«Հետադարձ հայացք, իրականություն և հեռանկարներ» խորագրով կլոր սեղան - քննարկում՝ նվիրված արցախյան շարժման 35 ամյակին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Հետադարձ հայացք, իրականություն և հեռանկարներ» խորագրով կլոր սեղան - քննարկում՝ նվիրված արցախյան շարժման 35 ամյակին

«Հետադարձ հայացք, իրականություն և հեռանկարներ» խորագրով կլոր սեղան — քննարկում՝ նվիրված արցախյան շարժման 35 ամյակին

ԱՀ ԿԳՄՍՆ աշխատակազմի, մշակույթի վարչության, երիտասարդության հարցերի նախաձեռնությամբ Արցախյան շարժման 35 ամյակի միջոցառումների շրջանակում կազմակերպվել է «Հետադարձ հայացք, իրականություն և հեռանկարներ» խորագրով կլոր սեղան-քննարկում։

Քննարկմանը, որին ներկա էին ԱՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, բանախոսում էին 1987թ․ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում ձևավորված «Արցախյան միություն» ուսանողական կազմակերպության անդամներ Եղիշե Առուշանյանն ու Դավիթ Իշխանյանը։

Քննարկման նպատակը ուսանողներին ակտիվիստների հետ շփվելու հնարավորություն տալն էր, ակտիվիստներին՝ վերհիշելու, նորից վերաիմաստավորելու այն պայքարը, որի ակունքներում նրանք կանգնած են և միշտ վառ պահել պայքարի կրակը, ինչն այսօր կենսական նշանակություն ունի արցախահայության համար։

Արցախի շրջափակման և դրան ածանցվող հետևանքների պայմաններում արդիական է խոսել 35 տարի առաջ փոթորկված Արցախյան շարժման մասին և վերաիմաստավորել այն։

Եղիշե Առուշանյանը, խոսելով շարժման էության մասին, նշեց, որ այն պարզապես ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդող շարժում չէր, այլ իր բնույթով ազգային-ազատագրական շարժում էր՝ հստակ գաղափարախոսությամբ։

«Այն ժամանակ, երբ մենք ձեր տարիքին էինք, չէինք կարող անմասն մնալ մեր հասարակության մեջ տեղի ունեցող ցանկացած երևույթից՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Եթե 60-ական թվականներին շարժումը մտավորականության շարժում էր, ապա 80-ական թվականներին սկիզբ առած շարժումը երիտասարդական շարժում էր։ Սովորաբար, երբ որ խոսում ենք շարժման ղեկավարների կազմակերպիչների մասին, բոլորը պատկերացնում են տարիքով, սպիտակամորուս մարդիկ, սակայն ոչ․ շարժման ընդհատակյա խմբերի միջին տարիքը երևի թե չանցներ 25-ը։ Այդ խմբերում կային նաև ուսանողներ, և մենք ևս ընդգրկվեցինք»,-ասել է նա։

Պատասխանելով ինչո՞ւ սկսվեց և ինչո՞ւ երիտասարդները սկսեցին շարժումը հարցին, Եղիշե Առուշանյանն ասաց, որ Գարբաչովյան ձնհալից հետո խորհրդային միության տարածքում սկսեցին ձևավորվել ոչ պետական երիտասարդական տարբեր կառույցներ, որոնց միավորողը սպորտն էր, մշակույթը, բայց ոչ քաղաքականությունը, իսկ Արցախի պարագայում այն այլ ընթացք ստացավ։

«Երիտասարդները, մտածելով Արցախի ապագայի մասին, ընդհատակյա խմբեր ձևավորեցին և սկսեցին աշխատել մարդկանց հետ։ Մեծ բարդություն կար այն առումով, թե ինչպես են 18-20 տարեկան երիտասարդները փորձում համոզել կուսակցական շտաժ ունեցող մարդուն։ Մարդուն, ով 25-30 տարի կոմունիստ է եղել և հավատացել է Մոսկվային, հանկարծ գալիս ու ասում ես, որ այս կուսակցության վարած ազգային քաղաքականությունը սխալ է։ Պետք է հիմնավորվեր, թե ինչու է ԼՂԻՄ-ի վիճակը վատ, իսկ այդ ինչուների պատասխանն այն ժամանակ երիտասարդները կարողացան գտնել ու մատուցել դիմացինին. մարդիկ հավատացին երիտասարդներին»,-նշել է Ե․ Առուշանյանը։

Նա ընդգծեց, որ միշտ էլ գոյություն ունի ավագ սերունդ-կրտսեր սերունդ բախումը․ մեկին դուր չի գալիս հագուկապը, մյուսին կենցաղը և այլն, սակայն իրենց սերունդն ուներ մի առանձնահատկություն․ դա դպրոցն էր, որը մարդ էր դաստիարակում՝ կարգապահ, հայրենասեր քաղաքացի, կիրթ անձնավորություն, որի համար պարտադիր չէ բարձրագույնի դպիլոմ։

«Մենք կարգապահ էինք, մենք օրինապաշտ էինք, և երբ սկսվեց շարժումը, մենք չէինք մտածում, որ պետության դեմ ենք գնում, այլ ընդամենը դրված էր սեղանին այն, ինչի իրավունք մենք ունեինք։ Մեր մանկավարժական համալսարանն օժտված էր մեծ ինտելեկտով, որը վերաբերում է և՛ ուսանողներին, և՛ դասախոսներին։ Այնտեղ ավարտած յուրաքանչյու ոք ի վիճակի էր լինել ինչ-որ բանի կազմակերպիչ»,-ասել է Ե․ Առուշանյանը։

Հայրենասիրության զգացում ունեին Խորհրդային միության քաղաքացիները, սակայն ազգային գաղափարախոսություն ունենալն արդեն վտանգավոր էր, որի մեջ էլ մտել էր այդ ժամանակ երիտասարդությունը, այն գիտակցմամբ, որ յուրաքանչյուր պահի կարող էին նրանց ձերբակալել կամ արտաքսել, որովհետև ազգային հողի վրա բանտարկությունը խարան էր և ի տարբերություն այլ մեղքերի, այդ մեղքը քավել հնարավոր չէր։

Սակայն պարտավորեցնող էր «երիտասարդությունն է հասարակության շարժիչ ուժը» նշանաբանը, որի համար էլ երիտասարդությունը իր վրա վերցրեց այդ պարտականությունը։

«Շարժման կադրերում կարող եք տեսնել երիտասարդների, ովքեր դրոշները ձեռքին այս ու այն կողմ էին գնում, թվում է՝ աննպատակ, սակայն դա նպատակաուղղված էր։ Եթե ժողովրդի մի հատվածում նկատվում էր պասիվություն, իսկույն խումբը գնում էր այնտեղ և սկսում ակտիվացնել։ Դա մեր պարտականությունն էր՝ և՛ մարդկանց դուրս հանելը, և՛ կազմակերպելը և՛ վերջում հարվածը մեզ վրա վերցնելը»,- նշել է շարժման ակտիվիստը։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և շնորհավորեց շարժման 35-ամյակի առիթով՝ նշելով, որ թեև այս օրերը այն օրերը չեն, որ տրամադրությունը տոնական լիներ, սակայն գաղափարական համոզմունքն ու գաղափարական վստահությունը միշտ պետք է ուղեկցեն մեզ։

«1986թ․, երբ 4 հոգով հայտնվեցինք Ծիծեռնակաբերդում, ծաղկեպսակ դրեցինք, որի վրա գրված էր արցախցի երիտասարդներից։ Հայաստանում սովորող երիտասարդները մասնակցություն էին ունենում, բայց 4 հոգով այնտեղ հայտնվելը մի նոր ընթացք էր»,-նշել է Դ․ Իշխանյանը

Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը դարձել էր շարժման հիմնական օջախներից մեկը, և ինչպես Դավիթ Իշխանյանն է նկատում, իրենց հետ աշխատող ավագ սերնդի ներկայացուցիչները շատ ճիշտ էին ընտրել թիրախը, որովհետև հիմնական ինտելեկտուալ խավը հենց այդտեղ էր կենտրոնացած։

Դավիթ Իշխանյանն ընգծեց, որ շատերն են փորձել և փորձում կտրել Արցախյան շարժումը։

«Արցախյան շարժումը առանձին չպետք է դիտարկել, սա ազգային-ազատագրական պայքար է, որն ընդհատվել էր 1920-ական թվականներին։ Սա այն պայքարն է, որ չի ավարտվել և չի ավարտվելու․ երբ կարող է ավարտվել՝ դժվար է կանխատեսել։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է փորձել թերթել 1920-ական թվականների պատմության էջերը։ Շատ ժլատ են պատմական փաստերը, սակայն կարևոր է, որ յուրաքանչյուրդ կարողանաք ճիշտ գրականություն ընտրել, որովհետև ԽՍՀՄ ժամանակ արխիվներից հանված, ոչնչացված փաստերը մեզ հնարավորություն չեն տալիս անդրադառնալու, բայց ներքին բնազդը՝ գենետիկան, մեր գեները իրականության մեջ մեզ ուղղել են։ Երբ հետադարձ հայացքով նայում ենք 35 տարի առաջվա մեր քայլերին, այսօր կարողանում ենք մի քիչ ավելի ուրիշ ձևով մեր գնահատականը տալ և մենք տեսնում ենք, որ 100 տարի առաջ ունեցած ժամանակաշրջանը գրեթե մեզ ուղեկցում է։

1980-ականների վերջերի, 1990-ականների թվականների անդրադարձը՝ ուսանողություն, երիտասարդություն, ուսանողական միություն, ուսանողական մարտական ջոկատներ, պատերազմ, այդ ամենը մեզ տալիս են շատ խոսելու հնարավորություն, երբ դու հաղթում ես։ Ինչպես ընդունված է ասել, հաղթողներին չեն դատում։ Երբ մենք 2020թ․ պատերազմի պարտության դառը իրականության մեջ ենք հայտնվել, խոսելն ու ինչ-որ փաստեր ներկայացնելը շատ դժվար է, բայց պետք է գտնել այդ բանալին»,-ասել է Դ․Իշխանյանը։

Դավիթ Իշխանյանը նշեց, որ վերջերս այցելել էր մի քանի երկրներ, և ֆրանսիահայ համայնքում, երբ նրան հարցրին՝ ի՞նչ է լինելու, նա պատասխանեց, որ պետք է գտնել բանալին և համոզմունք հայտնեց, որ բանալին այստեղ է՝ Արցախում, մեր մեջ է, պարզապես գտնել է պետք։

«Ձեզանից յուրաքանչյուրը պետք է իր մեջ կրի այդ պատասխանատվությունը՝ գիտակցված, թե չգիտակցված։ Երբեմն մեր մեջ էլ կան չգիտակցված քայլեր։ Մենք կանխազգում էինք, որ հրապարակներում չէ, որ հարցերը լուծվում են, որովհետև վառոդի հոտը, զենքի առկայությունը մեզ այլ բան էր հուշում։ Բերդաձորի շրջանը վստահված էր միայն մեզ։ Ինչպե՞ս էինք հայտնվում այնտեղ։ Խորհրդային բանակի զրահամեքենաների ուղեկցությամբ շինարարական ջոկատների անվան տակ»,-պատմել է Դ․ Իշխանյանը։

Նա մի կարևոր հանգամանք ևս նշեց, որ իրենց հետ աշխատում էին, որպեսզի յուրաքանչյուրն իր համայնքում տանի ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծելու աշխատանքը, իսկ նրանց թիկունքում կանգնած էին մարդիկ, որոնց գուցե չեն ճանաչել, չեն հարաբերվել, բայց բոլորն էլ մանկավարժական համալսարանի ուսանողներ էին։ Բարձր կուրսի ուսանողներին հանձնարարված էր աշխատանքներ տանել նաև ցածր կուրսերի տղաների հետ։

«Ես լավ հիշում եմ գյուղատնտեսական քոլեջը, որտեղ աշխատանք էինք տանում, երաժշտական ուսումնարանը, որտեղ տղաները ևս քիչ չէին, բժշկական ուսումնարանը, որտեղ մի քանի տղաներ կային։ Այդ տղաներին ի հայտ էինք բերում և փորձում մեզ հետ հերթապահության տանել»,-ասել է Դ․ Իշխանյանը։

Նա նաև կարևոր համարեց այն, որ յուրաքանչյուրը կարողանա թղթին հանձնել մեր ապրած տարիները, որովհետև շատ շատերը կան, որ իրենց հետ տարել են այն կարևորագույն փաստերը, որ այլևս անհնար է վերականգնել, որովհետև յուրաքանչյուր ոք իր ապրած օրերով, ի շրջանում, իր ջոկատով, որևէ մարտական կամ այլ գործողություններով ուսանելի է սերունդերի համար։ Դ․ Իշխանյանի կարծիքով բավարար աշխատանք չի տարվել այս ուղղությամբ, և կտրվել է սերունդների միջև կապը։

Պատգամավորը անհրաժեշտ համարեց այն, որ յուրաքանչյուրն ընդունի և խորը համոզմունք դարձնի իր մեջ՝ ինքը զինվոր է՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, դիրքից և այլն, պետք է լինի գաղափարի զինվոր, որովհետև գաղափարական պայքարը որևէ այլընտրանք չունի, իսկ երրորդը հարատև պայքարի գաղափարն է, և յուրաքանչյուրը պետք է արմատավորի իր մեջ այն միտքը, որ հայ ժողովուրդը դատապարտված է հարատև պայքար մղելու, որի մեջ յուրաքանչյուրն ունի իր տեղն ու դերը։

Ներկաներից բանախոսներին հարց ուղղվեց, թե արդյո՞ք հետադարձ հայացք ուղղելով արցախյան շարժման վրա՝ նրանք սխալներ ու բացթողումներ տեսնում են, ինչին ի պատասխան՝ Եղիշե Առուշանյանը նշեց, որ սխալը տեսնում է 1994թ.-ից հետո, երբ բոլորը դարձան պետականամետ, սակայն հրաժարվեցին ակտիվ մասնակցություն ունենալ պետական կառավարման համակարգում։

Ներկաները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ 1988թ.-ին պայքարը սկսվեց Հայաստանի հետ միավորվելու պահանջով, սակայն այսօր մենք պայքարում ենք անկախության համար։ Դավիթ Իշխանյանը պատասխանեց, որ այդ ձևակերպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս։

«Յուրաքանչյուր ոք, քաղաքական ուժ տարբեր բացատրություններ է տալիս, բայց պետք է հաշվի առնենք այն օրերի իրականությունը։ Ես կարող եմ շատ գեղեցիկ ձևակերպում տալ․ ՀՀ հետ Արցախի վերամիավորումը ռազմավարական նպատակ է։ Մարտավարական առումով մենք այլ ճանապարհ ենք ընտրել և այդ հարցի շուրջ կարելի է երկար բանավիճել՝ ճիշտ էր այդ ուղին, թե ոչ, բայց որդեգրվել է այդ ճանապարհը՝ հաշվի առնելով իրավական հարցերն ու քաղաքական իրավիճակը, ընդհանուր զարգացումներն ու կանխատեսումները։ Կարևոր է արձանագրել մեր նպատակը և ոչ թե միջոցները։ Մեզ համար դժվար է բացթողումների մասին խոսելը, բայց 2020թ․ պարտության հիմնական պատճառն ինձ համար պետական կառավարման ոչ արդյունավետ համակարգն էր։

1