Հայրենիքը սակարկության առարկա չէ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Հայրենիքը սակարկության առարկա չէ

Հայրենիքը սակարկության առարկա չէ

Սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության օրը, Ստեփանակերտում եւ Երեւանում հիշատակվեց ժողովրդական միջոցառումներով:

Արցախի պետականության կայացման մեջ Արցախի Հանրապետության հռչակման օրը իր առանձնահատուկ անկյունադարձային դերն է ունեցել:

31 տարի առաջ Արցախի ժողովուրդը կամք ունեցավ որոշում կայացնելու՝ անկախ պետականություն հռչակելով, որն անհրաժեշտություն էր գոյատեւման եւ մայր հայրենիքում զարգացում ապահովելու համար: Ավելի քան 30 տարիների ընթացքում Արցախի պետական համակարգը, իր բոլոր վայրիվերումներով հանդերձ, կայացած իրողություն է: Արցախի բանակը, պետական համակարգում առկա ինստիտուտները, ընտրությունների միջոցով ձեւավորվող իշխանությունները եւ հանրության վստահությունն ու իր բնօրրանում ապրելու ձգտման իրականացումն ապացույցներ են պետության կայացման եւ Արցախում բնակվող ժողովրդի իրավունքների իրացման:

Արցախի Հանրապետության օրը այլ երանգով, բայց հենց նույն իրավունքներին տեր կանգնելու անշեղ նպատակաուղղվածությամբ նշվեց նաեւ Երեւանում: Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը հուշում էր, որ ամեն պարագայում վտանգված հայրենիքին տեր կանգնողներ միշտ էլ լինելու են, եւ ապազգային իշխանությունների դեմ պայքարը շարունակվելու է:

Ընդհանուր համայնապատկերում չէր պակասում Ադրբեջանի ու Թուրքիայի նկրտումներն ու Նիկոլ Փաշինյանի իշխանությունների բանսարկություններն ու նենգությունները խաղաղության դարաշրջան կերտելու ձեւակերպումներով: Բոլորի համար արդեն ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունը զբաղեցրած պատահական անձանց նվաստացած, խեղճ ու կրակ պահվածքը միջազգային հարթակներում, իսկ հոխորտացող, ցինիկ բառապաշարն ու վարվելակերպը՝ հայ հանրության հանդեպ:

Վարվող այս քաղաքականությունը՝ վախվորած, խեղճացած արտաքին աղետաբեր քաղաքականությունը, միեւնույն ժամանակ՝ թշնամու կողմից ուղիղ սպառնացող հայտարարությունն ու ուժի ցուցադրման նկրտումները հանգեցրին նոր պատերազմական իրավիճակի: Այս անգամ՝ սեպտեմբերի 13-ին, թշնամու ոտնձգությունները տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանի գրեթե ամբողջ երկայնքով: Ունենք տարածքային կորուստներ եւ մեծ թվով զոհեր:

Սեպտեմբերի 13-ին սանձազերծված պատերազմը եւս դաս չեղավ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար: Դարձյալ իրար հաջորդող ելույթների ընթացքում Փաշինյանը հոխորտաց, զբաղվեց պոռոտախոսությամբ:

Այս անգամ չուշացավ ժողովրդի կողմից ապտակը: Հենց նույն ժողովուրդը, ովքեր Սեպտեմբերի 2-ը նշեցին՝ որպես իրավունքի իրացման օր, Ստեփանակերտում եւ Երեւանում այս անգամ փաշինյանական բռնատիրությանը վճռականորեն ոչ ասացին:

Հայրենիքը սակարկության առարկա չէ: Մեկ անգամ եւս ստորացնող ստորագրության մասին հայտարարություններն անգամ՝ ուղղակի լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնեցնելու իշխանությանն ու յուրաքանչյուր իշխանավորի:

«Ապառաժ»-ի խմբագրական

17 սեպտեմբերի, 2022թ.

1