Հայերը Ղարաբաղում ապրել են շատ ավելի վաղ. Զատուլին
Գլխավոր » Լրահոս » Հայերը Ղարաբաղում ապրել են շատ ավելի վաղ. Զատուլին

Հայերը Ղարաբաղում ապրել են շատ ավելի վաղ. Զատուլին

Հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են շատ ավելի վաղ, քան հայտնվել են ադրբեջանցիները։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Ես ուշադրություն եմ դարձրել Վլադիմիր Մեդինսկու (Ռուսաստանի նախագահի օգնական-խմբ.) հայտարարություններին։ Դրանք հաջող էին, թե ոչ այնքան հաջող, դա ճաշակի հարց է։ Բայց ոչ մի արտառոց կամ օրիգինալ բան, իմ կարծիքով, այդ հայտարարություններում չի եղել։ Ադրբեջանն ինքն իրեն էքստազի է ենթարկում՝ բոլորից պահանջելով անվերապահորեն ընդունել ոչ միայն իրերի ներկա վիճակը, այլև մոռանալ, թե ինչն է դրան նախորդել։ Երկու անգամ՝ 2020 և 2023 թվականներին, Ադրբեջանը ռազմական գործողություններ է ձեռնարկել, որոնք ավարտվել են նրանով, որ Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ անցել է նրա վերահսկողության տակ։ Եվ դրա հետևանքը եղավ հայ բնակչության համատարած արտագաղթը նախկինում զբաղեցրած հողերից», — նշել է նա։

Ադրբեջանն, ըստ Զատուլինի, այժմ ամեն բան այնպես է ներկայացնում, կարծես մինչև 2020 թվականը Ղարաբաղում ոչինչ տեղի չի ունեցել:

«Մինչդեռ, գոյություն ուներ և գործում էր բանակցողների մի խումբ, Բաքուն ինքն էր ընդունում, որ անհրաժեշտ է հարցի խաղաղ լուծում գտնել։ Ի վերջո, Ադրբեջանը տապալեց այդ բանակցությունները և գերադասեց պատերազմը, թեև կողմերը մոտ էին գործը բարեկամաբար լուծելուն։

Բաքուն ցանկանում է մոռանալ Լեռնային Ղարաբաղի բնակչության տառապանքների մասին։ Ուստի, հարցի էության տեսանկյունից, Մեդինսկին իրավունք ուներ ասելու, որ այն տարբերակը, որի դեպքում ռազմական գործողությունները դադարում են, բայց վերջնական կարգավորման չի հասնում, ինչպես դա տեղի ունեցավ Ղարաբաղում 1994 թվականին, իր մեջ ռիսկեր է պարունակում և կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա նետվում է յուրաքանչյուրի վրա, ով նույնիսկ պարզապես հիշատակում է Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Բաքվում նրանք ազատ են լինել առանց հիշողության և ձևացնել, թե ոչ ոք ոչինչ չի հիշում։

Բաքվում հայտարարում էին, որ Լեռնային Ղարաբաղին ամենալայն ինքնավարությունը կտրամադրեն Ադրբեջան վերադառնալու դեպքում։ Երաշխավորեցին պարզապես ինքնուրույնության արտասովոր և աննախադեպ աստիճան։ Արդյունքում, այժմ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չունի, ինչպես չկա նաև հայ բնակչությունը։ 120 հազար մարդ է հեռացել։ Ադրբեջանը ցանկանում է՝ բոլորը արագ մոռանան, որ հայերը ժամանակին ապրել են Լեռնային Ղարաբաղում։ Բայց նրանք այնտեղ ապրել են շատ ավելի շուտ, քան հայտնվել են ադրբեջանցիները։ Չնայած հետո, իհարկե, ադրբեջանցիներն էլ էին այնտեղ ապրում՝ կազմելով բնակչության մոտ 25 տոկոսը։

Խոսակցությունը գնում էր այդ տարածքի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, որը որոշ ժամանակով հետաձգվել էր։ Պարզապես մինչև վերջերս տակտիկական նկատառումներից ելնելով Բաքուն իրեն հանգիստ էր պահում։ Այնտեղ Ուկրաինայում տեղի ունեցողը դիտարկում էին որպես Ղարաբաղի հետ սեփական պատմության անալոգ։ Ադրբեջանը, որտեղ մարդու իրավունքները առաջնային չեն, որքան ես եմ հասկանում, այդ ամենն անտեսել է՝ ելնելով Ղարաբաղում իր սեփական իրավիճակից։ Այն, որ այժմ Ադրբեջանն ակտիվացել է, պարզապես արտացոլում է այն փաստը, որ Ռուսաստանը դադարել է կարևոր լինել Բաքվի համար»,- նշել է նա:

1