ՀՀ-ԱՀ-Սփյուռք եռամիասնությունն անսասան դարձնելու պարագայում Արցախի Հանրապետությունն ապրելու է

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանի ելույթը ապրիլի 14 –ին կայացած ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ.
«2020թ. Արցախյան երրորդ պատերազմը փոխեց մեր բոլորի կյանքը՝ բացասական առումով. մենք այլ իրողության մեջ ենք ապրում: Մենք բավականին դժվար պայմաններում ենք հայտնվել, որովհետև գտնվում ենք մեծ տերությունների շահերի կիզակետում: Դժվար պայմաններում ենք հայտնվել, որովհետև ունենք հարևան, որն օրուգիշեր երազում է ոչ միայն Արցախի Հանրապետությունը վերացնել, այլ նաև հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» հասկացողությունից: Բայց մեզ համար առավել դժվար է, որովհետև եղբայրական Հայաստանի հանրապետության օրվա իշխանությունները պարտվողական կեցվածք են որդեգրել:
Ի՞նչ կարելի անել: Իսկապես դժվար պայմաններւոմ ենք հայտնվել: Թվում է, թե անհույս իրավիճակ է և հնարավոր չէ որևէ լուծում ապահովել: Բայց դա այդպես չէ: Արցախցին դարերի ընթացքում միշտ գտել է այդ հարցի պատասխանը, որի անունը պայքար է: Այն ժողովուրդը, որը չի հաշտվում ստրուկի կարգավիճակի հետ, որը չի հաշտվում, որ մենակ կարող է զոհվել, նա չի զոհվում: Նա պայքարում է և հաղթանակներ է կերտում: Այդպես եղել է նաև ոչ հեռավոր անցյալում՝ 30 տարի առաջ: Երբ թվում էր, թե անհնար է ինչ-որ բան անել, այս ժողովուրդը ոտքի կանգնեց և հաղթանակ կերտեց:
Իմ կարծիքով արտաքին քաղաքականության ասպարեզում մենք պետք է վերաթարմացնենք քաղաքական այն արահետը, որ Ռուսաստանի հետ հենց նույն Արցախում գծվել է 17-րդ դարի վերջից: Շեշտում եմ, որ այդ քաղաքական արահետը պետք է վերականգնել, որը ցավոք սրտի այսօր չկա:
Ներքին քաղաքականության ասպարեզում մենք պետք է եղբայրական Հայաստանի հանրապետության ժողովրդի հետ երկխոսություն սկսենք: Հենց ժողովրդի հետ պետք է երկխոսություն սկսենք, որովհետև իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Եվ համոզված եմ, որ այն ժողովուրդը, որը 90-ական թթ. հաղթանակ է կերտել, այդ երկխոսության, փոխըմբռնման պայմաններում կշարունակենի կերտել նորանոր հաղթանակներ:
Եվ վերջում՝ մենք պետք է ամեն կերպ մեր եռամիասնությունը՝ ՀՀ-ԱՀ-Սփյուռք, դարձնենք անսասան: Անսասան դարձնելու պարագայում համոզված եղեք, որ Արցախի Հանրապետությունն ապրելու է և «Արցախ» հասկացությունը դարեդար լինելու է, ինչպես եղել է նախանցյալ ժամանակներում»: