Հայից սփյուռքահայ (Գևորգ Պետիկյանի «Սփիւռքը…» հատորի առիթով)
Գլխավոր » Լրահոս » Հայից սփյուռքահայ (Գևորգ Պետիկյանի «Սփիւռքը…» հատորի առիթով)

Հայից սփյուռքահայ (Գևորգ Պետիկյանի «Սփիւռքը…» հատորի առիթով)

ԱՄՆ ներգաղթած հայ ծերունին զարմանքով,
թե ուրախությամբ պատմում էր, որ գաղթաշխարհում
իրենց գյավուր էին անվանում, Խորհրդային Հայաստանում՝
աղբար, այս երկրում՝ հայաստանցի…

2022 թվականը հռչակված է Սփյուռքի տարի…

Փորձեմ Գևորգ Պետիկյանի «Սփիւռքը…» հատորի օգնությամբ գտնել «Ի՞նչ գիտեմ Սփյուռքի մասին» հարցի իմ պատասխանը։

Գիրքը սփյուռքահայության երեք սերնդի կենսագրությունն է՝ փոթորկուն ու խաղաղ էջերով, իրագործված ու անիրագործելի երազանքներով, հայր (պապ) – որդի (հայր) – թոռ (որդի) հոգեբանական բազմաբարդ անցումներով և այլն։ Եվ այս ամենը՝ հումորով, ցավի գալարումները շատ վատ սքողող ծիծաղով, ապագայի հույսերից ծնված լավատեսությամբ սնվող ժպիտով։
«Արդեօ՞ք բազմութիւն մըն ենք, որ չենք գիտեր ի՞նչ կը փնտռենք» ,- հարցնո՞ւմ, թե՞ արձանագրում է Գևորգ Պետիկյանը։

Ահա պատասխանի տարբերակներից մեկը. «Որովհետեւ կը կարծեմ, որ շատ-շատեր, երբ Սփիւռք բառը լսեն, անպայման «տոլարը» իրենց աչքին առջեւ կը պարզուի» (էջ 25)։

Գրքի հերոսը հայրենիք-Սփյուռք խաչմերուկում կանգնած հայն է, որը փորձում է կենդանի պահել անցյալի հիշատակները, կարոտի ձայնը լռեցնելու համար անցնում է Լոս Անջելես-Երևան ճանապարհը, տեսնում ու փորձում է հասկանալ հայրենիքի առօրյա կյանքը, երբեմն զայրանում ու զարմանում է՝ միշտ հաջորդ անգամ ավելի բարգավաճ երկիր տեսնելու ինքնարդարացմամբ քողարկվելով։

Այս բոլոր ապրումները, ուրախություններն ու սիրտը խոցող դժվարություններից ծնված ցավն ունեն օվկիանոսի երկու ափերին գտնվող, իրարից շա՜տ տարբեր երկու հանգրվան՝ Հայաստան երկրի՝ օրեցօր փոքրացող մի բուռ տարածք ու Խաղաղականի երկայնքով տիրականորեն փռված Լոս Անջելես։ Այս տարածքները բաժանված են ոչ միայն օվկիանոսով, այլև աշխարհում ապրող միլիոնավոր հայերին բաժանող հոգեբանական ու մշակութային տարբերություններով, որոնք ամեն օր վերածվում են ահագնացող սպառնալիքի։

Հայ անհատն աշխարհագրական այս տարածքներում ապրում է հոգեբանական վայրիվերումներ. մի տեղ նա իբր թե երկրի տեր է, մյուսում՝ քաղաքացի՝ դրանից բխող բոլոր առավելություններով ու հետևանքներով։ Եվ ոչ մի տեղ հանգիստ չի գտնում։

Գրքի թեմատիկան ընդգրկուն է՝ հայաստանաբնակ հայության առայժմ անհասկանալի, փոթորկուն ու կործանման վտանգներով հղի բեկումնային ներկա, ամերիկահայության հին ու նոր սերունդների հակասական, իրարամերժ կեցության ձևեր, վերջին ճիգով հայ մնալու, հայ ապրելու նվիրական երազանք-փափագ։ Սրան հավելենք օտար ափերում հայ գրականությանը ծառայելու ամենօրյա ջանքը՝ հակառակ ընթերցող չունենալու ցավին։

«Սփիւռք՝ շատերու ծանօթն ու անծանօթը», «Շնորհակալութիւն ամերիկահայերուն», «Մենք՝ ամերիկահայերս», «Թոռնուհիիս Ամերիկան եւ իմս» վերնագրերի համադրությունն ինքնին խոսուն է. հայաստանաբնակներից ո՞վ չունի իր պատկերացումն այն երկրի մասին, որից ծնվել է «ամերիկահայ» մակդիրը։ Ահա գրողի վկայությունը. «Ապա, երբ այս Ամերիկա կոչուած երկիրը հաստատուեցանք, չեմ գիտեր՝ ո՞վ եւ ինչպէ՞ս մեր ճակտին դրոշմեցաւ «ամերիկահայ» մակդիրը։ Այդ նախկին մեր ունեցած եւ կամ որակուած «ցի»երը մոռցանք։ Նոյնիսկ կը յիշեմ, սկզբնական տարիներուն, մեզմէ տարիներ առաջ «հաստատուած» հայերը իրենք զիրենք մեզի կը ներկայացնէին իբրեւ տեղացի ամերիկացի» (էջ 106)։

Չգիտեմ՝ հայության համար ցա՞վ, հպարտությո՞ւն, թե՞ ինքնահաստատման միջոց է պատմությունը։ Այնինչ «Ի՜նչ պատմութիւն եւ ի՜նչ Ամերիկա։ Մեծամոլութեան ախտէն վարակուած երկիր։ Կեղծ մարդասիրութիւն եւ ողորմութիւն… Ձեւապաշտ իրավիճակ…

Հոս է, որ ժողովուրդ մը կ’ապրի առանց աւանդութեան եւ սակայն աշխարհին տուած է ապրելու նոր կերպ։ Երկրին մէջ հազարաւոր անտունիներ, աղքատներ եւ անօթիներ կան, փողոցներու մայթերուն վրայ կը գիշերեն, իսկ երկիրը իր միլիոնները կը ծախսէ ուրիշ երկիրներու բոպիկ եւ անօթի մարդիկը հիւրասիրելու համար» (էջ 138-139)։

Ի՞նչ է պահանջվում այսօր հայության տարբեր շերտերից. «Սփիւռք եւ Հայրենիք դառնանք մէկ ամբողջութիւն։ Գործնականօրէն» (էջ 29)։

Դառնանք։ Ինչպե՞ս, երբ մեզ հիմա շատ քիչ բան է միավորում։

Որտե՞ղ վրիպեցինք, որտե՞ղ չկարողացանք տարբերակել գլխավորը, ամենակարևորը…

Չգիտեմ։

Պետիկյանի պատասխանը սա է. «Գիտենք, որ իւրաքանչիւրս մեր ապրած սփիւռքներուն մէջ տեսակ մը նոր ինքնութիւն ընկալած ենք կամաց-կամաց եւ նուազած մեր հայկական ինքնութենէն» (էջ 46)։

Շնորհակալություն «սփիւռքներուն» բառի համար, քանի որ այդ բառից ծնվեց կասկածս՝ հայաստանաբնակներից ում համար էր երկիրը դարձել «սփիւռքներ»-ից մեկը, որը կարելի է լքել, հեռվից սիրել ու կենաց խմել։

Ուշադիր կարդացեք. «Այսօր Հայաստանը պարտաւոր է սփիւռքահայուն համար ստեղծել ենթահողը, որպէսզի ան կարենայ առաւել ներդրում կատարել Հայաստանի մէջ։ Ուստի, ժամանակն է բանալու ենթագիտակցութեան կորսուած ծալքերը՝ տեսնելու համար այս պարզ իրականութիւնը։

Պէտք է գտնել իրականութիւնը» (էջ 28)։

Ո՞ր իրականությունը. ա՞յն իրականությունը, որտեղ իբր թե ապագա կա, այն մյո՞ւսը, որում գոյատևում են պապ, հայր, որդի, տուն-տեղ կորցրած ընտանիքները, թե՞ այն իրականությունը, որ Աստծո ամեն բացվող օրվա հետ մեզ ներկայացնում են մեր արյունարբու հարևան ցեղերն ու աշխարհի մեծերը, որոնք վաղուց վարժվել են ստելուն, զոհին ու դահճին «շփոթելուն»… Սրանցից ո՞ր իրականությունն է հայինը՝ հայաստանաբնակ կամ սփյուռքաբնակ…

Գրքում ներկայացվածներից հիշեցնեմ երկու իրականություն՝ պապիկի ու ամերիկածին թոռնուհու հարաբերություններից մի պատկեր. «Հայերէնով վիճած էինք։ Այս մէկն ալ «բան» մըն էր» (էջ 105), և պապիկի եզրակացությունը. «Ան անմեղ զոհն էր երկրին եւ դարուն։ Իր նմանները բոլորն ալ մէկական զոհերն էին ներկայ պայմաններուն։
Դաժան իրականութիւն էր այս մէկը։

Ուրեմն ինք գիտէր, թէ ի՛նչ էր մայիսի այս օրը։ Պարզապէս իրեն համար «հայկական դրօշակ»ի օրն էր, սակայն մոռցած էր զայն յիշել» (էջ 142)։

Փաստորեն, ամենաիրականը սա է՝ «Մեր կեանքը՝ զումայինը», ինչպես վերնագրված է գրքի պատմվածքներից մեկը (էջ 160-162)։

Գրքում իրականության երկու երանգ էլ է ներկայացված՝ «Հայու նոր տեսակ՝ ֆէյսպուքահայ» պատմվածքով (էջ 122-126) և ամերիկյան միջավայրի այս դիպուկ պատկերով. «Գլուխս գլխարկ եւ դէմքս ալ դիմակ։ Տիրական եղանակով եւ ձայնով նախ բարեւեցի» (էջ 139)։

Ընտրությունն ընթերցողինն է։

Մարդը փորձում է իր գոյությունը՝ երկարատև կամ կարճատև, տեղավորել ժամանակի անցողիկության և ակնթարթի հավերժության միջև՝ շատ լավ հասկանալով, որ դրանց անքակտելի կապի արդյունքն ազգերի գոյությունը, մշակութային հրաշագործություններն են ու վաղվա օրվա անմեռ Հույսը։ Հույսն աստվածային է, Հույսն ԱՍՏՎԱԾ է, մեզ անհասանելի իմացության սահմաններից դուրս է, ու վա՜յ նրան կամ նրանց (այլ բառով՝ ժողովուրդներին), ով կամ որոնք կփորձեն գոյատևել առանց այս Հույսի կամ կբովանդակազրկեն ու կփոխարինեն ուրիշ բանով՝ երկրայինով, հասանելիով՝ առանց հասկանալու, որ դա վերջի սկիզբն է։

Փորձեցի շրջանցել պատմության երկար ընթացքն ու հասկանալ այն անըմբռնելին, աներևակայելին, այն մեծ անմտությունը, որն այսօր իրականություն է մեր երկրում, որի մեջ ապրում ենք ազգովին, ո՛ւր էլ լինենք, ինչո՛վ էլ զբաղվենք, ապագայի ի՛նչ ծրագրեր էլ ունենանք…

Բոլորիս վարակել է համազգային (թե՞ համամարդկային) մի վարակ՝ ախտ, համաճարակ. մեր ծրագրերը ոչ մի կապ չունեն ՀԱՅ ՀՈՂԻ, Հայաստան երկրի այս մի պատառիկի լինել-չլինելու հեռանկարի հետ, ամեն մեկիս հոգսը մենք ենք՝ առանձին-առանձին, անջատ-անջատ։ Համատարած անթասիբության (օտար բառը հատուկ եմ ընտրել) ու ստամոքսապաշտության այս թունավոր մթնոլորտում հանդուրժում ենք սուտը մեր կյանքի բոլո՛ր ոլորտներում ու բոլո՛ր մակարդակներում…

Սա է իրական իրականությունը…
***
Անցյալ դարի 70-ական թվականներն էին։ Մոտավոր պատկերացում ունեի Սփյուռքի ու այնտեղ ապրող հայության մասին («սփյուռքահայ» հորջորջումը չեմ սիրում. բախտս բերել է, որ Համաստեղն ու Արամ Հայկազը Սփյուռքի հայ գրողներ են, ոչ թե սփյուռքահայ գրողներ)։

Հայրս երբեմն-երբեմն զայրույթախառն զարմանքով պատմում էր 1940-ականների վերջերին Արագածի լանջին փռված իրենց աղքատիկ գյուղում հայտնված հայրենադարձների երեք ընտանիքի մասին։

Գյուղը նրանց ընդունել էր գրկաբաց, տվել էր ունեցածից լավագույնը՝ իր պատկերացումով… բայց դժվարացել էին միանգամից հաղթահարել լեզվական ու կենցաղային տարբերությունները։

Տարիքն առած ու տարիքի հետ բնական իմաստնությունը բազմապատկած հայրս (սա միայն իմ կարծիքը չէ) պատմությունն ավարտում էր հռետորական երկու հարցով.

1. Երբ ամեն օր գրասենյակի դուռն էին հավաքվում ու բողոքում, չէի՞ն տեսնում գյուղացիների ծայրահեղ, ճչացող աղքատությունը, ռազմաճակատում զոհված հայրերի ու եղբայրների փոխարեն աշխատող երեխաներին ու պատանիներին, որոնք չէին դժգոհում, օրեցօր կորցնում էին առողջություն, բայց ոչ՝ արժանապատվություն։
2. Ո՞ւր հեռացան այդ ընտանիքները…

Կատարված ողբերգությունը երկրորդ երես էլ ուներ. նրանք մեր գյուղեր բերեցին դրսի աշխարհի մասին գունավոր հեքիաթը, իսկ տասնամյակներ անց այդ հեքիաթը դարձավ մաստակ, շքեղ լուսանկարներ, ժապավեններ, ուրիշի հագած հագուստ ու կոշիկ…

Միջանկյալ ասեմ՝ տասնամյակներ առաջ արտասահմանյան լուսանկարչական սարքով նկարած մեր տունը առաջին պահին չճանաչեցի՝ առաջացնելով սաներիս ծիծաղը…
Մյուս դեպքը բացառիկ հանդիպում էր մեր տանը։ Բոստոնից մի հայ երիտասարդ, որ նամակագրական կապ ուներ անգլիական թեքումով դպրոցի շրջանավարտ ազգականուհուս հետ, անցել էր կարմիր գիծը և հայտնվել մեր տանը։ Զուսպ, հավասարակշռված երիտասարդ էր, խոսում էր բառերն զգուշորեն ընտրելով։ Մենք լսում էինք, հարցեր չէինք տալիս։

Հյուրասիրության ընթացքում հյուրի լեզուն բացվեց, ու պատմեց, թե ինչպես են վռնդել իրենց թաղում հայտնված թուրք խանութպանին։

Իզուր պատմեց, որովհետև մեծերն արագ կռահեցին, թե ո՛ր կազմակերպության համակիր է, եթե ոչ անդամ։ Օրեր անց, երբ կրկին անցել էր օվկիանոսը, մի քանի տրցակ թղթերի մեջ, որ հետը չէր տարել, անգլերեն թուրքահոտ ամսագիր գտանք. շապիկին պատկերված էր երկրագունդը հայերի ճիրանների մեջ։

Մտածում եմ՝ մեզ ու մեր երկիրը խուճապահար լքող հայերից որ մեկն անցավ կարմիր գիծը ԱՄՆ մեծամեծ քաղաքների հայկական թաղերից թուրքերին վռնդելու ցանկությամբ։

Կատարվեց ճիշտ հակառակը. թուրքական ապրանքները վաղուց հեղեղել են մեր շուկան ու խանութները, և, փաստորեն, մենք ենք զինում մեզ ու մեր սերունդներին կոտորող բաշիբոզուկներին, իսկ այսօր հաստավիզ ու վախկոտությամբ հանրածանոթ թոթովախոս մի «ազգընտիր» մեծահարուստ թուրքապաշտության ոլորտում նորանոր բարձունքներ է նվաճում՝ գերազանցելով իր հոգևոր հայրերին…
Ինձ համար եվրոպաների բացառիկության հեքիաթը շատ շուտ մեռավ, որովհետև ուսանողական տարիներին մի քանի անգամ ճանապարհորդել եմ մերձբալթյան երկրներում։ Հնարավոր չէր որևէ հարցի պատասխան ստանալ. ռուսերեն իբր թե չէին հասկանում։ Անգամ «կինո» բառը…

Չեմ մոռանա վաղամեռիկ ընկերուհուս՝ Կարինե Հովհաննիսյանի հիստերիկ ծիծաղը, երբ կինոյի տոմսերը մնացին ափի մեջ, որովհետև անցնող-դարձողներից ոչ ոք մեզ չօգնեց գտնելու քիչ հեռու՝ պուրակի խորքում գտնվող շենքը։ Իլֆի ու Պետրովի նշանավոր հերոսի՝ Օստապ Բենդերի պես քնից արթնացանք ու հասկացանք՝ իրականությունը շատ հեռու է մեր պատկերացրածից…
Հիմա, երբ աշխարհում բոլորիս աչքի առաջ իշխանության են գալիս տխմարներն ու մարդատյացները (չնչին բացառությամբ), հազիվ եմ զսպում ինձ, որ «չշնորհավորեմ» բոլորիս. սա ԱՍՏԾՈ թագավորությունը չէ, ուրեմն սա է՛ն մյուսի իշխանության սկիզբն է… Մենք այստեղ էլ ենք առաջինների շարքերում, ավելի ճիշտ՝ հենց առաջինը… Ապացույց վերջին 4-5 տարվա մեր երկրի պատմության «աննախադեպ» շրջադարձերը…

Մենք՝ հայերս, հատկապես այս իրավիճակում կորցնելու շատ բան ունենք, որովհետև՝

ա) Բացառիկ հանրություն ենք, որ վճարում ենք չսովորելու համար։ Ու այս ամենահաղթ հոգեբանությունը մեր երեխաների մեջ սերմանում ենք մանկապարտեզից…
Սա հանցանք է ներկա ու ապագա սերունդների դեմ։
բ) Չենք տարբերակում մտավորականին բարձրագույն կրթության վկայական ունեցողից, մեր օրերում՝ նաև չունեցողից, իսկ պայուսակում Աստվածաշունչ ունենալն էլ համարեցինք հավատի ապացույց. բոլորը մտավորական են, ի՜նչ անենք, որ սուտ են խոսում, խոսում են չէ՞…
գ) Ասֆալտային հայրենասիրությունից հասանք մինչև հայրենիքը մաս-մաս, ամեն օր ջահել կյանքեր կորցնելով թուրքին նվիրելու փաստին. մենք ոչնչացրինք մեր ապագան։
դ) Ամենահրեշավոր մեղքը գործում ենք բացառիկ համառությամբ. փորձում ենք համատեղել հեթանոսությունն ու քրիստոնեական մաքրամաքուր հավատը, դարձել ենք պարզունակ ծիսապաշտներ, որոնց չի զարմացնում ու զայրացնում ամեն օր դպրոցի հարևանությամբ հայտնվող աղանդավորների ցուցահանդես-քարոզը։

Այդ նույն աղանդավորները երկրում հեղաշրջում արեցին, աղանդավորի հաստակաշի համառությամբ կործանում են երկիր, բանակ, անկախություն, ներկա ու ապագա սերունդներ, կոռուպցիան հասցրել են աննախադեպ մակարդակի և… Թվարկումը շարունակեք ինքներդ, իսկ ես հերթական անգամ զարմանամ-զայրանամ այն քահանայի վրա, որը քարոզում է սիրել աղանդավորներին…

Սիրո այս վայ-քարոզիչը եկեղեցում հանդիպման ժամանակ ոչ թե հորդորեց, այլ ճակատիս կրակեց, որ իզուր եմ անհանգստանում. ամեն ինչ օրենքի սահմաններում է… Դպրոցական երեխային ամենօրյա ռեժիմով աղանդավորների առկայությանը վարժեցնելն ու քարոզը լսելը օրենքի սահմաններում են։

Հիմա այնքա՜ն լավ եմ հասկանում հորս, որ ամեն օր սպասում էր իր տան դուռը թակող քահանայի…

Գյուղական մանկության ու պատանեկության հուշերից ամենատաքը գյուղից գյուղ շրջող քահանայի զրույցներն էին, որոնցից մնացել էր ՄԱՐԴՈՒ հետ հանդիպման կախարդանքը…

Պատմությունը ոչինչ չի սովորեցնում մեզ նման հին ցեղերին, պարզապես ջնջում է հիշողության էջերը (սա մեզ սպառնում է հիմա թուրքական թռչող անօդաչուների տեսքով), ու բաշիբոզուկները դառնում են պատմություն կերտողներ…

Ճիշտ չենք հասկացել «Պատմական ճշմարտությունը մեռելների լռությունն է» վճռակը և խորհրդավոր լռությունը լցրել ենք պարծենկոտությամբ, ինքնաբավ ու անմիտ մեծամտությամբ (հիշեցի՞ք ծառերից կախված եվրոպացիներին, որ զարմանքով էին նայում ներքևում խորոված ուտող հայերին…), խոսել ենք, խոսում ենք ու բամբասում, խանգարում գործ անողներին։ Ու հաջողում ենք, որովհետև վաղուց ապրում ենք հոտային չգրված օրենքներով, բնազդներով։ Այդ ճանապարհին նվիրում ու նվիրաբերում ենք ամեն ինչ՝ կորցրած արժանապատվությունից մինչև ՀՈՂ, ՀՈՂ, ՀՈՂ, որն անպայման ներկում ենք մեր ջահելների արյունով։ Դարեր շարունակ արյուն ենք թափել ու ՀՈՂԸ պաշտպանել, վերջին տարիներին… գրեթե ամեն օր զոհ ենք տալիս ՀՈՂԸ տալուն զուգահեռ… Սա ի՞նչ հանելուկ է… Փաստորեն, արդեն քանի՜ տարի իրագործում ենք թուրքի հին երազանքը, որ այդ երևակայական թանգարանում մեզ կրկին ներկայացնի «ազգընտիր»-ը, «միակ»-ը, «աննախադեպ»-ը։
Մենք, հակառակ վերը հիշատակածս վճռակի, սկսել ենք լռել… մեռնելուց առաջ։

Լռում ենք ՏԱՆԸ։

Լռում ենք Սփյուռքում։

Լռում ենք, որովհետև վաղուց կտրել-թափել ենք մեզ իրար կապող բոլոր թելերը՝ -ցի ածանցով կազմված բառաշարքով տարբերակելով միմյանց, բաժանելով ու կիսելով…
Փոխադարձ օտարացումն սկսվում է հայությանը մասնատող որակավորումից՝ ամերիկահայ, ֆրանսահայ, գյումրեցի…

Այս անտրամաբանական տրամաբանությամբ ես դառնում եմ հայաստանցի հայ… Այս խեղկատակությունից ծնվեց «ազգընտիրի» երեք ժողովուրդների ցանկությունները բավարարելու մասին նաղլը… Իրականում կատարվեց թուրքի երազանքը, իսկ հայության երկու հատվածների ցանկության մասին ոչ միայն մոռացան, այլև բարձր ամբիոններից պատմական անուններն ու տեղանունները աղավաղեցին։
Այս ամենը համառորեն հանդուրժող հոտը մենք ենք, որ գաղափար անգամ չունենք աստվածաշնչյան քաջ հովվի մասին։

Չունենք, չենք էլ ուզում ունենալ, որովհետև ստի համատարած թագավորության մեջ կուշտ ենք… իբր թե։

Սրան հավելեք ուղղագրության արհեստական խնդիրը, որ տասնամյակներ շարունակ որոճում ենք, աղավաղում պատմություն ու անցյալ. երկրում, որտեղ համատարած գրագիտությունը քիչ-քիչ փոխում ենք օտար լեզուների իբր խորացված ուսուցման՝ մայրենիի հաշվին, պետական լեզվի կարգավիճակն ենք քննարկում՝ առանց մտածելու հետևանքների մասին… Չնայած պարտավոր եմ խոստովանել՝ տասնամյակներ առաջ սկսված «բանավեճը» ծառայեց նպատակին. հայկական դպրոցում սովորեցնում ենք ամեն ինչ՝ բացի հայերենից…

«Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում» ճակատագրական հարցադրումը դարեր շարունակ ընկալել ենք որպես հռետորական, այնինչ պատասխանի որոնումը կարող է մեզ միավորել որպես հանրություն, օգնել, որ ցեղային (սա ինձ համար նույն ստամոքսայինն է) մտածողության ճահճից բարձրանանք մինչև համաժողովրդականը, որից հեռու չէ ազգայինը։
Խոսում ենք աստվածային ճշմարտությունների մասին, բայց ԱՍՏԾՈՒՆ վռնդել ենք մեր հանրային, ընտանեկան կյանքից։

Մարգարիտա Մ. Խաչատրյան
Բանասիրական գիտությունների դոկտոր

«Դրօշակ» թիվ 12, 2022թ

1