Հետպատերազմյան շրջանում ենք ապրում և առաջացած խնդիրները բնական են. Բերձորի քաղաքապետ
Գլխավոր » Լրահոս » Հետպատերազմյան շրջանում ենք ապրում և առաջացած խնդիրները բնական են. Բերձորի քաղաքապետ

Հետպատերազմյան շրջանում ենք ապրում և առաջացած խնդիրները բնական են. Բերձորի քաղաքապետ

Ներկայումս Բերձորում 40-50 մարդ է բնակվում՝ նախկին 1600-ի փոխարեն: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

«Այդ թիվը հստակ չէ, որովհետև օրվա ընթացքում գալիս-գնում են, կամ  մի քանի օր մնում են՝ հասկանալու համար, թե ինչքանով է անվտանգ այստեղ մնալը: Կան նաև կանայք ու երեխաներ»,- ասել է Նարեկ Ալեքսանյանը:

Քաղաքում դպրոց չի գործում, բայց քաղաքապետի կարծիքով այդ խնդրի վրա կարելի է չկենտրոնանալ, քանի որ ամբողջ տարվա ընթացքում դասապրոցեսն արվում էր առցանց տարբերակով: «Հաշվի առնելով, որ Բերձորոոմ հասանելի են հայկական բոլոր օպերատորները, չեմ կարծում, որ դաս անող երեխայի համար խնդիր կարող է լինել»,- նշել  նա:

Նարեկ Ալեքսանյան

Բերձորում հոսանք ու ջուր կա, իսկ գազի ապահովումը խնդիր է: Խոսելով առկա խնդիրների մասին, Նարեկ Ալեքսանյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում են ապրում և առաջացած խնդիրները բնական են:

«Չեմ կարող ասել, թե հետագայում ինչպես կկարգավորվի հարցը, այս պահին քաղաքը կա, որը բնակվելու համար պիտանի է և բնակվում ենք»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ ապահով է զգում, քանի որ հայրենի հողի վրա է ու կոնկրետ վտանգ տվյալ պահին չկա:

1