Հայկական կողմի անմիջական օրակարգը՝ վերջ տալ Ադրբեջանի անպատժելիությանը

Radar Armenia-ի զրուցակիցը «Ազդակ» թերթի խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
– ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն տարածաշրջանում է։ Ի՞նչ է նշանակում այս այցելությունը այս փուլում։
– Կա որոշակի շտապողականություն ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության բանակցությունները ակտիվացնելու և գուցե խաղաղության պայմանագիր ստորագրել տալու ուղղությամբ։ Սրա դիմաց Մոսկվան հայտարարում է, որ կողմերը պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր ստորագրելու։ Պարադոկսալ իրավիճակ է․ Աշխարհաքաղաքական հակամարտություն է գնում խաղաղության հանգելու կարգախոսով։ Իհարկե, խաղաղությունը նպատակը չէ գլխավոր խաղացողների համար, այլ միջոց՝ տարածաշրջանում ազդեցության գոտու ձևաւորման համար։
– ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, նշել է, որ խաղաղության պայմանագիրը հասանելի դարձնելու համար երկու կողմերը պիտի գնան դժվարին փոխզիջումների։ Ամերիկյան կողմը Ադրբեջանից ի՞նչ դժվարին փոխզիջումներ է ակնկալում։
– Կարճաժամկետ կտրվածքով տեսանելի է ադրբեջանական «զիջում»֊ը։ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին կատարված պաշտոնական լրահոսում ակնարկ կար այլընտրանքային ուղու մասին և այնտեղ խոսվում էր համարձակ փոխզիջումներից։ Դա այնպես է հասկացվում, որ Բաքուն կզիջի բացել Բերձորի միջանցքը, որի դիմաց հայկական կողմը կընդունի մարդասիրական օժանդակություն ընկալել Աղդամի ճանապարհով, ինչը զուտ ադրբեջանական օրակարգ է։ Դա համարկումի օրակարգն է, որը ԱՄՆ պատկերացումով պիտի ընթանա միջազգային նոր գործիքակազմի երաշխավորությամբ։ Բայց կարծում եմ, որ Աղդամի անուղղակի ակնարկը Բլինքենի կողմից ավելի հեռուներն է գնում։ Դա ըստ էության եռակողմ պայմանավորվածության չեղարկմանը միտված քայլ է։
– Հայաստանի կողմից հումանիտար բեռների դեպի Արցախ ուղարկելուն հաջորդեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող քաղաքացու առևանգումը Ադրբեջանի կողմից։ Այս երկու գործողությունների միջև կապ տեսնու՞մ եք։
– Մարդասիրական բեռների դեպի Արցախ ուղարկումը Բաքուն որակեց սադրանք։ Եվ իր մոտեցումով սադրանքով է պատասխանում՝ առևանգելով Կարմիր խաչի միջոցով տեղափոխվող Արցախի քաղաքացին։ Սա վկայում է այն իրականության մասին, որ Բաքուն ցանկացած պահի կարող է անցակետից առևանգել որևէ տեղափոխվողի։ Նոյեմբերյան պայմանավորվածությունում ազատ տեղաշարժի մասին կետ կա, ինչը կոշտ կերպով խախտում է Բաքուն՝ սկսելու համար անցակետ տեղադրելով։
– Ադրբեջանական կողմը ակնկալում է, որ Հայաստանը աջակցի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի շահագործումը, եթե ցանկանում է խաղաղություն։ Ինչպես նաև պահանջում է գերծով ապացուցել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։
– Կարծում եմ՝ երկու հիմնարար ուղղություն ներկա պահին պիտի անի հայկական կողմը։ Նախ ռուսական կողմից անվերջ պահանջի հարգել եռակողմ պայմանավորվածությունը՝ ընդգծելով, որ չի կարելի անցնել այլ համաձայնությունների, երբ Բաքուն չի հարգում արդեն իսկ համաձայնածը։ Եռակողմի շրջանակները պահպանելը բխում է նաև Մոսկվայի շահերից և այստեղ՝ ռուսական և հայկական շահերի համատեղման տեսանելի կետ կա։ Երկրորդ ուղղությունն այն է, որ միջազգային հանրությունից պիտի պահանջի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի միջանկյան որոշումների անհապաղ իրականացումը։ Պատժամիջոցների որդեգրումը միջազգային ընտանիքի կողմից պիտի լինի հայկական կողմի ռազմավարական նպատակը։ Այս առումով քաղաքական պահի հասունացման դեպքում Բաքուն կարող է հայտնվել մեկուսացման մեջ․ դեռ այդ պահը չի երևում՝ այդուհանդերձ կա միջազգային կոնսենսուս դեռ դեկլարատիվ հարթության վրա՝ Բաքվի պաշարումը վերացնելու պահանջով։
– ՌԴ ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև հապճեպ ու կոպտորեն նախապատրաստված խաղաղության պայմանագիրը նոր կոնֆլիկտների հիմք կարող է դառնալ: Ռուսաստանը խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելով ի՞նչ նպատակ է հետապնդում։
– Ռուսաստանի նպատակը արգելակել է ԱՄՆ, ԵՄ կամ միջազգային որևէ ձեւաչափով հակամարտության հանգուցալուծման գործընթացի ներգրավումը։ Մոսկվայի հայտարարությունների բովանդակության մեխն այն է, որ գետնի վրա Մոսկվան է, որը պատերազմը կանգնացրել է, ինքն է հրադադարի պայմանավորվածություն ապահովել և ինքն է, որ պիտի շարունակի ղեկավարել խաղաղության համաձայնության բանակցությունները։ Սա իհարկե հեշտ ու հեզասահ չի լինելու․ հավաքական Արևմուտքն արդեն ներկայություն ունի տարածաշրջանում՝ ամենատարբեր տեսքով և հստակ ուղերձներ է փոխանցում։ Տարածաշրջանում գործընթացները չեն ընթանալու զուտ Ռուսաստանի ճշտած խաղի կանոններով։
Հայկ Մագոյան