Հայրենիքի մեջ մի ամբողջ հարստություն կա, որի համար ենք մենք կռվել
Պատերազմից գրեթե մեկ տարի հետո մենք դեռ ապրում ենք պատերազմով, փորձում հասկանալ ցավալի պարտության պատճառները: Մեր պատմությունը միշտ էլ միահյուսված է եղել պատերազմներին, և այդ պատերազմների արդյունքում մենք ոչ միայն տարածքներ ենք կորցրել, այլև մեր մշակութային արժեքներն են վտանգված եղել:
Այս մտորումներն են ինձ տարել գեղանկարիչ, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան, որի ստեղծման ու հավաքածուի կարևորության, ինչպես նաև վերոհիշյալ մտորումների մասին զրուցել եմ Լուսիկ Ագուլեցու դստեր՝ Աստղիկ Սամվելյանի հետ՝ փորձելով հասկանալ ազգային մշակույթի դերը մեր գոյակերպի լինելիության հարցում:
Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանի ամբողջ հավաքածուն մի կնոջ նվիրում է ժողովրդական մշակույթի արժեքների հավաքագրման միջոցով, որի նպատակը հայկական մշակույթի պահպանումն ու սերունդներին փոխանցումն է՝ ազգ-մշակույթ, մշակույթ — ազգ համաձուլվածքով:
Աստղիկի պատմելով, մայրը՝ Լուսիկ Ագուլեցին, իր ամբողջ գիտակցական կյանքում ապրել ու արարել է հայկական մշակույթի պահպանման ու տարածման գործով՝ որպես հավատամք ունենալով հետևյալ խոսքերը․ «Իմանալով անցյալը՝ ապրում ես ներկայով՝ կերտելով ապագան»։ Իր պատմական հայրենիքի՝ Ագուլիսի կորստից ու հայաթափումից հետո նա, շրջելով հայկական տարբեր գավառներով, շուրջ 50 տարի հավաքագրել է մշակութային արժեք ունեցող իրեր՝ զենքեր ու զարդեր, շամշիկներ, ձեռագրեր, գորգեր, կարպետներ, օրորոցներ, փայտե, կավե և մետաղե կահկարասի և, իհարկե, 19-րդ դարի հայ արծաթագործ վարպետների բացառիկ մասունքներ, որոնք ապացուցում են, որ հայ ժողովուրդը միշտ արարող, պատմական մշակույթ կերտող հնագույն ազգ է:
Հավաքածուի մեջ հատուկ տեղ է գրավում ժողովրդի կենսաապահովման և ինքնադրսևորման ձևերից մեկը՝ տարազը, որով հայ կանայք պահել են ազգային գեղագիտական դարավոր ավանդույթները: Այս առումով Լուսիկ Ագուլեցին եզակի էր, քանի որ իր ողջ կյանքի ընթացքում կրել է ազգային տարազ:
-Ամեն ինչ սկսվեց հորս նվիրած արծաթե գոտուց, որ ամենաթանկ նվերն էր մորս՝ Լուսիկ Ագուլեցուն: Գոտին կապել են ամուսնության ժամանակ և ցույց են տվել տղամարդկանց հեղինակությունը: Կանանց գլխազարդերը, ճարմանդները, ապարանջաններն ընդգծել են կնոջ վեհությունն ու անհատականությունը, իսկ զարդերի հմայական ուժը կապված էր երկրային պտղաբերության, արգասաբերության հետ,- պատմում է դուստրը:
Այն հարցին, թե ինչու այդքան էլ ընդունված չէ ավանդական հագուստների, զարդերի մշակույթի հանդեպ հետաքրքրությունը մեր օրերում, Աստղիկ Սամվելյանն ասում է.
— Սկսած խորհրդային միության ժամանակներից՝ ազգային մտածողությունը փորձեցին սպանել մեր մեջ, մենք դեգրադացվեցինք, ազգային մտածողությունը կորավ: Որպես ազգ՝ չկայինք: Մենք չգիտեինք մեր տարազների, մեր մշակութային արժեքների մասին: Երբ մայրս տարազ էր հագնում, նրան չէին ընդունում, որակում էին բոշա կամ քուրդ: Մայրս չէր կարողանում դրա մասին խոսել, որովհետև կարող էր մեղադրվել ազգայինը քարոզելու մեջ: Անկախությունից ու առաջին արցախյան պատերազմում հաղթելուց հետո էլ՝ մենք նույնպես չկարողացանք վերարժևորել մեր մշակույթը: Մենք սկսեցինք արևմուտքից վերցնել ինչ- որ նորաձև տարրեր, բայց հետ չնայեցինք, մեր ազգային մշակույթը չփնտրեցինք: Մենք ազատությունը վերածեցինք օտարամոլության, իսկ անկախությունը՝ բարձիթողի վիճակի: Ժողովրդական առած կա. «Երդիկդ բաց մի պահի, հարևանիդ գող մի սարքի»: Մենք բաց ենք թողել մեր երդիկը, և թուրքերը մեզնից գողացել են: Ցավալին միայն այն չէ, որ թուրքերը կան և գողանում են մեր մշակութային արժեքները: Մենք թուրքական կլկլոցները բերել ենք լցրել մեր միջավայր. մեր հարսանիքներին հնչող երաժշտությունը՝ պլպլան հագուստներով համեմված, ու այս ամենը հակամշակույթ են:
Աստղիկը հիշում է պատերազմից հետո թանգարան այցելած վիրավոր զինվորներին:
— Ես պատմում էի նրանց թանգարանի հավաքածուի մասին և տեսնում էի, թե ինչքան անտեղյակ են նրանք մեր մշակութային ժառանգության պատմությունից: Ես նրանց ասում եմ՝ տղանե՛ր ջան, բայց հայրենիքի մեջ մի ամբողջ հարստություն կա, որի համար եք դուք կռվել, անգամ առանց հասկանալու, անգամ առանց ճանաչելու ձեր մշակույթը. դուք սին հողի համար չեք կռվել: Հիմա էլ իրենց մոտ ունայնություն է, քանի որ չգիտեին ինչի համար են կռվել. կռիվ են տվել մի բանի համար, որ չեն ճանաչել:
Շատ կարևոր է հասկանալ սեփական մշակույթը, պատմությունը, այդ պայքարը եղել է արյունով, մեր պապերի արյան կանչի զորությունն է, որ նրանց տարել է պայքարի: Միայն այս արժեքների գիտակցումն է, որ հայրենիքի համար պայքարը իմաստավորում է:
Խոսելով 44-օրյա պատերազմի ու Արցախի մասին, նա հավելեց.
— Մայրս շատ ծանր կտաներ, եթե տեսներ այս պարտությունը: Երևի միակ անգամն է, որ ցանկացել եմ մայրս չլինի ու չտեսնի այս ծանր պարտությունը: Արցախյան առաջին պատերազմից հետո նա գնաց Արցախ և Շուշիի մասին նկարների շարք ստեղծեց: Թանգարանի հավաքածուի մեջ կան նաև Արցախից բերված իրեր ու արցախյան տարազի օրինակներ, որոնք շատ թանկ էին մորս համար:
Աստղիկը լավատես է ապագայի հարցում, և երկու ճանապարհով է տեսնում՝ վերադարձը մեր մշակութային արժեքներին և մեր վերակենդանացումն ու վերագտնումը՝ որպես ազգ.
-Առաջին հերթին, պետական կենտրոնացված քաղաքականություն պետք է լինի մշակութային հարցերում: Պետությունը պետք է իր վերաբերմունքը փոխի մշակույթի հանդեպ, իր ակտիվ միջամտությամբ ուղղորդող դեր ստանձնի: Կան ազգային տոներ, որ պետք է ազգովի տոնենք, ոչ թե՝ ամենքս մեր բակում, որ դա լինի համազգային տոն: Պարտադիր չէ տարազ հագնեն բոլորը: Թող մարդիկ ազատ հագնվեն, ազատամիտ լինեն. ավանդականը՝ անպայման տարազ կրելը չէ, կարելի է համադրել ժամանակակիցն ու ավանդականը:
Եվ երկրորդ, ամեն մեկս մեր ներդումն ունենանք՝ կրելով զարդեր, պայուսակ, կամ տարազի մոտիվներով հագուստներ: Ես ավելի հեռուն եմ գնացել. ժայռապատկերների տեսքով դաջվածքներ ունեմ մարմնիս վրա, երկար եմ մտածել՝ ինչ անեմ: Փաստն այն է, որ ես դրանցով ավելի շատ եմ հետաքրքություն սերմանել մեր ժայռապատկերների նկատմամբ, քան կարդալով: Հատկապես երիտասարդների մոտ այդ հետաքրքություններն ակնհայտ են: Նաև տարազի մոտիվներով հագուստներ եմ կարում ու կրում, կամ մեր հին զարդերի դետալներով նոր զարդեր եմ պատրաստում ու կրում: Զարդերն ու զգեստները պետք է ոչ թե զուտ որպես նորաձևություն կրենք, այլ մշակույթը յուրացնելու առաքելություն տեսնենք դրա մեջ: Այս է ճանապարհը՝ մեզ ու մեր արմատները վերագտնելու ուղին:
Սիրանուշ Սարգսյան