Հեղափոխականության ոգին Արամ Մանուկյանը ստացավ իր հայրենի հողից՝ Շուշիից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հեղափոխականության ոգին Արամ Մանուկյանը ստացավ իր հայրենի հողից՝ Շուշիից

Հեղափոխականության ոգին Արամ Մանուկյանը ստացավ իր հայրենի հողից՝ Շուշիից

ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքը՝ Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակի առթիվ Ստեփանակերտում կազմակերպված ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ

«Արտաշես Աստվածատրյանի բնորոշմամբ Արամը ծնվեց այն տարում, երբ Րաֆֆին ստեղծում էր իր «Կայծեր»-ը, այսինքն՝ հեղափոխականության ոգին Արամը ստացավ իր հայրենի հողից՝ Շուշիից, հայ մեծ մտավորականի գլուխգործոցներից մեկի լույսընծայումով։ Արամը Արցախի զավակն էր, ինչպես ինքն է 1904թ․ Ռուբենի հետ մի զրույցում ասել, որ ես լավ գիտեմ Ղարաբաղը, քանի որ նրա զավակն եմ։ 1916թ․ հայ փախստականների առաջին համագումարում ինքը նույնպես շեշտեց, որ ռուսահպատակ է՝ ծնունդով Շուշիից։

Արամը շատ վաղ նետվեց հայ հեղափոխական ազատագրական պայքարի հորձանուտը։ Նրան տեսնում ենք թե՛ Շուշիում, թե՛ Երևանում աշակերտական հեղափոխական շարժումներին մասնակցելիս, այնուհետև Բաքու, Կարս, Սալմաստ, Վան, նորից Արևելյան Հայաստան, Երևան։ Այս բոլոր տեղերում էլ Արամը ցույց է տվել իր շրջահայացությունը, հաստատակամությունը, կտրուկ որոշումներ կայացնելու վճռականությունը և նրա զգուշավորությունը։ Կոմսն իր հուշերոմ նշում էր, երբ Արամը գնացել էր Վան, բոլորին կասկածում էր, բոլորի նկատմամբ զգուշավոր էր, մինչև չհամոզվեր, որ այս մարդիկ իրոք նետված են հեղափոխական պայքարի հորձանուտի մեջ, և ինքը նրանց հետ ճանապարհ ունի անցնելու։

Արամը պայքարում էր ամեն տեսակ խորթ երևույթների դեմ, որ այդ ժամանակ ցավոք սրտի կար հայ հասարակության մեջ, ինքը ամենամեծ պայքարն էր մղում հայ ժողովրդի հատվածականության մտայնությունների դեմ, հատկապես Վանում, քանի որ ինքը դրսից եկած էր, պետք է կարողանար գավառական հայրենասիրությամբ տարված հատկապես Վանի երիտասարդությանը համոզել, որ ինքը եկել է իրենց փրկելու, երկրում ազգային-ազատագրական գաղափարներն արմատավորելու։ Արամն իր շրջահայացությամբ, իր հաստատակամությամբ կարողացավ Վանում ձեռք բերել այնպիսի հեղինակություն, որ նույնիսկ քրդերը Արամ Մանուկյանին ուղղված նամակում գրում էին «Վսեմափայլ պարոն Արամ» և պատահական չէ, որ Վանում ստացավ «փաշա» մականունը։

Արամը դեռ 1903թ․ հայ եկեցեղու գույքի բռնագրավման դժնդակ ժամանակաշրջանում առաջիններից մեկն էր, որ հստակ հայտարարեց, որ պետք է պայքարել ցարական բռնակալության դեմ, նույնիսկ իր զինակիցները որոշակի թերահավատություն ունեին այդ տեսակետի հետ կապված, բայց հետո տեսան, թե Արամը ինչպես է դա կազմակերպում Բաքվում։ Այն ժամանակ Բաքվի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի որոշմամբ անցավ Գանձակ, որտեղ տեղի ունեցան ամենաարյունալի բախումները ցարական զորքերի և ոստիկանության դեմ, և այդ ամեն ինչի կազմակերպիչը Արամն էր։ Արամն էր այն գաղափարը տվողը, որ չպետք է բաժանվել «արևելահայի» և «արևմտահայի», այլ բոլորս պետք է պայքարենք մեր միասնական հայրենիքի համար։ Արամն էր, որ կարողացավ ՀՅԴ չորրորդ Ընդհանուր ժողովում իր ելույթով համոզել, որ չպետք է անընդհատ զինատար խմբեր ուղարկել և ամեն հրացանի համար մեկ հայորդի զոհել, այլ պետք է հենց Երկրում կազմակերպել այդ ամեն ինչը և Երկրում այդ ամեն ինչը ստեղծել։

Արամը հեղինակություն էր ամեն տեղ, նույնիսկ թշնամու հետ հարաբերություններում ինքը կարողանում էր բանակցությունները վարել 50-ամյա փորձառություն ունեցող դիվանագետի նմամ։ Իր հավատարիմ օգնական, Երևանի պարետ Շահխաթունին ասում էր, որ երբ Խալիլ փաշայի հետ բանակցությունները եղան, Արամը տեսնում էր իր զայրույթը, բայց հետո վերջնարդյունքը այնպես եղավ, որ Շահխաթունին փոշմանեց, թե ինչու էր զայրացած Արամի վրա»։

1