Հետևողական աշխատանքի արդյունքում կարելի է հասնել նրան, որ բոլոր մշակվող տարածքները դառնան ոռոգովի
Մայրաքաղաք Ստեփանակերտն այս ամռանը ջրի հետ կապված խնդիր չի ունենա՝ «Ապառաժ»-ի հետ զրույցում վստահեցրել է Արցախի Հանրապետության Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը: Նրա հետ զրուցել ենք մեկ տարուց ավելի գործող կոմիտեի գործառույթների, կատարված աշխատանքների մասին:
-Պարոն Հայրիյան, կխնդրեի ներկայացնել Ջրային կոմիտեի գործունեության ոլորտները: Ի՞նչ լիազորություններ ու պարտականություններ ունի կոմիտեն:
-Ջրային կոմիտեն ստեղծվել է 2021թ.՝ հաշվի առնելով առկա լուրջ խնդիրները և գործունեության ոլորտների ընդլայնումը: Կոմիտեի լիազորությունները սահմանված են Ջրային օրենսգրքով և կանոնադրությամբ: Այն զբաղվում է կառուցված ջրային համակարգերի կառավարմամբ: Չնայած 2020թ. պատերազմի հետևանքով հանրապետության տարածքը բավականին փոքրացել է, ջրային խնդրներն ավելի են շատացել: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ավելի լայն առումով կարգավորումներ տալ թե՛ բնակավայրեր մատակարարվող խմելու ջրի ոլորտին, թե՛ գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգմանը: «Ջրային տնտեսություն» ՓԲԸ և «Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲԸ կազմակերպությունների կառավարման լիազորությունները վերապահված են Ջրային կոմիտեին: Բացի այդ, Ջրային կոմիտեն ոլորտում հանդես է գալիս որպես պատվիրատու, համապատասխան ուսումնասիրություններից հետո ջրային նոր համակարգերի կառուցման համար սահմանված կարգով պատվիրում է նախագծանախահաշվային փաստաթղթեր և կապալառուի հետ մրցույթի կամ գնման ձևը որոշելուց, պայմանագիրը կնքելուց հետո սկսվում է շինարարությունը, աշխատանքի ավարտից հետո մտցվում է վերոնշյալ երկու կազմակերպություններից մեկի հաշվեկշիռ և սկսում շահագործվել:
—Ինչքանո՞վ է հաջողվել լուծել հետպատերազմյան շրջանում առաջացած խնդիրները: Դուք ինչպե՞ս կգնահատեիք կոմիտեի մեկամյա գործունեությունը:
-Իհարկե, խնդիրները շատ-շատ են, բայց բավականին աշխատանքներ են կատարվել: Հետպատերազմյան շրջանի առաջնային շատ հարցեր լուծվել են ու հունի մեջ ենք մտել: Սակայն ծառացած բոլոր հարցերը միանգամից լուծելու համար չունենք բավարար մասնագիտական, ֆինանսական ռեսուրսներ, նաև աշխատուժի պակաս է զգացվում:
—Այս պահին ի՞նչ ծրագրեր են իրագործվում:
Մարտակերտի շրջանի գյուղական բնակավայրերում հորատումներ ենք իրականացնում, նոր համակարգեր ենք ստեղծում: Վերին ենթաշրջանի համարյա բոլոր գյուղերում ջրի խնդիր կա. այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են ընթանում: Միայն Մարտակերտ քաղաքի շրջակա տարածքում ավելի քան 5000 հա գյուղատնտեսական նշանակության հողեր լրիվությամբ անջրդի պայմաններում են գտնվում: Նախկինում օգտագործվում էր Խաչեն գետի հոսքը, որը խողովակաշարերով հասցվել էր Մարտակերտ և ինչ-որ հատված ոռոգվում էր: Հիմա ընդհանրապես չի ոռոգվում: Այս տարի կատարել ենք հորատում, ջրատարների տեղադրում: Հիմա վերջին փուլն է. մի քանի օրից ջուրը կմիացնենք և գոնե նախապատերազմյան շրջանի այգիները ջրով կապահովվեն: Մի քանի հորատում ևս կատարվում է: Նախորդ տարի կաթիլային համակարգով ավելի քան 30 հա տարածք ոռոգվել է, այս տարի ավելի քան 100 հա կոռոգվի : Փորձում ենք տարածք առ տարածք ջրով ապահովել:
Հաթերքի ենթաշրջանում բավականին մեծ ոռոգման համակարգեր ենք կառուցել: Այնտեղ ինքնահոս ջրերի լուրջ պաշարներ կան, դրանց համակարգերը սարքում ենք: Ներկա դրությամբ՝ մոտ 100 հա-ի վրա աշխատում է, 50 հա-ի վրա շինաշխատանքներ են ընթանում: Նախատեսվում է Զագլիկ և Ակնաբերդ գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողերը Թրղե գետի հոսքով ապահովել ջրով:
Մարտունու շրջանում հորատման, արտեզյան հորերի միջոցով լոկալ ոռոգման համակարգեր ենք կառուցել, որը թույլ է տվել մեկ տարվա ընթացքում 3 անգամ ավելացնել Մարտունու շրջանի ոռոգվող տարածքները: Սա արդեն մեծ հաջողություն է: Հույս ունենք, որ այս տեմպը կպահպանվի: Բերդաշենի տարածքը սնուցում ստանում էր Կարկառ գետի հոսքից, հետպատերազմյան շրջանում հնարավոր չէր ջուրն անցկացնել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով: Բերդաշենի տարածքում 6 նախկին արտեզյան հորեր կային: Նոր 8 հորատում ենք իրականացրել. 4-ը ծառայում է նախկինում տնկված այգիների, տարածքների ոռոգման համար, իսկ 4-ը 180 հա տարածքով նոր այգու ոռոգմանն է ծառայելու:
Հետպատերազմյան շրջանում մեծ աշխատանքներ են իրականացվել Ասկերան քաղաքի, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր, Խնապատ, Խրամորթ հատվածների գյուղատնտեսական նշանակության հողերը ոռոգելու համար: Այսպես կոչված՝ Սովետարխ համակարգը լրիվությամբ վերակառուցվել է, կառուցվել է ջրընդունիչ հանգույց. խնայողության համար ջուրը խողովակաշարերով ենք տեղափոխում: Խողովակաշարերով ջրի կորուստը մինիմալացված է, իսկ նախկինում բաց հողային ջրանցքի միջոցով 70-80% ջրային կորուստ էր լինում և հնարավոր չէր բնակչությանը որակյալ ջուր մատակարարել: Նախիջևանիկ-Վարդաձոր հատվածում կա երկու՝ բարձրադիր և ցածրադիր գոտի: Հաշվի առնելով, որ դեռևս խորհրդային տարիներին բարձրադիր գոտին չէր ոռոգվել, այդ տարածքում անցած տարի ավելի շուտ ենք սկսել աշխատանքները և այս տարի լրիվությամբ ավարտել ենք: Ցածրադիր գոտում դեռևս ընթանում են ցանցի կառուցման աշխատանքներ: Այստեղ նախատեսված է 11000 խորանարդ մետր տարողությամբ ջրամբար կառուցել, որի հողային աշխատանքներն ավարտվել են. այն մինչև 2022թ. վերջ պիտի պատրաստ լինի, որպեսզի հաջորդ տարվա ոռոգման սեզոնին օգտագործենք:
Կարկառ գետի վրա կուտակիչ ջրամբար չունենք: Ողջ հույսը մնում է ջրի քանակի հոսքի վրա, որն ամառային սեզոնին նվազում է: Այս տարի ավելի բարենպաստ էր, անձրևային շրջանը երկար տևեց: Անցած տարի այս ժամանակ արդեն գետում վայրկյանում 200-250 լիտր ջուր կար: Մեզ հետագայում անհրաժեշտ է Մեղրագետի վրա ևս ջրամբար կառուցել: Միայն այսպես է հնարավոր զարգացնել գյուղատնտեսությունը: Իսկ հետպատերազմյան շրջանում անասնակերի խնդիր էլ կա: Եթե նախկինում տարածքները շատ էին և նման խնդիր չկար, հիմա այս տարածքներում անասնակերն էլ պիտի ցանովի, ոռոգովի դառնա: Դրա համար կուտակիչ ջրամբարներ են անհրաժեշտ լինելու սեզոնային կարգավորման համար, գարնանային սելավաջրերը հավաքելու, ամռանն օգտագործելու համար:
—Ներկայացվում է, որ Պատարայի ջրամբարն աննախադեպ ծրագիր է և դրանով ջրի հետ կապված շատ խնդիրներ կլուծվեն: Ինչքանո՞վ են այդ հայտարարությունները իրատեսական:
-Պատարայի ջրամբարը նախագծվել է 2007թ., աշխատանքներն սկսել ենք մոտ մեկ տարի առաջ: Սա Արցախի Հանրապետության անկախության տարիների ամենախոշոր ծրագրերից մեկն է. միայն ջրամբարի կառուցման համար ավելի քան 9 մլրդ դրամ է ծախսվելու: Նախատեսված է աշխատանքներն ավարտել 2025թ. սկզբին: Կառուցված ջրընդունիչ հանգույցը ջրամբարի մաս է, այժմ շարունակվում են աշխատանքները ջրահեռացման, ջրընդունման համար: Նախատեսում ենք ջրամբարում 6 մլն խորանարդ մետր ջուր հավաքել: Պատվարը բավականին բարձր է լինելու (գագաթը կունենա 57 մետր բարձրություն), իսկ կատարի երկարությունը կկազմի 350 մետր: Նույն խողովաշարով նախատեսվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգում իրականացնել, ինչպես նաև՝ Պատարա-Ստեփանակերտ հատվածում ընկած սակավաջուր գյուղերի ջրատարները նախատեսում ենք Պատարայի գետի հոսքից սնուցել: Քռասնի համայնքը, Աջափնյակ թաղամասն էլ են սակավաջուր: Այս պահին Աջափնյակում արդեն խնդիրներ կան. ծրագիր կա այդ խողովակաշարի Խնածախի հատվածից ջուր հասցնել Աջափնյակ: Քռասնիում նոր կառուցվող թաղամասեր կան, և պետք է հասցնենք շենքի կառուցմանը զուգահեռ՝ նաև ջուրը մատակարարել: Նախատեսում ենք մինչև տարվա վերջ ավարտել այդ ծրագրի Քռասնիի հատվածը: Պատարայի ջրամբարի կառուցումը նաև զբոսաշրջության առումով է կարևոր, քանի որ շրջապատի բնությունը գրավիչ է:
Խոսակցություններ կան, որ Պատարայում ՀԷԿ է կառուցվելու: ՀԷԿ-ի մասին ընդհանրապես քննարկում չի եղել, հնարավոր էլ չէ, որովհետև ՀԷԿ-ի դեպքում ճնշումը չենք կարող օգտագործել, բայց ճնշումն անհրաժեշտ է ջուրը մայրաքաղաք ու բարձրադիր ոռոգման հողեր հասցնելու համար: Այսքան ներդրումը պետությունը կատարում է, որպեսզի բնակչությանը հնարավորություն տա սեփականաշնորհված վարձակալակած հողերում այգիներ հիմնել:
-Հնարավո՞ր է այս տարի ևս Ստեփանակերտում ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ լինեն:
-Մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման ծրագիրն սկսվել է 2008 թ., ավարտվել 2012-ին: Ծրագրով նախատեսվում էր, որ մոտակա 20 տարիներին բնակչության թիվը կհասնի 60000-ի: Հիմա թիվը նախատեսվածից շատ է, բացի դրանից՝ հարակից թաղամասեր էլ են կառուցվում: Դրան ավելացրած՝ երաշտի ու ջրասպառման մեծացման հետևանքով ջրի հետ կապված խնդիրներ առաջացան: Եվրոպական ստանդարտներով՝ մեկ շնչին օրական 200 լիտր ջուր է նախատեսվում, բայց հիմա Ստեփանակերտում 500 լիտրից ավելի ջուր է օգտագործվում: 200 լիտր/վայրկյան հոսքով այն ժամանակ հնարավոր էր ապահովել քաղաքի բնակչությանը, այս պահին պահանջարկն արդեն վայրկյանում 300 լիտր է:
Պատարա-Ստեփանակերտ ջրատարը հենց այս նպատակով է կառուցվում: Վարարակնի հոսքը բավականին նվազել է. եթե մինչև այսօր ընդունված ջրի քանակի խնդիր չկար, հիմա կա: Եթե շոգը շարունակվի, հնարավոր է ջրի առկա պաշարները չհերիքեն և Պատարայի գետի ջրերը միացնենք համակարգին: Անցած տարվա իրավիճակը չենք ունենալու:
—Հորատման աշխատանքներն արդյո՞ք չեն վնասում անտառապատ տարածքներին:
-Հորատման դեպքում ընդերքից է ջուրը հանվում, իսկ անտառը սնվում է մինչև 10 մետր խորության վրա գտնվող մակերևութային ջրերով. արտեզյան հորերի միջոցով ջուրը հանում են 50 մետրից ավելի խորությունից: Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի: Իհարկե, ես բնապահպանության մասնագետ չեմ, բայց տրամաբանական չի: Մենք աշխատում ենք և՛ գեոլոգների, և՛ տարբեր մասնագետների հետ. առաջին անգամ եմ լսում դրա մասին:
—Գյուղատնտեսական հողերի ոռոգման խնդիրը ե՞րբ եք հնարավոր համարում լրիվությամբ լուծել:
-Ջրի խնդիրն ամբողջությամբ լուծել հնարավոր չէ: Պատարայի ջրամբարի կառուցման արդյունքում կունենանք 2500 հա ոռոգովի տարածքներ: Կան չորային տարածքներ, որտեղ հորատում ենք իրականացնում ու ջուր չկա. այդ տարածքներում ընդհանրապես հնարավոր չէ ոչ մի բան անել: Ամեն դեպքում հետևողական աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել նրան, որ բոլոր մշակվող տարածքները դառնան ոռոգովի:
Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի