ, փոփոխություններ հնարավոր են՝ ելնելով օպերատիվ կամ ռազմաքաղաքական իրավիճակից։
ՀՅԴ-ի ներկայացուցչի կարծիքով` Թուրքիան այսօր Հայաստանի դեմ բռնություն չի գործադրում որոշակի գործոնների պատճառով. մեկը ՀՀ-ում ռուսական ռազմակայանի առկայությունն է, երկրորդը՝ միջազգային հանրության կոշտ արձագանքը։ Թեև Սիրիայի կամ Իրաքի փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարող է պարզապես երբեմն աչք փակել։ Դրանից ելնելով, Մանոյանը կարծում է, որ անվտանգության լավագույն երաշխիքը եղել և շարունակում է մնալ ռազմական բաղադրիչը։ Եվ Հայաստանը պետք է մշտապես ամրապնդի այն։
arfd.am