Հայոց ցեղասպանություն. ժամանակն է, որ Իսրայելն իրերը կոչի իրենց անուններով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայոց ցեղասպանություն. ժամանակն է, որ Իսրայելն իրերը կոչի իրենց անուններով

Հայոց ցեղասպանություն. ժամանակն է, որ Իսրայելն իրերը կոչի իրենց անուններով

Ավելի քան երկու միլիոն հայ է ապրել Օսմանյան կայսրությունում 1914 թ.՝ Առաջին աշխարհամարտի նախօրեին։ 1922 թ. դրությամբ այնտեղ մնացել էր ոչ ավելի, քան 400 հազարը։ Մնացածը՝ մոտ 1.5 միլիոնը, սպանվել էր։ Բազմաթիվ պատմաբաններ այս զանգվածային ոչնչացումն անվանում են ցեղասպանություն։ Ավելի քան 30 պետություն համաձայն է դրա հետ։ Որոշ հայտնի պետություններ չեն ճանաչում, դրանց թվում են Բրիտանիան, Ավստրալիան և Իսրայելը։ Այս մասին The Jerusalem Post հեղինակավոր իսրայելական պարբերականում գրում է բրիտանացի գրող-հրապարակախոս,  Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Նևիլ Թելերը։

«Հայոց ցեղասպանություն. ժամանակն է, որ Իսրայելն իրերը կոչի իրենց անուններով» վերնագրով հոդվածում նա նշում է, որ տարիներ առաջ Մեծ Բրիտանիայի կառավարությանը խորհրդարանում հարցրել էին՝ արդյո՞ք երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, որին ի պատասխան այդ ժամանակվա ԱԳՆ ղեկավարը պատասխանել էր, որ «կառավարությունը ճանաչում է  պատմության այդ սարսափելի դրվագների զգացմունքային ուժը և ճանաչում է 1915-16 թթ. մասսայական կոտորածները որպես ողբերգություն։ «Սակայն ո՛չ այդ կառավարությունը, ո՛չ էլ նախորդները չեն համարել, որ առկա են բավարար ապացույցներ, որոնք կփաստեն, որ այդ իրադարձությունները պետք է որակել որպես ցեղասպանություն, ինչպես նշված է ՄԱԿ–ի՝ ցեղասպանության վերաբերյալ 1948 թ. կոնվենցիայում»,– գրում է հոդվածագիրը։

Ըստ Թելերի՝ դա բրիտանական կառավարության դիրքորոշումն է, ինչպեսև՝ նախկինում ԱՄՆ–ի դիրքորոշումը, սակայն ապրիլի 24-ին Ջո Բայդենն այդ իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն։ Այնուհետև հոդվածագիրը ներկայացնում է Բայդենի հայտարարություններից հետո Թուրքիայում սկիզբ առած հակազդեցությունները և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջը՝ «հետ կանգնել այդ քայլից»։

«Թուրքիայի կառավարությունը ճանաչում է վայրագությունների փաստը, բայց պնդում է, որ հայ ժողովրդի համակարգված բնաջնջում տեղի չի ունեցել, այդ իսկ պատճառով դա չի կարելի որակել որպես ցեղասպանություն…

Բայց Ցեղասպանությունների հետաքննման միջազգային ասոցիացիան հստակ դիրքորոշում ունի այդ հարցում։ 2005 թ. Էրդողանին ուղղած նամակում ասվում էր, որ գիտանականների ճնշող մեծամասնությունը եկել է համոզման, որ հայերի կոտորածները եղել են ցեղասպանություն։

Իսրայելը դեռ չի միացել այդ կոնսենսուսին։ Իսրայելի ռեակցիան Բայդենի հայտարարությանը եղել է այն, որ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքներն ու ողբերգությունը», բայց չի ընդունել որպես ցեղասպանություն։

Սակայն Յաիր Լապիդը՝ ձախակենտրոն «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդը և, հավանաբար, հաջորդը, որին Իսրայելի նախագահը կհանձնարարի կազմել կառավարություն, համաձայն չէ այս տեսակետի հետ։ «Ես կշարունակեմ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Դա մեր բարոյական պարտականությունն է՝ որպես հրեական պետություն»,– հայտարարել է նա։

Դա անելու՝ Իսրայելի անկարողությունը, հավանաբար, գալիս է այն ժամանակվանից, երբ 2001 թ. թուրքական թերթը մեջբերել էր Իրայելի՝ այն ժամանակվա ԱԳՆ ղեկավար Շիմոն Պերեսի խոսքերը. «Մենք ժխտում ենք Հոլոքոստի ու հայերի մեղադրանքների միջև նմանություն գտնելու բոլոր փորձերը։ Հոլոքոստի նման բան տեղի չի ունեցել։ Այն, ինչ հայերն ապրել են, ողբերգություն է, այլ ոչ թե ցեղասպանություն»։

Պերեսը, հավանաբար, փորձել էր հաստատել Հոլոքոստի եզակիությունը, սակայն չկան ապացույցներ, որ փորձ է արվում նմանեցնել այդ երկու դեպքերը։ Սակայն ցեղասպանությունը ՄԱԿ-ի բանաձևի երկրորդ հոդվածով սահմանվում է որպես «արարք, որի նպատակն ամբողջությամբ կամ մասնակի ազգի, կրոնական, ազգային, ռասայական կամ էթնիկական խմբի մտադրված ոչնչացումն է»»,– գրում է հոդվածագիրը։

Այնուհետև Թելերը մանրամասնում է Հայոց ցեղասպանության շարժառիթները՝ որպես օրինակ բերելով նաև 1915 թ., Էնվեր փաշայի գլխավորությամբ, Օսմանյան բանակի խայտառակ պարտությունը Սարիղամիշում (որը համարվում է կայսրության ամենամեծ պարտություններից մեկը), որից հետո Էնվերը պարտության մեղքը բարդեց հայերի վրա, և հայ տղամարդկանց զինաթափեցին ու սպանեցին, իսկ դրանից հետո սկսվեց հայկական բնակավայրերի բնակչության կոտորածն ու աքսորը։

«Պատերազմի ավարտին Օսմանյան կայսրության հայ բնակչության 90 տոկոսն արդեն անհայտացել էր, իսկ հետքերը վերացվել էին. նրանց ունեցվածքը բաժանվել էր մուսուլմաններին, իսկ ողջ մնացած հայ կանայք և երեխաները հարկադրաբար ընդունել էին իսլամ։

ՄԲ–ում և Ավստրալիայում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով։ 2020 թվականին ՄԲ–ի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով ստորագրահավաք։ Փաստացի, Ցեղասպանությունը ճանաչել են Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան։

Ավստրալիայում նույնպես տեղի են ունեցել Ցեղասպանության ոգեկոչման արարողություններ՝ Սիդնեյում, Մելբուռնում։

Իսրայելում, բացառությամբ որոշ անկեղծ խոսակցությունների ԶԼՄ–ներում և Լապիդի հայտարարության, քիչ ապացույցներ կան, որ ժողովուրդը ճնշում է գործադրում կառավարության վրա՝ ճանաչելու համար հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործության իրական բնույթը։ Բայց ցեղասպանությունը ցեղասպանություն է։ Իսրայելը նույնպես պետք է ասի, թե ինչ է դա»,– եզրափակել է Նևիլ Թելերը։

yerkir.am

1