Հայաստանի վրայով իրականացվել է ներքին, ոչ թե միջազգային չվերթ` Բաքու-Նախիջևան․ Վարուժան Գեղամյան
Առավոտից, ինչ հայտնի դարձավ, որ կապիտուլիանտ իշխանությունը Սյունիքի վրայով օդային միջանցք է տվել Ադրբեջանի պետական ավիաընկերությանը, ՀՀ դե ֆակտո թուրքամետների վարչակարգին ծառայող ողջ քարոզչական կայսրությունը սկսեց անփառունակ փորձեր` դավաճանական հերթական քայլը կոծկելու համար: Այս մասին գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Նախ ֆեյքերի բանակը բառացիորեն լցվեց ողջ ցանցով` հերքելով, որ ընդհանրապես նման բան եղել է: Ապա գործի անցան իշխանական «փորձագետ»-հրապարակախոսները և սկսեցին անհեթեթ պնդումներ մոգոնել («թռիչք միշտ եղել է», «որևէ արգելող փաստաթուղթ չկա» և այլ հիմարություններ): Ապա թեման լղոզելուց հետո, երբ հասարակության զգալի մասն արդեն չէր կարողանում կողմնորոշվել, գործի անցավ պետական հիմնարկը` Քաղավիացիայի կոմիտեն և հաստատեց թռիչքի փաստը` միաժամանակ նշելով, որ խնդիր չկա, ու հանկարծ Ադրբեջանը որոշել է թռչել Սյունիքով:
Նույնիսկ մի կողմ դնելով բացահայտ աշխարհաքաղաքական կոնտեքստը` բավական է արձանագրել, որ Հայաստանի վրայով իրականացվել է ներքին, ոչ թե միջազգային չվերթ` Բաքու-Նախիջևան: Սա էլ հենց օդային միջանցք է: Այսօրվա արշավը ոչ մի բանով չէր զիջում «Շուշիի համար մարտերը շարունակվում են» հայտնի կեղծիքին:
Սա լավ առիթ է նաև հիշեցնելու քաղաքական գործիչներին.
ընդդիմությունը պարտավոր է այս պարզ բաները անդուլ, անդադար ու հետևողական աշխատանքով ներկայացնել ժողովրդին, այլապես ամեն անգամ տեղեկատվական դաշտում պարտվելու է Թուրքիային և Ադրբեջանին` որտեղից էլ նրանք գործեն»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ավիափոխադրում իրականացնելու համար:
yerkir.am