Հայերի հետքը Ադրբեջանում

Երկար ժամանակ մտորումների մեջ էի. արժե՞ նման մի հոդված գրել, մեկ անգամ ևս ցույց տալ հայերի հետքը ողջ Ադրբեջանի տարածքում, Բաքվում, այլ բնակավայրերում: Ադրբեջանի պետական այրերը՝ սկսած երկրի նախագահից, ամեն ինչ անում են պատմությունը խեղաթյուրելու, կեղծելու, հայկական հետքը իսպառ վերացնելու համար: Նրանք ամենաստոր, ամենալկտի կերպով հայտարարում են՝ Երևանը մերն է, Սյունիքը Արևմտյան Ադրբեջան է, ողջ Հայաստանը մերն է: Վաղուց անհրաժեշտ էր ամեն գնով միջազգային բարձր հարթակներում ներկայացնել ավելի շատ մանրամասներ այն մասին, ինչ արել է հայ ժողովուրդը այս երախտամոռ, մարդկային բոլոր բարոյական նորմերը կոխկրտող, ստի ու կեղծիքի մեջ ապրող ժողովրդի համար (հայերը մեզ այնքան են հարկավոր, քանի դեռ նրանցից սովորելու բան ունենք. Մուսաֆա Քեմալ Աթաթուրք): Համոզված եմ՝ այն որոշակի զսպող դեր կունենա նրանց լկտի ու ցինիկ պահվածքի դեմ: Հիշենք, քանի դեռ համառորեն պայքարում էինք Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, Եվրոմիությունն էլ մերժում էր Թուրքիայի անդամակցությունը միությանը նաև Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու համար, թուլացրինք պայքարը, խոչընդոտներ ստեղծեցինք Սփյուռքի համար, Թուրքիան ակտիվացավ հակահայկական պայքարի բոլոր օղակներում:
Սկսած անցյալ դարի 60-70-ական թվականներից, ավելի ակտիվ՝ 80-ական թվականներից, Ադրբեջանի պատմաբանները, գիտության աշխատողները հատուկ պատվերներ էին ստանում պատմությունը խեղաթյուրելու, կեղծելու համար (Բունյաթով, Ազիզբեկովա և այլն): Նրանց աշխատությունները թարգմանվում էին անգլերեն, գերմաներեն, արաբերեն և տարածվում: Ես մի դեպք եմ հիշում Ադրբեջանի հեռուստատեսությունից: Գիտությունների ազգային ակադեմիայում հանրագիտարանի հերթական հատորի շնորհանդեսն էր, մասնակցում էր նաև նախագահ Հ. Ալիևը: Նա պատահական բացեց գիրքը և հայացքն ընկավ Մ. Սարյանի նկարին: «Սարյանը ո՞վ է, ի՞նչ գործ ունի մեր հանրագիտարանում, չե՞ք ամաչում. հայերի մասին ոչինչ պետք չէ գրել»,- բղավեց ներկաների վրա, գիրքը մի կողմ շպրտեց և պահանջեց նորը գրել: Ազերի թուրքերը հավանաբար մոռացել են (համոզված եմ, որ մեր շատ երիտասարդներ, ուսանողներ, աշակերտներ նույնպես քիչ բան գիտեն. որտեղից իմանան, երբ դասագրքերում այդ մասին չի գրվում), չի գրվում, որ ներկայիս նրանց պետության այն տարածքը, որն ընկած է Կուր գետի և Կովկասյան լեռնաշղթայի միջև, պատմական Աղվանք երկրի տարածքն է, իսկ Կուր գետի և Արաքսի, ինչպես նաև Կուրի ստորին հոսանքի և Թալիշի լեռնաշխարհի միջև ընկած տարածքները պատմական Հայաստանի Արցախ, Ուտիք, Փայտակարան նահանգներն են: Հայկական կիսանկախ իշխանությունները մինչև 19-րդ դարի սկիզբը համառ պայքարով գոյատևել են Արցախ-Ղարաբաղում և Ուտիքում:
19-րդ դարի վերջին և 20-րդ սկզբներին տնտեսական կյանքը, կապված նավթարդյունաբերության հետ, որոշակի աշխուժանում է: Այն հիմնականում գտնվում էր հայ արդյունաբերողների գերիշխանության տակ: Մանթաշովի, Փիթոն եղբայրների, Տեր-Ակոպովի, Ղուկասովի և ուրիշ այլ գործարարների ջանքերով իրականացվում էր Ապշերոնյան թերակղզու նավթի արդյունահանման և վաճառքի կազմակերպման գործը: Նրանք կառուցեցին Բաքու-Բաթում առաջին նավթամուղը: Կասպից ծովում բեռափոխադրում էին կատարում հայ մեծահարուստների «Մասիս», «Արարատ», «Անի», «Սևան», «Սյունիք» և ուրիշ հայանուն նավեր:
Հայերը ներկայիս Ադրբեջանի տարածքում անուրանալի հետք են թողել նաև մշակույթի ասպարեզում: Դեռևս 5-րդ դարում՝ հայ գրերի ստեղծումից հետո, այս տարածաշրջանում բացվել են առաջին մեսրոպյան դպրոցները: Պատմական Գողթն գավառում գործել են ավելի քան 30 գրչատուն և դպրոց: Հայ մշակութային կյանքը բուռն թափով սկսել է զարգանալ հատկապես 19-20-րդ դարերում: Այսպես, 1828թ. Նուխիում գործել է 4 հայկական դպրոց: Անդրկովկասյան ուսումնարանների կանոնադրության (1829թ.) համաձայն՝ ուսումնարաններ են բացվել Բաքվում, Շամախում (1867թ.), Վարդաշենում (1876թ.), Ղուբայում (1882թ.), Զաքաթալայում(1893թ.), Նուխիում (1894թ.), Խաշմասում (1895թ.) և այլուր: 1864-1920թթ. Բաքվում գործող հայոց մարդասիրական ընկերությունը (հիմնադիր՝ բժիշկ Դավիթ Ռոստոմյան) կարևոր դեր է խաղացել Ադրբեջանի հայաբնակ գավառների հոգևոր-մշակութային կյանքում, բացել է դպրոցներ, հիմնել տպարան, գրադարան, թատրոն, բարոյապես և նյութապես օժանդակել թուրք ջարդարարներից փրկված հայ գաղթականներին: 1867թ. Պ. Պռոշյանի ջանքերով բացվել են Ագուլիսի հոգևոր և Հայկանուշյան օրիորդաց դպրոցները: Այդ ժամանակաշրջանում Շամախիի թեմի դպրոցներում սովորողների թիվը հասել էր 875-ի: 1906թ. Բաքվում հիմնվել է Հայոց մշակութային միությունը, որը մշակութային լայն գործունեություն է ծավալել ոչ միայն Բաքվում, այլ նաև հայաշատ բնակավայրերում: Միության գործունեությանն ակտիվորեն մասնակցել են Մ. Թաղիադյանը, Պ. Ղարաբաղցին, Պ. Պռոշյանը, Ղ. Աղասյանը, Ա. Բահաթրյանը, Ս. Մանդինյանը, Մ. Աբելյանը և ուրիշներ:
Ադրբեջանի Հանրապետության այժմյան տարածքում պահպանվել են մեծ թվով հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ: Հայկական ճարտարապետության արժեքավոր կառույցներ են պահպանվել (բնակելի և հասարակական շենքերի տեսքով) Գանձակ, Շաքի, Զաքաթալա, Ղուբա, Բաքու և այլ քաղաքներում:
Բաքուն միաժամանակ հռչակված էր որպես հայ մամուլի կենտրոն. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարում այդտեղ հրատարակվել է շուրջ 80 թերթ ու հանդես: Հայ գրական կյանքը Ադրբեջանում սկզբնավորվել է 19-րդ դարի 60-ական թվականներին Բաքվում: 1864թ. քաղաքում հիմնադրված Հայոց մարդասիրական ընկերությունն ունեցել է գրադարան-ընթերցարան, որի մթնոլորտում են ձևավորվել Շիրվանզադեի գրական հակումները: 1874թ. Բաքվում լույս է տեսել «Սոխակ Հայաստանի» գրական առաջին ժողովածուն, որտեղ ընդգրկվել են հայ գրողների, աշուղների, ինչպես նաև՝ արևելահայ ու արևմտահայ գրողների ստեղծագործություններ: Ադրբեջանի գրական կյանքը իրենց ստեղծագործություններով արժևորել են հայ նշանավոր գրողներ Ա. Գրաշին, Թ. Հուրյանը, Ս. Գրիգորյանը, Հ. Սահյանը, Գ. Բեսը, Մ. Դավթյանը, Ա. Դարբնին և շատ ուրիշներ: Բազմաթիվ հայ երաժիշտներ, կոմպոզիտորներ, թատրոնի դերասաններ անշեղորեն զարգացրել են երաժշտական և թատերական կյանքը Ադրբեջանի շատ բնակավայրերում՝ ունենալով սեփական երգչախմբերն ու թատերական խմբերը:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մասին առաջին հիշատակումը 5-րդ դարից է, այսինքն՝ քոչվոր ցեղերի՝ տարածքում հայտնվելուց հարյուրամյակներ առաջ: Հայերը Բաքվում բնակվել են հնագույն ժամանակներից: 500թ. Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը այստեղ կառուցել է առաջին հայկական եկեղեցին: 19-րդ դարի վերջին Բաքվի բնակչության քառորդ մասը հայեր էին, որոնք իրենց ձեռքում էին կենտրոնացրել քաղաքի տնտեսական, հասարակական, մշակութային կյանքը: Բաքվի նավթահանքերի զգալի մասը պատկանում էր հայ արդյունաբերական կապիտալին (Արարատյան, Գողթան, Մասիս ընկերություններին): Մինչև Հայրենական պատերազմը Բաքվում գործել է 76 հայկական դպրոց: Հայերը գործուն մասնակցություն են ունեցել քաղաքի կառուցապատման, շինարարական աշխատանքներին: Բաքվում գործել են հայկական եկեղեցիներ՝ Ս. Աստվածածինը (1799թ. քանդել են), Ս. Գրիգոր Լուսավորիչ տաճարը (1863-69թթ.): Տաճարին կից գործել են Մեսրոպյան (արական) և Հռիփսիմյան (իգական) ծխական եռահարկ դպրոցները: Ս. Թադևոս և Բարդուղիմեոս եկեղեցին (1910-11թթ.) ևս քանդել են:
Բաքու քաղաքի կառուցապատմանը նպաստել են ճարտարապետներ Գ. Տեր-Միքայելյանը, Վ. Սարգսյանը, Ն. Բաևը, Հ. Տեր-Հովհաննիսյանը, Ֆ. Աղալյանը: Իսկ Գ. Տեր-Միքայելյանը ծանրակշիռ ավանդ է ունեցել քաղաքի՝ 20-րդ դարի ճարտարապետության մեջ: Նրա աշխատանքներից առավել նշանակալի է հասարակական հավաքույթի ակումբը (այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիայի համերգային դահլիճ), ծննդատունը, Թիֆլիսի առևտրական բանկի Բաքվի բաժանմունքի շենքը, Ֆիզիոթերապևտիկ ինստիտուտը (Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է «Մեծ մրցանակի» և ոսկե մեդալի):
Ճարտարապետ Վ. Սարգսյանի նախագծով կառուցվել է Ադրբեջանի մինիստրությունների զբաղեցրած շենքը, գրողների միության, պիոներների տան, երկաթգծի վարչության, գիտությունների ակադեմիայի շենքը, շատ բնակելի շենքեր:
Ն. Բաևը 1911-18թթ. եղել է Բաքվի գլխավոր ինժեները: Նա կառուցել է Մայիլյան եղբայրների Մեծ թատրոնը (այժմ՝ Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոն), Հիվանդանոցային ավանը՝ 19 լազարեթ, 24 մասնաշենքով, Սեմաշկոյի անվան վիրաբուժական հիվանդանոցը, երկաթգծի կայարանը: Բոլոր այն շենք-շինությունները, որոնք կառուցվել են հայ ճարտարապետների նախագծով, հնարավոր չէ մեկ հոդվածի շրջանակներում ներկայացնել, դրանք հազարավոր բնակելի տներ են, դպրոցներ, այլ հասարակական շենքեր: Անկասկած, Բաքվի բնակիչներից շատ քչերը կարող են իմանալ այս ամենի մասին, որովհետև այդ հետքերը եռանդուն կերպով խեղաթյուրվում են:
1979թ. մարդահամարով՝ Ադրբեջանում ապրում էր շուրջ կես միլիոն հայ. դա այն դեպքում, երբ այդ ցուցանիշները մարդահամարի ժամանակ բացարձակապես կեղծվում էին: Այս մասին ինձ պատմել է համագյուղացիներից մեկը, ով 3 անգամ մասնակցել է մարդահամարին՝ որպես հաշվող: Սկսած 1959թ., այդ եղանակով Ադրբեջանի ղեկավարությունը մարդահամարից մարդահամար ազգային փոքրամասնությունների քանակը դիտավորյալ կեղծում էր նրանց իրավունքները սահմանափակելու համար, փակվում էին դպրոցները, անտեսում մամուլը և մյուս ազգային կառույցները:
1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթում կազմակերպված հայերի ջարդերից հետո Ադրբեջանի ողջ հայությունը բռնագաղթեց՝ ստվարացնելով հայկական սփյուռքի շարքերը տարբեր երկրներում:
Մեր՝ հայկական բանահյուսության մեջ այսպիսի մի ասացվածք կա. «Ծով ընկնողը փրփուրից էլ է կառչում»: Գուցե իմ այս գործը նման մի փորձ է գոնե ինչ-որ տեղ ինքնահանգստանալու համար, որ մեր երիտասարդ ընթերցողին կիրազեկի հայերի թողած վիթխարի ժառանգությունից իմ ներկայացրած «փշրանքների» մասին: Որքա՞ն է այն նպատակահարմար, դժվարանում եմ պատասխանել…
Լևոն Առաքելյան, գ. Եմիշճան