Հետս մի բուռ հող վերցրի՝ որպես ամենաթանկ սրբություն
Գլխավոր » Լրահոս » Հետս մի բուռ հող վերցրի՝ որպես ամենաթանկ սրբություն

Հետս մի բուռ հող վերցրի՝ որպես ամենաթանկ սրբություն

Կնյազ Մելքումյանի կյանքի պատմությունը սկսվում է Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղից, հասնում մինչև Նոր Ջրաբերդ, ապա նորից Գառնաքար, իսկ Արցախի տեղահանությունից հետո՝  Զորավան․․․ Հավատում է՝ վերադարձ Արցախ լինելու է․․․

-Արցախյան շարժմանն ու ազատագրական պայքարին Ձեր մասնակցությունը…

-Արցախյան շարժման ծիլերին ծանոթ եմ 1965 թվականից։ Հունիսին Ստեփանակերտի ավտոկայանից մեկնում էի Բաքու՝ ԱՊԻ-ում ընդունելության քննություններ հանձնելու համար։ Կայարանում ինձ մոտենում է մի երիտասարդ, ծանոթանում և սկսում ենք զրուցել։ Իմանալով, որ մեկնում եմ Բաքու՝ ասում է՝ գիտես, որ Ղարաբաղ անունը ուզում ենք փոխել պատմական Արցախ անունով, ու հարցնում է իմ կարծիքը։ Ես դրական եմ պատասխանում, ու նա ինձ մի փոքրիկ գրքույկ է տալիս՝ ասելով, որ տանեմ ու բոլոր ուսանողներին ծանոթացնեմ։ Զորի Բալայանի Արցախի մասին գրքույկն էր դա, ու ես այդ հանձնարարությունը մեծ սիրով կատարեցի՝ շատ հպարտ զգալով ինձ։

Արցախյան շարժումը միշտ էլ ծիլարձակել է տարբեր ժամանակներում։ Դրանցից էր նաև մարզային դատարանի առջև տեղի ունեցածը։ 80-ականներին, երբ սկսվեցին ստորագրահավաքները, անմիջապես մասնակցեցի, իսկ հետո նաև մասնակցում էի գործադուլներին ու հանրահավաքներին։ 1988 թվականից Գառնաքարի կոլտնտեսության նախագահն էի և մեր ենթաշրջանի Արցախյան շարժման կազմկոմիտեի անդամ։ Մինչև 2000 թվականը աշխատել եմ այդ պաշտոնում։

-Առաջին պատերազմից հետո որոշում կայացրիք տեղափոխվել ու գործունեություն սկսել Նոր Ջրաբերդում․․․

— 2000 թվականի վերջերին թողել եմ ղեկավարչական աշխատանքս Գառնաքարում և երկու տղաներիս հետ տեղափոխվել եմ Ակնայի շրջանի գոյւղերից մեկը՝ մտածելով, որ կարևոր է ազատագրված տարածքները վերաբնակեցնելու ծրագիրը։ Միշտ աչքիս առաջ է եղել Իսրայելի օրինակը, երբ իր ազատագրած տարածքները անմիջապես բնակեցրել է, ու այսօր ինքն է այդ հողերի տերը։ Իմ ընտանիքով սկսել եմ աշխատել հողի հետ, զբաղվել նաև անասնապահությամբ։ Իհարկե, սկզբում դժվար էր, ապրում էինք ավերակների մեջ, սակայն հետզհետե բարելավեցինք մեր պայմանները։ Կառուցեցինք տներ, անասնաֆերմաներ։ Շատ կարճ ժամանակահատվածում, համարյա հինգ տարվա ընթացքում իմ շուրջը հավաքվեցին ավելի քան 20 ընտանիքներ՝ Արցախից ու ՀՀ-ից։ Ստեղծվեց նոր բնակավայր ու անվանվեց Նոր Ջրաբերդ։ 2008 թվականին նշանակվեցի գյուղի ներկայացուցիչ, իսկ 2010-ին գյուղն արդեն ուներ տարրական դպրոց՝ 12 աշակերտով։ Մինչև 2020 թվականը դպրոցի տնօրենն էի, միաժամանակ երեխաներին դասավանդում էի։ Այդ ընթացքում գյուղում կար արդեն 30 ընտանիք՝ 105 բնակիչներով։

Այդ տարիներին մեր գյուղացիները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, մարդիկ ունեին եկամտի մեծ աղբյուր՝ առանց պետության կողմից որևէ վարկավորման ու օգնության։ Իմ ընտանիքը ձեռք էր բերել ահագին գյուղտեխնիկա, հիմնականը՝ արտասահմանյան։ Շրջանում ՄՏԿ-ից հետո երկրորդն էինք՝ թե՛ քանակով, և թե՛ հզորությամբ։

2020 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց պատերազմը, գյուղի աշխատող տղամարդիկ անմիջապես մեկնեցին մարտի դաշտ, իսկ գյուղում մնացած մեծահասակներս հերթապահություն էինք իրականացնում, միաժամանակ գյուղատնտեսական աշխատանքներ կատարում։ Պատերազմի դաշտում էին երեք տղաներս, երեք թոռներս ու երկու փեսաներս։ Ցավոք, մեր գյուղն ունեցավ երկու զոհ։ Նոյեմբերի 23-ին շրջանից հայտնեցին, որ երկու օր անց պետք է թողնենք գյուղը։ Այդ երկու օրերը մեր գյուղացիների կյանքում մի նոր ճակատամարտ բացվեց։ Ցավալիորեն ծանր էր։

Ընտանիքս հետ տեղափոխվեցի իմ հարազատ Գառնաքար գյուղը, որտեղ ապրում էր տղաներիցս մեկը, և նորից շարունակեցինք մեր աշխատանքը հողի հետ։ Եղած տեխնիկայով և ունեցվածքով ավելի մեծ եռանդով կցվեցինք գործին։ Գյուղի վարելահողերը քիչ էին, ու մտածեցի զբաղվել ջերմոցային տնտեսությամբ։ Ջերմոցներ կառուցեցի՝ հույս փայփայելով, որ կկարողանանք ապրել մեր հողում ու վայելել մեր ունեցածը․․․

-2023-ին Արցախը հայաթափվեց․․․

-Սեպտեմբերի 19-ին, երբ թշնամու կողմից սկսվեց արկերի ու ռումբերի որոտը, հասկացանք, որ այս անգամ ավելի սարսափելի է լինելու։ Այդ օրը ոչ մի րոպե չդադարեցին հրետակոծությունները։ Երիտասարդները դիրքերում էին։

Մեր համայնքի ղեկավար Էրիկ Մարտիրոսյանը ինձ նշանակեց գյուղի պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման շտաբի պետ։ Շատ արագ ու կազմակերպված գյուղի բնակչությանը կարողացանք տարհանել ու տեղափոխել մոտակա անտառները։ Հերթապահություն սահմանեցինք գյուղի մոտակայքում։ Սեպտեմբերի 20-ին զինադադար հայտարարվեց ու հրահանգվեց բնակչությանը տեղափեխել Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուսական ռազմաբազայի մոտ։ Բնակչությունը կազմակերպված տեղափոխվեց՝ իր հետ վերցնելով ընդամենը մի երկու օրվա սնունդ։ Այլ հրահանգ չկար։ Վերջում համայնքի ղեկավարի հետ շրջեցինք տուն առ տուն, համոզվեցինք, որ մարդ չի մնացել ու հեռացանք հազարամյա պատմություն ունեցող մեր գյուղից։ Ես չեմ կարող նկարագրել այն ապրումներն ու կորստի ցավը, որ ունեցա այդ պահին։ Վերջին անգամ հրաժեշտ տվեցի Մեծ Հայրենականի և Արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների հուշակոթողներին, մեր գերեզմանոցներին ու դրախտային՝ աշխարհում ոչ մի տեղ չկրկնվող մեր բնությանը։ Հետս մի բուռ հող վերցրի՝ որպես ամենաթանկ սրբություն։

Սեպտեմբերի 26-ին հեռացանք Արցախից ու մեծ գերդաստանիս հետ անցանք դժոխքից չտարբերվող ճանապարհը։ Հայաստանում հաստատվել ենք Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան գյուղում։ 5 երեխաներս, 15 թոռներս ու 9 ծոռներս ապրում են Հայաստանում։ Իմ ընտանիքն իմ հպարտությունն ու հարստությունն է եղել միշտ, և համոզված եմ՝ ցանածիս պտուղները միշտ առատ ու բերրի կլինեն։

Ցավոք, առողջական վիճակիս ու հոգեբանական ծանր ապրումներիս պատճառով չեմ կարողանում ակտիվ զբաղվել հասարակական ու քաղաքական գործերով։ Զբաղմունքիս հիմնական առարկան վարձակալած մեր տան փոքրիկ այգին է, որի միջոցով փորձում եմ մի փոքր կտրվել ցավոտ մտքերից ու խոսել հողի հետ։ Նա լավ է հասկանում ինձ․․․

-Ձեր կարծիքը ՀՀ կառավարության ընդունած բնակարանային աջակցության ծրագրի շուրջ․․․

-Այդ ծրագիրը արցախահայության դավաճանության շղթայի մի օղակն է, դա Արցախի ժողովրդի ինքնության ոչնչացման մի միջոց է։ Կցանկանայի, որ մեր հայրենակիցները երբեք չհուսահատվեն, մշտարթուն պահեն պայքարի ոգին, չկորցնեն վերադարձի հույսն ու հավատը։ Այսօր մեր ժողովրդին համախմբում է պետք։ Կարևոր եմ համարում, որ ձևավորվի բանիմաց մարդկանց մի խումբ, որը կշրջի արցախցիների տներով, մարդկանց կբացատրի ստեղծված իրավիճակի մասին։ Խոսքս կավարտեմ մեծն Սևակով․ «Մենք ամիոբա չենք, որ կիսվենք, շատանանք, պիտի միանանք, որ շատանանք»․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1