Հայրենիքի պաշտպանությունը՝ սրբազան առաքելություն
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Հայրենիքի պաշտպանությունը՝ սրբազան առաքելություն

Հայրենիքի պաշտպանությունը՝ սրբազան առաքելություն

Հայրենիքն այն օրրանն է, որտեղ յուրաքանչյուր ազգ ձևավորում է իր լինելիության և հարատևման օջախը: Հայրենիքի անկախությունը և նրա անվտանգության ապահովումն անհրաժեշտություններ են, որոնց առկայության պարագայում երաշխավորվում է ազգի բնականոն զարգացման և բարգավաճման ուղին: Պատահական չէ, որ երկրի բանակը համարվում է պետության խորհրդանիշներից մեկը, քանի որ այդ կառույցի գլխավոր պարտականությունը անվտանգության և պաշտպանվածության ապահովումն է՝ հայրենիքի պաշտպանությունը:

Արցախում Հայկական բանակի կազմավորման օրը տոնվում է որպես Հայրենյաց պաշտպանի օր: Այսպիսով, տոնին տրվում է ավելի համապարփակ և լայնամասշտաբ նշանակություն:

Արցախյան ազատագրական շարժման ընթացքում յուրաքանչյուր արցախցի ինչ-որ պահի ստանձնել է հայրենիքի պաշտպանի պարտականություն: Ինչպես 1990-ական թվականներին, այնպես էլ 2016թ. ապրիլին ապացուցվեց, որ ոչ միայն արցախցին, այլ աշխարհի որևէ կետում գտնվող յուրաքանչյուր հայ  կարող է դառնալ հայրենիքի պաշտպան՝ հայրենիքի նկատմամբ իր նվիրումի և պատասխանատվության դրսևորումով:

Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ 1990-ական թվականներին հայրենիք վերադառնալու գլխավոր առաքելություններից մեկը հայրենիքի պաշտպանությունն էր: Ոչ ոք չի կարող ժխտել Դաշնակցության դերը Արցախյան ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից՝ պաշտպանական ջոկատների և Արցախի բանակի ստեղծման ասպարեզում:

Արցախյան ազատագրական պայքարի նախնական փուլում, երբ քննարկվում էր զինված ջոկատների ձևավորման հարցը, Դաշնակցության ընդդիմախոսները, հայկական կողմի սահմանափակ հնարավորությունները հաշվի առնելով, պնդում էին, որ ուղղակի առճակատումից խուսափելու համար պետք է շեշտը դնել քաղաքական  փոխհարաբերությունների միջոցով անվտանգության ապահովման վրա: Ժամանակն ապացուցեց այդ մոտեցման ոչ իրավացիությունը: Մեկ անգամ ևս ապացուցվեց այն անժխտելի ճշմարտությունը, որ ամենալավ պաշտպանվածությունը պատերազմին նախապատրաստվելն է:

Այսօր մեր հայրենիքի ու պետության պաշտպանվածությունը չի սահմանափակվում միայն բանակի մարտունակությամբ և սպառազինությամբ: Պաշտպանվածությանը սպառնացող վտանգներն այս օրերին ավելի շատ կենտրոնացած են ազգային հոգեմտավոր արժեքների ձևախեղման և նրանց նկատմամբ ոտնձգությունների տեսքով:

Հայրենիքի պաշտպանի այս տոնին «Ազգ-բանակ» գաղափարախոսությամբ տոգորված՝ եկեք մեկ անգամ ևս ամրապնդենք յուրաքանչյուրիս ուխտը հայրենիքի և նրա պաշտպանության նկատմամբ:

«Ապառաժ»-ի խմբագրական,

22 հունվարի, 2020թ.

1