Հեղինակային-հոբելյանական միջոցառում՝ նվիրված Սիրվարդ Մարգարյանի 65-ամյակին․․․
Հունվարի 27-ին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպվել է արցախցի գրող, լրագրող, հասարակական գործիչ, պահեստազորի ավագ սպա Սիրվարդ Մարգարյանի 65-ամյակին նվիրված հեղինակային-հոբելյանական միջոցառում։

Հանդիսավոր երեկոյի ընթացքում կայացել է հեղինակի թվով 15-րդ՝ «Իմ աղոթարան» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ռեժիոսր Սամվել Թադևոսյանի «Տարիներս մնացին լեռներում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որն Արցախի «Մարտիկ» թերթի խմբագիր, բազմաթիվ գրքերի հեղինակ, Արցախի ՊԲ սպա Սիրվարդ Մարգարյանի ստեղծագործական և ծառայողական կենսագրության մասին էր։ Ֆիլմում ըստ արժանվույն ներկայացված էր իսկական հայուհու, մտավորականի ու հայրենիքի պաշտպանությանն անվերապահորեն նվիրված կնոջ կերպարը, ում օրինակով դաստիարակվել ու կդաստիարակվեն բազում սերունդներ։



Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր, բանասիրական գիությունների թեկնածու Արմեն Ավանիսյանը, պատմաբան Մհեր Հարությունյանը, ԱՀ «Մայրություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը, գրքի հեղինակ Սիրվարդ Մարգարյանն ու ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադևոսյանը։
Միջոցառումն անցել է հետաքրքիր, հաճելի արցախահունչ մթնոլորտում։ Երաժշտական համարներով հանդես է եկել երգիչ Գրիգոր Ղամբարյանը, գրքից բանաստեղծություններ է ընթերցել երիտասարդ գրող Աննա Մակունցը:



Հնչել են բազմաթիվ շնորհավորանքի ու մաղթանքների խոսքեր։ Միջոցառման մասնակիցները հույս են հայտնել, որ հեղինակը նույն ոգով կշարունակի իր նվիրական գործունեությունը և, անշուշտ, առաջիկայում նոր գրքի շնորհանդես կլինի․․․
