Հետպատերազմական Ադրբեջանը թուրք-ռուսական մրցակցության ծիրում
Գլխավոր » Լրահոս » Հետպատերազմական Ադրբեջանը թուրք-ռուսական մրցակցության ծիրում

Հետպատերազմական Ադրբեջանը թուրք-ռուսական մրցակցության ծիրում

Արտյոմ Տոնոյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի աշխատակից

Արցախյան երրորդ պատերազմից (2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10) հետո այսրկովկասյան տարածաշրջանում ստեղծվել է ուժերի նոր դասավորություն, որը վերաբերում է ոչ միայն հակամարտության բուն մասնակիցներին (Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն և Ադրբեջանի Հանրապետություն), այլ նաև տարածաշրջանում ակտիվ դերակատարություն ունեցող և մի քանի հակամարտություններում (Սիրիա, Լիբիա, Արցախ) միաժամանակ մրցակցող և համագործակցող երկու պետությունների՝ Թուրքիայի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը։ Հակամարտության հերթական ակտիվ ռազմական փուլի ավարտից հետո Թուրքիայի և Ռուսաստանի ձեռքբերումները, առնվազն այս պահի դրությամբ, մոտավորապես հետևյալներն են:

Թուրքիայի Հանրապետություն.

1. Ազդեցության աննախադեպ մեծացում ԱՀ հասարակական-քաղաքական կյանքում՝ շնորհիվ Արցախյան երրորդ պատերազմում ունեցած բացահայտ կողմնակալ և Ադրբեջանին սատարող դիրքորոշման։
2. Թեև դեռևս թույլ, բայց և այնպես ռազմական ներկայության ապահովում հակամարտության գոտում՝ ի դեմս հունվարի 30-ին Աղդամի շրջանում բացված Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի, որտեղ 60 ռուս զինծառայողների հետ ծառայություն են իրականացնում 60 թուրք զինվորականներ։ Բացի այդ՝ ըստ ադրբեջանցի ռազմական փորձագետների վերջին վերլուծությունների և հայտնած որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական բանակում իրականացվում են կառուցվածքային լուրջ փոփոխություններ, և տեղի է ունենում անցում թուրքական մոդելի։ Սա իր հերթին խոսում է Ադրբեջանի բանակի ներսում ևս թուրքական ներկայության և ազդեցության աճի մասին։
3. Ադրբեջանի հետ Նախիջևանի տարածքով ցամաքային ուղիղ կապի ստեղծման հնարավորություն, եթե ստացվի կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցք» կոչվող ծրագիրը։ Թեև 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) համաձայնագրի տեքստում բացակայում է «միջանցք» բառը, սակայն Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ (ԱԳՆ ևն), ինչպես նաև հենց նախագահ Իլհամ Ալիևը քանիցս արել են սադրիչ հայտարարություններ՝ գործածելով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը և պատմական ադրբեջանական տարածք անվանելով ՀՀ Սյունիքի մարզը։
4. ՀՀ-ի հետ սահմանները բացելու, հետագայում ի հաշիվ թուրքական կապիտալի ՀՀ-ն տնտեսապես յուրացնելու, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու և այդ թեման միջազգային օրակարգից մեկընդմիշտ հանելու հնարավորության ձեռքբերում։ Այս առումով հատկանշական է, որ պատերազմի ավարտից հետո՝ այս տարվա փետրվարի 26-ին, ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայի կողմից ՀՀ-ի հետ սահմանները բացելու դեպքում Ադրբեջանի կողմից բացասական կարծիք չի լինի. «Հաշվի առնելով նոր իրավիճակը` մենք դրականորեն ենք վերաբերվում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ Ես հիմա հատուկ դիրքորոշում չունեմ այդ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Թուրքիան ինքնուրույն կորոշի, թե երբ կարող են բացվել սահմանները, և երբ կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները։ Համենայնդեպս, Ադրբեջանի կողմից բացասական կարծիք չի լինի»։ Եվ սա այն դեպքում, երբ մինչև Արցախյան երկրորդ պատերազմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը կոշտ արձագանքների են հանդիպել պաշտոնական Բաքվում։
5. Պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած «քաղաքական և բարոյական օժանդակության» (Թուրքիայի մասնակցությունը Արցախյան երկրորդ պատերազմին հենց այս արտահայտությամբ է բնորոշում նախագահ Իլհամ Ալիևը, իսկ վերջինիս ասածները կրկնում են քաղաքական վերնախավի բոլոր անդամները) դիմաց ֆինանսական փոխհատուցում՝ Թուրքիայում արտադրվող նոր զինատեսակների ձեռքբերման, շինարարության, կառուցապատման և նոր ճանապարհների կառուցման ոլորտում թուրքական ընկերություններին ավելի ակտիվորեն ներգրավելու տեսքով։

Ռուսաստանի Դաշնություն.

1. Ուժեղ ռազմական ներկայության ապահովում հակամարտության գոտում՝ ի դեմս խաղաղապահ առաքելության։
2. Ադրբեջանում գործող իշխանության վրա ավելի մեծ ազդեցության ձեռքբերում, եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավը փաստացի ճանաչում է ՌԴ ռազմական ներկայությունը «իր տարածքում»՝ հայտարարելով Արցախյան հակամարտության էջը փակված և Ադրբեջանական Հանրապետության մաս անվանելով անգամ պատերազմից հետո իր վերահսկողության տակ չանցած արցախյան տարածքները։
3. Հետպատերազմական շրջանում առաջ եկած անվտանգային նոր խնդիրների պատճառով ՀՀ-ում գտնվող սեփական ռազմաբազայի տեղակայման աշխարհագրության ընդլայնում՝ ի հաշիվ ՀՀ ողջ տարածքի և հատկապես հարավային շրջանների։
4. Արցախյան հակամարտության կարգավորման բազմաբևեռ (հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի` դրանում համանախագահության մակարդակով Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցության) ձևաչափի միաբևեռացում, գործընթացից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դուրսմղում և դրա հանդեպ վերահսկողության՝ ՌԴ մենաշնորհի վերածում։
5. Ի հաշիվ ՀՀ տարածքի՝ Վրաստանի տարածքի տարանցիկության մակարդակի իջեցման և հեռանկարում այն ՌԴ ազդեցության գոտի փոխադրելու հնարավորությունների ձեռքբերում:

Թուրքիայի և ՌԴ ուժերի այսպիսի վերադասավորումը Այսրկովկասում և Արցախյան երկրորդ պատերազմից ունեցած ձեռքբերումներն այդտեղ, լինեն դրանք «մրցակցության» «համագործակցության», թե «մրցակցային համագործակցության» (adversarial cօllaboration) արդյունք, ինչպես համարում են տեղի և արևմտյան մի շարք մասնագետներ, նոր մարտահրավերներ են ստեղծում այսրկովկասյան բոլոր երեք հանրապետությունների, այդ թվում և` Ադրբեջանի համար։ Թվում է՝ առաջին խնդիրը, որին բախվում են Ադրբեջանի իշխանությունները, իրենց տարածքի համար ՌԴ-ի հետ բավական ագրեսիվ մրցակցության մեջ մտած Թուրքիայի ազդեցությունը հավասարակշռելու, այդ ճանապարհին սեփական իշխանությունը չկորցնելու, ինչպես նաև տասնամյակներով հայտարարվող դիվերսիֆիկացված, բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը պահպանելու հրամայականն է։ Հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակում եթե ՌԴ հիմնական հենասյունը Ադրբեջանի գործող իշխանությունն է՝ իր կլանային հենքով և բռնապետական բնույթով, իսկ ազդեցության գործադրման և ՌԴ շահերի առաջմղման հիմնական գործիքը՝ իշխանության տարբեր թևերի և կենտրոնի տնտեսական կապն ու բիզնես շահերը ՌԴ տարածքի հետ, ապա Թուրքիայի դեպքում մասամբ կա և վերջին հանգամանքը, այսինքն` իշխանության ներկայացուցիչների բիզնես շահերի և կապիտալի կապը Թուրքիայի տարածքի հետ, բայց կան և, որ ավելի կարևոր են, վերջին պատերազմի շնորհիվ ադրբեջանական հասարակության շրջանում Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի շեշտակի փոփոխությունը և այդ պետության ազդեցության աննախադեպ աճը։ Ադրբեջանական հասարակության մեծամասնության շրջանում որպես ոչ բարեկամ կամ թշնամի ընկալվող ՌԴ-ի նկատմամբ Թուրքիայի ձեռք բերած ահա այս կարևոր առավելությունը խնդրահարույց է դառնում Ադրբեջանի գործող իշխանությունների համար։ Ոչ իշխանական ուժերն ու քաղաքական ճամբարները (թե՛ Ադրբեջանի ներսում, թե՛ դրանից դուրս գործող), ազատ լինելով ուղիղ քաղաքական պատասխանատվությունից, կարողանում են շատ ազատ համագործակցել Թուրքիայի հետ և հասարակության շրջանում Թուրքիայի հանդեպ առկա համակրանքն ու ՌԴ-ի նկատմամբ հակակրանքը վերածել գործող իշխանությունների դեմ քարոզչական գործիքի՝ վերջինիս արհեստականորեն ներկայացնելով որպես ՌԴ շահերն սպասարկող, «եղբայրական» Թուրքիայի շահերն անտեսող, իսկ իրենց դիրքավորելով հակառակ բարիկադում։

Նշված կենտրոններից ադրբեջանական իշխանություններին տրվող անհարմար, վարկաբեկող և վերջինիս վարկանիշի վրա ազդող հարցերը, որոնք ուղիղ կապ ունեն Թուրքիա-Ադրբեջան մրցակցության հետ, մոտավորապես հետևյալներն են.

1. Ի՞նչ է ստացել Թուրքիան վերջին պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության դիմաց։ Ինչո՞ւ բանակցություններում (օրինակ` հունվարին Մոսկվայում տեղի ունեցած) Թուրքիան ներգրավված չէր։ Ինչո՞ւ են իշխանությունները բանակցում առանց Թուրքիայի։
2. Ինչո՞ւ Ադրբեջանը չի գնում Թուրքիայի հետ ավելի համապարփակ ռազմական համագործակցության, որը կենթադրի գործող պայմանագրերի վերանայում և Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաների տեղակայում։
3. Ինչո՞ւ Ադրբեջանի իշխանությունները ավարտին չեն հասցրել պատերազմը և ինչո՞ւ են համաձայնել ՌԴ ռազմական ներկայության հաստատմանը «Ադրբեջանի տարածքում» (ակնարկվում է ՌԴ խաղաղապահ զորքերի տեղակայումը Արցախի տարածքում)։
4. Ե՞րբ են դուրս բերվելու ռուս խաղաղապահները նշված տարածքներից, և ինչո՞ւ «ՌԴ-ն չի կատարում եռակողմ համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները»։

Դատելով հակամարտության թեմայով ԱՀ հասարակական խոսույթի ընդհանուր բովանդակությունից և նկատվող միտումներից, իշխանության ներկայացուցիչների կողմից արվող և մերձիշխանական շրջանակներից հնչող հայտարարություններից՝ արտաքին ուժերի և դրանց ներքին սպասարկողների միջոցով փորձ է արվում Ադրբեջանում հնարավորինս վարկաբեկելու գործող իշխանություններին, թույլ չտալու «պատերազմում հաղթած իշխանության և նախագահի» կարծրատիպի բյուրեղացում, ներկայացնելու վերջիններիս որպես հանուն սեփական բիզնես շահերի ՌԴ-ին զիջումների գնացած, պատերազմն անավարտ թողած, «Ադրբեջանի տարածքում» ՌԴ զորքերի տեղակայում թույլ տված, պետության ինքնիշխանությունը թուլացրած և այն ամբողջությամբ կասկածի տակ դրած իշխանություն։

Այս ամենի հետնաբեմում թերևս հենց Թուրքիա-Ռուսաստան մրցակցությունն է, ավելի ճիշտ՝ Թուրքիայի կողմից սեփական առավելությունն իրացնելու և ՌԴ դիրքերն Ադրբեջանում ավելի թուլացնելու փորձ, որի խուլ արձագանքները միայն լսելի են դառնում ԱՀ ոչ իշխանական ճամբարների գործունեության վերլուծությամբ և այն իրողության ընկալմամբ, որ այդ ուժերի և Թուրքիայի շահերը հիմնավորապես համընկնում են. առաջինների դեպքում կա, հանձինս Իլհամ Ալիևի և նրա թիմի, մրցակցին վարկաբեկելու, թուլացնելու և քաղաքական իշխանության հասնելու նպատակ, երկրորդի դեպքում՝ առաջինների միջոցով ՌԴ դիրքերը հնարավորինս սասանելու, նրան հանրային հենարանից բացարձակապես զրկելու և հնարավորության դեպքում նաև առաջինների միջոցով Ադրբեջանում վերջնական վերահսկողություն սահմանելու առավելագույն նպատակ, իսկ որպես նվազագույն ծրագիր՝ ցանկացած պահի ԱՀ գործող իշխանություններից տարատեսակ զիջումներ կորզելու հնարավորությունների ընդլայնում։

«Դրօշակ», թիվ 4 (1650), ապրիլ, 2021 թ.

1