Հայրենի գյուղի հանդեպ սերն ու կարոտը սրտում՝ հավաքվել էին աշանցիները
Գլխավոր » Լրահոս » Հայրենի գյուղի հանդեպ սերն ու կարոտը սրտում՝ հավաքվել էին աշանցիները

Հայրենի գյուղի հանդեպ սերն ու կարոտը սրտում՝ հավաքվել էին աշանցիները

Հուզմունք և ուրախություն, ափսոսանք ու տխրություն իրար էին միախառնվել։

Տեղահանությունից հետո Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած շուրջ 200 աշանցիներ՝ hայրենի Աշան գյուղի կորստից և բռնի տեղահանությունից 11 ամիս անց հավաքվել էին Գառնիում։ Եկել էին մեծ ու փոքր՝ իրար տեսնելու, կարոտն առնելու, անցյալը վերհիշելու։

Միջոցառումն իր տեսակով յուրահատուկ էր այն առումով, որ Արցախի բռնազավթումից հետո սա նմանատիպ համայնքային առաջին հավաքն է։

Հանդիպում-հավաքը նախաձեռնել են աշանցի մի խումբ երիտասարդներ։ Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ ներկաները հարգել են Աշանի և բոլոր նահատակների հիշատակը։

Ելույթի իր խոսքում երիտասարդ աշանցի Վահագն Խաչատրյանը ափսոսանք է հայտնել, որ իրար տեսնելու համար ստիպված են հայրենի գյուղից հեռու հավաքվել, սակայն ուրախությամբ նշել է, որ հենց Աշանը դարձավ այն առաջին համայնքը, որը վերամիավորվեց Մայր Հայաստանում, և հույս հայտնեց, որ այս օրինակին կհետևեն նաև մյուս համայնքները։ «Նմանատիպ հավաքները իրար չկորցնելու և համայնքը պահելու միջոց են՝ մինչև տուն վերադառնալը։ Այս հավաքը վերջինը չէ, և նախաձեռնող խմբի կողմից ապագայում համայնքի աշխուժացմանն ուղղված այլ ծրագրեր ևս կկազմակերպվեն»,-նշել է նա։

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ Աշանի բարեկամ Ծիա Վարդապետյանի և իր ամուսնու կողմից Աշանի «Անիթա Հովսեփյան» միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիներին, իսկ «Հայկական կամուրջ» նախաձեռնության և ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի երիտասարդական միության կողմից 2-12-րդ դասարանցիներին դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ բաժանեցին։

Հավաքի ընթացքում աշանցի երիտասարդ գրող Հերմինե Ավագյանը նշեց, որ այսօր ուրախ օր է, չնայած բոլորս կորուստներ ունենք՝ կորցրել ենք մեր ծննդավայրը, մեր մանկությունը, մեր երազանքները։ «Եթե այսօր բոլորս կարողացել ենք նորից հավաքվել, իրար տեսնել, դա այս դժվար ու անորոշ օրերում կարևոր քայլ ու հույսի շող է, որ այս հանդիպումները շարունակական են լինելու, որպեսզի իրար չկորցնենք։ Սա հույս է: Չգիտեմ ինչպես, բայց ես հավատում եմ, որ կկատարվի մեզ բոլորիս միավորող երազանքը՝ վերադարձի երազանքը»,-նշել է նա։

Միջոցառումն անցել է ջերմ մթնոլորտում: Թե՛ երեխաները, թե՛ ավագները արտասանել են բանաստեղծություններ, երգել երգեր, հիշել գյուղի հայտնի ասույթները, կատակները, գյուղի հայտնի մարդկանց, հետաքրքիր պատմություններ։ Ընթացքում կազմակերպվել է նաև կատակ-խաղ, որի ընթացքում հին ու նոր Աշանի բնակիչների հետ կապված հետաքրքիր պատմություններ են հիշել, իսկ ներկաները փորձել են գուշակել, թե ում մասին է խոսքը։

Նախաձեռնող խումբը իր շնորհակալությունն է հայտնել հավաքի կայացմանն աջակցած՝ Աշան համայնքի բարեկամ մի շարք նվիրատուների։ Օրն ավարտվել է կրկին հավաքվելու մտադրությամբ։

Վահագն Խաչատրյան

1