«Հայրենիքն ամեն բանից վեր». ՀՅԴ ՀԵՄ բանակումը համախմբել է մոտ 200 երիտասարդի, նաեւ Արցախից ու Սփյուռքից
Գլխավոր » Երիտասարդական » «Հայրենիքն ամեն բանից վեր». ՀՅԴ ՀԵՄ բանակումը համախմբել է մոտ 200 երիտասարդի, նաեւ Արցախից ու Սփյուռքից

«Հայրենիքն ամեն բանից վեր». ՀՅԴ ՀԵՄ բանակումը համախմբել է մոտ 200 երիտասարդի, նաեւ Արցախից ու Սփյուռքից

Բյուրականում ընթացող ՀՅԴ ՀԵՄ Բանակում 2021-ում երեկ դասախոսության օր է եղել: Բայց դասախոսությունը ավանդականի պես չի եղել. լսարանը բաց տարածքն էր՝ ծառերի տակ, աթոռների փոխարեն՝ խոտածածկ հողը: Հրավիրված դասախոսը Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչն էր, թեման էլ՝ հայրենասիրություն, Արցախ:

«Եթե մենք չենք ցանկանում կռվել, մեր փոխարեն ոչ ոք չի գա կռվելու, իսկ եթե պատրաստ լինենք կռվի, կռիվ չի լինի»,- ասել է Հրանտ Մարգարյանը:

Բանակման առօրյան խիստ հագեցած է՝ հստակ գծված, ոչ մի շեղում չի լինում: Կարգուկանոնը բոլորի համար է. շարք են կանգնում նույնիսկ ճաշարան գնալիս, յուրաքանչյուրի ձեռքին՝ իր սպասքը: Ոմանց հենց այս խստապահությունն է գրավել, բանակավայր բերել:

«Հայրենիքն ամեն բանից վեր» խորագիրը կրող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության այս բանակումը համախմբել է մոտ 200 երիտասարդի նաեւ Արցախից ու Սփյուռքից: Այս սկզբունքով էլ ճակատների են բաժանվել: Ներքին խոսակցություններից պարզ էր՝ թեթեւ մրցակցություն կա՝ որ ճակատն է ավելի մարզված կամ ավելի կարգապահ:

Օրվա երկրորդ կեսը մարզական է. սովորում են արգելապատնեշ հաղթահարել, զենքի հետ վարվելու կանոնները, հետո փոքր զորավարժանք անում՝ թշնամին հարձակվել է, պետք է հետ շպրտել:

Երեկոյան արդեն հրավիրված դասախոսը Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էր: Զրույց-քննարկման թեման՝ ներքաղաքական իրավիճակը: Անդրադարձավ ամենաշատ հնչած հարցերին՝ ինչո՞ւ Դաշնակցությունն աջակցեց իշխանափոխությանը, ինչո՞ւ հետո սկսեց քննադատել իշխանություններին, ու ո՞րն է կուսակցության այժմյան օրակարգը:

Հարցերը Սաղաթելյանին շատ էին: Երիտասարդների ակտիվությունը նրան հիշեցրել է իր բանակումները՝ ուսանողական տարիներին:

Մանրամասնում է՝ Անահիտ Հովհաննիսյանը:

yerkirmedia.am

1