ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների կողմից Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների բնակապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու գործողությունների փաթեթ է ներկայացվել
Օրերս ընդլայնված խորհրդակցություն է կայացել՝ Արցախի գործադիր, դատական իշխանության եւ խորհրդականական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, որտեղ քննարկվել է ՀՀ Կառավարության արցախցիների բնակապահովման ծրագրի, քաղաքացիության ընդունման, կենսաթոշակների հաշվարկման հետ կապված մի շարք հարցեր։
Որից հետո աշխատանքային քննարկում է կազմակերպվել Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունների եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման արդյունքում, ՀՀ Խորհրդարանի նշված խմբակցությունների նախաձեռնությամբ, ՀՀ կառավարությանն ուղղված գրություն-առաջարկով՝ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների բնակապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու գործողությունների փաթեթ է ներկայացվել։
ՀՀ Կառավարության մշակած ծրագիրը չի տալիս ցանկալի արդյունքը. հարյուրավոր դիմումատուների ճնշող մեծամասնությունը մերժում է ստացել՝ եղած սահմանափակումների ու պահանջների պատճառով։
Բացի բնակտարածքի ապահովման հարցից օրակարգում են նաեւ՝
․ պարտադիր կուտակային համակարգում Արցախում կատարված վճարումների ճակատագրի ճշգրտումը,
․ եղած սոցիալական հատկացումների շարունակականության ապահովումը,
․ քաղաքացիության հետ կապված թնջուկի հանգուցալուծումը,
․ ԱՀ պետական եւ այլ ոլորտներում աշխատողների ստաժների հաշվառման հարցը ու բազում չլուծված խնդիրներ։
ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ առաջիկայում օգտագործելու են բոլոր հնարավորությունները՝ նշված խնդիրները պատկան մարմիններին ներկայացնելու եւ հետեւողական են լինելու լուծում տալու ուղղությամբ։