Հայրենիքին նվիրվելու ամենահեշտ ձեւն Արցախում լինելն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայրենիքին նվիրվելու ամենահեշտ ձեւն Արցախում լինելն է

Հայրենիքին նվիրվելու ամենահեշտ ձեւն Արցախում լինելն է

Երևանում ծնված, հարավային Կալիֆոռնիայում մեծացած Գևորգ Իսկաջյանն արդեն մի քանի ամիս է, ինչ հայրենիք է վերադարձել և աշխատում է Հայ դատի Արցախի գրասենյակում:

Հայ դատի Արցախի գրասենյակն իր աշխատանքներն սկսել է 44-օրյա պատերազմից հետո՝ Արցախյան հակամարտության արդարացի լուծման, Արցախում պատերազմից հետո ստեղծված հումանիտար, անվտանգային և բարոյահոգեբանական մարտահրավերներն աշխարհին ի ցույց դնելու համար:

Միշտ էլ կարևոր է փորձառու անձանց աշխատանքը գրասենյակում, ինչն էլ ԱՄՆ արեւմտեան շրջան Հայ դատի անդամ Գևորգ Իսկաջյանին բերեց Արցախ:

Գևորգ Իսկաջյանն իր միութենական կյանքում եղել է ՀՅԴ ԱՄՆ արևմտյան շրջանի Երիտասարդական միության ատենապետ, «Հայդուկ» թերթի խմբագիր, ԱՄՆ Արեւմտյան շրջանի Հայ դատի անդամ եւ ՀՅԴ ԱՄՆ Արեւմտյան շրջանի Կենտրոնական կոմիտեի անդամ։

«Ապառաժ»-ը զրուցել է Գևորգ Իսկաջյանի հետ Արցախում իր գործունեության, Արցախից ստացած իր տպավորությունների և առաջիկա անելիքների մասին:

-Գևո՛րգ, ինչո՞վ էիր զբաղվում ԱՄՆ-ում:

— Գիտակցական կյանքիս մեծամասնությունն աշխատել եմ քաղաքականության ասպարեզում՝ Ամերիկայում աշխատելով իբր քաղաքական խորհրդատու եւ քարոզարշավի կազմակերպիչ։

 —Ինչպե՞ս որոշեցիր գալ Արցախ:

— Պատերազմից հետո որոշեցի, որ իմ պարտականությունն է նվիրել ինձ Արցախին։ Հայրենիքին նվիրվելու ամենահեշտ ձևն Արցախում լինելն էր, իսկ իմ ուժերին համեմատ ամենալավ մեթոդը ՝ Հայ դատի գրասենյակում աշխատելն էր։

Արդեն որոշ ժամանակ Արցախում ես ապրում։ Ինչպիսի՞ն են քո տպավորությունները:

— Այո, արդեն որոշ ժամանակ ապրում եմ Ստեփանակերտում և սիրահարվել եմ Ստեփանակերտին եւ Արցախի ժողովրդին։ Այս վայրը հոգուս հանգստություն է բերում եւ տան զգացում պարգևում։ Ամենալավ իմաստով՝ Արցախի ոգին եւ ժողովուրդը տարբեր են։ Արցախը միշտ լայն թևերով  է ընդունում, ուստի շատ ուրախ եմ այս խոսքերն ասելու համար:

Վստահաբար քո տպավորություններով կիսվում ես նաև Սփյուռքի քո ընկերների հետ։ Ինչպե՞ս կարելի է այդ տպավորություններն օգտագործել, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները մտածեն Արցախի և Արցախին օժանդակելու մասին։

— Լավագոյն միջոցն այն է, որ Սփյուռքին ցույց տանք Արցախի գեղեցկությունը եւ ոգին… Ինձ համար այս է առաջին գիծը՝ որպես մեր ազգի գոյություն։ Կարևոր է, որ մարդիկ իմանան, որ Արցախը ոչ թե ինչ-որ կոնֆլիկտային գոտի է, այլ աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը, որտեղ բնակչությունը դեռ ապրում է, դեռ աշխատում է և առաջ է շարժվում:

Ի՞նչ կարելի է անել Արցախում, ինչպիսի՞ ծրագրեր կարող են կյանքի կոչել Արցախով մտահոգ սփյուռքահայերը և հայկական կազմակերպությունները:

-Նախ, ուզում եմ քաջալերել յուրաքանչյուր հայի՝ այցելել Արցախ, կամուրջներ կառուցել իրենց եւ այս հողի միջեւ, դեմքեր ու պատմություններ փորագրել իրենց հիշողություններում: Ես կխրախուսեի սփյուռքահայերին՝ աշխատել բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնք անհավատալի, փորձարկված, վստահելի աշխատանք են կատարում այստեղ՝ սկսած ՀՕՄ-ից մինչև Արցախ Ֆոնդ: Ես նաև  տեսում եմ Արցախը՝ որպես աճի և ներդրումների վայր: Եթե մարդիկ կարող են՝ ներդրումներ պետք է անեն երկրում զբաղվածություն և տնտեսական աճ ապահովելու նպատակով:

Արցախում ո՞ր ասպարեզներում կարող եք համագործակցել՝ որպես Հայ դատի գրասենյակ:

— Երկու նախաձեռնություններ կան, որոնք կարևորում եմ: Առաջինն այն նախաձեռնությունն է, որը սփյուռքահայ աշխույժ երիտասարդներին բերում է այստեղ, իսկ երկրորդը՝ քույր քաղաք գործընկերությունների ստեղծումը աշխարհի տարբեր երկրների հետ: Ես ուզում եմ տեսնել խելացի, երիտասարդ, քաղաքականապես կողմնորոշված երիտասարդների ներկայությունն այստեղ, ովքեր պատրաստ են  օգնել պայքարելու և ճանապարհ հարթելու միջազգային հարթակներում Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչման համար: Ես նաև ցանկանում եմ տեսնել այստեղի յուրաքանչյուր քաղաք և գյուղ զուգակցված աշխարհի քաղաքների հետ, որպեսզի ոչ միայն պատմեն աշխարհին Արցախի մասին, այլև կառուցեն շոշափելի, տեւական, բովանդակալից հարաբերություններ տարբեր քաղաքային իշխանությունների հետ:

Ինչպիսի՞ հեռանկար ունի Արցախում Հայ դատի գրասենյակը:

— Ինձ համար Հայ դատի Արցախի գրասենյակի ապագան շատ նման է այս երկրի ապագային՝ պայծառ։ Առջևում շատ մարտահրավերներ ունենք, բայց մեր ժողովուրդը  շատ դժվարությունների է դիմացել, և ես վստահ եմ, որ մենք նույնպես կդիմանանք բոլոր դժվարություններին: Երբ նայում եմ մեր գրասենյակի շուրջը, ինչպես նաև Ստեփանակերտի փողոցների անցուդարձին եմ հետևում, տեսնում եմ կենսախինդ երիտասարդների, ովքեր սիրում են այս երկիրը և պատրաստ են իրենց երկրի համար պայծառ ապագա կերտել:

Հարցազրույցը՝ Վահագն Խաչատրյանի

1