Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքը պարտավորություն ունի ՀՀ ամեն մի կտորի նկատմամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքը պարտավորություն ունի ՀՀ ամեն մի կտորի նկատմամբ

Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքը պարտավորություն ունի ՀՀ ամեն մի կտորի նկատմամբ

99 տարի առաջ` հուլիսի 7-ին, Արցախի մի հատվածի վրա ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որի սահմաններից՝ միայն Հյուսիսային Արցախից, դուրս է մնացել 102 հայկական բնակավայր։ Չնայած Ադրբեջանի ջանքերով Արցախի մի զգալի հատված ինքնավար մարզի սահմաններից դուրս է մղվել, այդուհանդերձ, ամրագրվել է, որ մարզը ստեղծվում է Արցախի հայկական հատվածի վրա՝ դրանով իսկ փաստվել է, որ ԼՂԻՄ հենքի վրա ստեղծված Արցախի հանրապետության տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ աղերս չունի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պատմաբան, Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը։

«Բանակցային գործընթացում հայկական կողմը պետք է առաջ տանի այդ առանցքային կետը, այսինքն՝ երբ խոսվում է երեք կարևորագույն սկզբունքների մասին, որոնցից մեկը տարածքային ամբողջականությունն է, պետք է բացառվի այն թյուրընկալումը, թե տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանն Արցախի նկատմամբ հավակնություն ներկայացնելու որևէ հիմք ունի։ Շատ կարևոր է արձանագրել, որ ԼՂԻՄ-ը, որի հիմքի վրա ստեղծվել է Արցախի Հանրապետությունը, ինքնավար միավոր էր Խորհրդային միության կազմում՝ իր կառավարման ատրիբուտներով, և քաղաքականապես ենթարկվում էր Մոսկվային։ Ի վերջո, փաստ է մնում այն, որ ԼՂԻՄ-ը հինգ պատգամավոր է ունեցել ԽՍՀՄ Գերագույն խորհրդում»,-շեշտեց Բալայանը՝ հավելելով, որ դա այն անհերքելի ապացույցներից մեկն է, որ ԼՂԻՄ-ն ինքնուրույն միավոր էր՝ օժտված այն բոլոր իրավունքներով, ինչ Միության մյուս ինքնավար միավորները, և Արցախի հետ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման մասին խոսելն աբսուրդ է։

Պատմաբանի համոզմամբ՝ մեր դիվանագիտությունը պետք է աշխատի հենց այս ուղղությամբ, այսինքն՝ միջազգային հանրությանը, բանակցային գործընթացի մեջ ներգրավված կառույցներին հասկացնի, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի հակասում ազգերի ինքնորոշման սկզբունքին, քանի որ այն ենթադրում է հենց Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որը ձևավորվել էր Խորհրդային միության օրենքների, միջազգային նորմերի հիման վրա։

«Պետք է առաջ տարվի այն թեզը, որ առաջնային է վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը։ Զուգահեռաբար հսկայական աշխատանք պետք է տարվի դրսում, որպեսզի միջազգային հանրությանը հասկանալի լինի, որ խորհրդային տարիներին պատմական Արցախից կտոր-կտոր պոկվել և բռնակցվել է Ադրբեջանին։ 1923թ․ ԼՂԻՄ-ի կազմավորմանը զուգահեռ Ադրբեջանի ջանքերով սկսեց ձևավորվել «Կարմիր Քուրդիստան» գավառը՝ հայկական Քաշաթաղի ու Քարվաճառի բնակավայրերի վրա։ Դրանով Ադրբեջանը նպատակ ուներ Լեռնային Ղարաբաղն ու Խորհրդային Հայաստանը կտրել, բաժանել իրարից»,-նկատում է պատմաբանը։

Բալայանը շեշտում է՝ 1923 թվականի փաստաթղթի մեջ Բերձորը՝ Ավդալար անվամբ, ընդգրկված է եղել այն 212 բնակավայրերի ցանկում, որոնց հիման վրա ստեղծվել է ԼՂԻՄ-ը։ Միայն ամիսներ անց, Ադրբեջանի ջանքերով, այն պոկվել է ԼՂԻՄ-ից և բռնակցվել Ադրբեջանին՝ հայտարարվելով, այսպես կոչված, Կարմիր Քուրդիստանի կենտրոն։ 1921թ․ ռազմական քարտեզներում ևս, մեր զրուցակցի խոսքով, Հայաստանն ու ԼՂԻՄ-ն միասին են, իրարից անջատ չեն ներկայացված։

Չնայած նրան, որ արհեստականորեն ստեղծված քրդական գավառն ընդամենը 7 տարի կյանք ունեցավ, այդուհանդերձ, դրա դառը պտուղները հայկական կողմն առայսօր քաղում է։ Պատմաբանի արձանագրմամբ՝ Ադրբեջանն իր հեռուն գնացող նպատակին հասել է՝ նախ միջազգային հանրությանը կարողանալով մատուցել, թե, իբր, Քաշաթաղը, Քարվաճառը ադրբեջանական տարածքներ են, հետո էլ՝ հայ հասարակության պահանջատիրությունն է կոտրել։

«Քաղաքական գործիչները պետք է հիանալի տիրապետեն պատմական փաստերին, որպեսզի բանակցային գործընթացում կարողանան առաջ մղել մեզ համար կարևոր ու շահեկան փաստերը։ 18-րդ դարի կեսերին Մռավից մինչև Քաշաթաղ 142 հայկական գյուղ է եղել, էլ չեմ խոսում այն մասին, որ այդ հատվածի անտառներում որքան խաչքարեր, ամրոցներ, եկեղեցիներ կան, որոնք այդ տարածքների հայկականության կարևոր վկաներից են։ Ակնայի գինու գործարանի դիմաց էլ 6-րդ դարի եկեղեցու հետքեր են հայտնաբերվել։ Այսինքն՝ պատմական բազմաթիվ հիմքեր կան, որ Քաշաթաղը, Քարվաճառը, Ակնան, Ջրականը, Վարանդան և այլն, պատմական Արցախի տարածքներն են։ Պատմագիտական աղբյուրները՝ այդ թվում օտար հեղինակների, շատ են, ուղղակի լոբբիստական աշխատանքի առումով շատ ենք կաղում։ Ադրբեջանն օրվա մանուկի ենթագիտակցության մեջ մտցնում է, թե , իբր, հայերն Արցախը խլել են իրենցից և ջանք չի խնայում այդ կեղծիքը միջազգային մակարդակում ամրապնդելու համար, իսկ մենք, ցավոք, մեր իսկ հասարակության մոտ դեռ չենք ձևավորել այն գիտակցումը, որ արցախյան առաջին պատերազմի ընթացքում մենք ոչ թե գրավել ենք Քաշաթաղը, Ակնան և այլն, այլ ազատագրել ենք մեր պատմական հողերը»,-նշում է մեր զրուցակիցը։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր ունեցած ձեռքբերումները, Բալայանի խոսքով, հետագա տարիներին մենք չենք կարողացել ամրագրել, սպառողական հոգեբանությամբ և անկարողության բարդույթով ենք ապրել։

Պատմաբանը վստահ է՝ ունեցածը պահելու և կորցրածը հետ բերելու համար երկու առաջնային անելիք ունենք՝ ճանաչել սեփական Հայրենիքը՝ պատմությունը լավ ուսումնասիրելով և երկրի հանդեպ պատասխանատվություն ու պահանջատիրություն ձևավորել հասարակության յուրաքանչյուր մոտ։

«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունը՝ «Սերգո ջան, դու լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը կա», մեր պարտության բուն պատճառը դարձավ։ Ադրբեջանում ամեն ինչ արել են, որ իրենց քաղաքացիները մտածեն, թե, իբր, Ղարաբաղն իրենցն է և պատրաստվեն պատերազմով այն «հետ ստանալ», իսկ մեր իշխանությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, ասել են, թե մենք չենք կարող աշխարհի դեմ կռվել․ այդպես հասարակության մոտ անկարողության բարդույթ ձևավորվեց և մենք մեր պատմական հողերին սկսեցինք օտարի աչքով նայել։ Դա հանցագործություն էր հայ ժողովրդի դեմ»,-նկատում է պատմաբանը։

Բալայանը շեշտում է՝ Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքը պարտավորություն ունի ՀՀ ամեն մի կտորի նկատմամբ։ Միայն այդպես՝ հավասարապես պատասխանատու և սրտացավ լինելով ինչպես Երևանի, այնպես էլ Սյունիքի, Արցախի ու մյուս հատվածների հանդեպ, ըստ պատմաբանի, կկարողանանք Հայաստան-Արցախի ներկա սահմանները պաշտպանել և կորցրածը հետ բերել։

arfd.am

1