Հայկական մշակույթի հանրահռչակումը՝ քննարկման առարկա
Գլխավոր » Լրահոս » Հայկական մշակույթի հանրահռչակումը՝ քննարկման առարկա

Հայկական մշակույթի հանրահռչակումը՝ քննարկման առարկա

Այս օրերին Արցախում են ՀՀ թանգարանային ոլորտի մի շարք ներկայացուցիչներ՝ իրենց գործընկերների հետ քննարկելու և լուծում տալու որոշ խնդիրների:   Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ նպատակ ունեն ցուցադրական աշխատանքների միջոցով հանրահռչակել հայկական մշակույթը և դրա ազգային ինքնության կարևոր ցուցիչի՝ տարազի, գորգի հայկակականության վերադարձն ապահովել:

«Մեզ համար շատ կարևոր խնդիր է հայոց ազգային տարազի և գորգի թանգարանագիտական-ազգաբանական ուսումնասիրությունը և մենք մեր այցերի շրջանակում ներառել ենք նաև Արցախի Հանրապետությունը, որովհետև այն հայտնի է որպես կարևոր գորգագործական կենտրոն: Բացի դրանից, Արցախի տարազը շատ յուրահատուկ է և պահպանվել է մինչև 20-րդ դարի վերջերը: Նախնական ծրագրով նախատեսել էինք համատեղ ցուցադրություն կազմակերպել, բայց իրավիճակից ելնելով այն թողել ենք ավելի լավ օրերի»,- նշել է ազգագրագետը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պ.գ.թ., դոցենտ Մելանյա Բալայանն իր խոսքում նշել է, որ 2020թ. պատերազմը մեծ չարիք էր նաև Արցախի թանգարանային համակարգի համար: «Մենք զրկվեցինք բազմաթիվ արժեքներից և կենսագրական նշանակության տեղեկատվությունից: Մեր թանգարանային համակարգն այսուհետ պիտի այնքան կազմակերպված, համախմբված լինի, որ կարողանա ցանկացած իրավիճակում պահել, պահպանել մեր արժեքները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ դատապարտված ենք հաղթահարել առկա բոլոր մարտահրավերները, ամենածանր ժամանակներում անգամ պարտավոր ենք չհուսալքվել, լինել ուժեղ և առաջ գնալ:

Հավելենք, որ երկօրյա դասընթացին մասնակցում են ԱՀ թանգարանների աշխատակիցները:

1