Հայաստանի կառավարությունն ունի բարոյական եւ դիվանագիտական պատասխանատվություն՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադառնալով Արցախի ժողովրդի վերադառնալու հարցին՝ նշել է, որ դրա հետապնդման հիմնական խոչընդոտը զարմանալիորեն եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կառավարությունը: «Չնայած այս հարցի պաշտպանության եւ բարձրացման հստակ հումանիտար եւ դիվանագիտական առավելություններին՝ Փաշինյանը բազմիցս ու միշտ խուսափել է այս հարցին անդրադառնալուց: Երբ իրեն հարց է տրվում, թե ինչու, նա պնդում է, որ վերադարձի պաշտպանությունը Հայաստանի շահերից չի բխում, սակայն ոչ մի հստակ հիմնավորում նա չի տալիս: Այս պնդումը անհասկանալի, կասկածելի եւ շփոթեցնող է, քանի որ բազմաթիվ հիմնավոր բացարկներ հուշում են հակառակը: Նախ, Հայաստանը պարտավոր է պաշտպանել վերադարձի իրավունքը:
Հայաստանի կառավարությունն ունի բարոյական եւ դիվանագիտական պատասխանատվություն՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները, որոնք բռնի տեղահանվել են ագրեսիայի եւ էթնիկ զտման գործողությունների արդյունքում: Եթե Հայաստանը չպաշտպանի նրանց վերադարձի իրավունքը, որեւէ այլ երկիր չի զբաղվի այս հարցով նույն հրատապությամբ եւ համոզմամբ: Երկրորդ, այս հարցը բարձրացնելը Հայաստանի համար կարող է կարեւոր բանակցային գործիք լինել: Ներկայումս Հայաստան-Ադրբեջան բանակցությունների սեղանին չկա որեւէ հարց, որը նպաստավոր է Հայաստանին՝ թողնելով Հայաստանը առանց լծակների: Վերադարձի իրավունքի պահանջով հանդես գալը Հայաստանի համար կարող է փոխել դիվանագիտական քննարկումներն իր օգտին: Բացի այդ, վերադարձի իրավունքի համընդհանուր աջակցությունը գրեթե անվիճարկելի է: Եվ որեւէ չեզոք երկիր չի կարող դեմ լինել դրան որպես սկզբունք:
Միջազգային իրավունքը եւ դիվանագիտական նորմերը նպաստում են տեղահանված ժողովուրդների հայրենիք վերադառնալու իրավունքին առհասարակ: Այս դիրքորոշումն առավել ամրապնդվում է մի շարք իրավական որոշումներով եւ միջազգային բանաձեւերով՝ կոնկրետ Ղարաբաղի նկատմամբ, ներառյալ 2023 թվականի նոյեմբերի 17-ին միջազգային դատարանի որոշումը եւ 2024 թվականի մարտի 12-ի եւ հոկտեմբերի 25-ի Եվրոպական խորհրդարանի բանաձեւերը, որոնք հաստատում են այս իրավունքը եւ հորդորում են Ադրբեջանին՝ ապահովել նրանց անվտանգ վերադարձը:
Ավելին` ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահողները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, հրապարակայնորեն աջակցել են վերադարձի իրավունքին:
Նորընտիր նախագահ Թրամփը նույնիսկ ճանաչել է հայերի էթնիկ զտումը Արցախում՝ հաստատելով նրանց վերադարձի իրավունքը: Ֆրանսիան նույնպես նմանատիպ աջակցող հայտարարություններ է արել բազմիցս: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը վերջերս զգուշացրել է Հայաստանին՝ չշտապել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ՝ առաջարկելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռ կարող է ծառայել որպես կոնֆլիկտի լուծման հիմք եւ հնարավոր վերադարձի ուղի: Շվեյցարիայի խորհրդարանականները նույնիսկ քննարկում են հարցը այսօր, որպեսզի ստեղծվի ֆորում, որտեղ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կարողանան քննարկել արցախցիների վերադարձի հարցը: Այս միջազգային արձագանքները ընդգծում են լայն համակարծություն եւ ցուցադրում են Հայաստանի ակտիվ մասնակցության կարեւորությունը: Նույնիսկ Ադրբեջանի նախագահ Ալիեւը չի առարկում վերադարձի իրավունքին՝ թեեւ իր պայմաններով: Ադրբեջանը, իհարկե, արցախցիների տեղահանումը ներկայացնում է որպես կամավոր, ինչը մոլորեցնող է եւ բարոյապես, իսկապես, դատապարտելի: Բայց միջազգային հանրության համար ակնհայտ է, որ տեղահանումը տեղի է ունեցել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով:
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր 2023 թվականի զեկույցում այս գործողությունները դատապարտել է որպես ցեղասպանություն՝ ընդգծելով ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի խախտումները: Նույնպես վերջերս Freedom House-ի 2024 թվականի զեկույցը նկարագրում է Ադրբեջանի համակարգված ջանքերը, Արցախից հայ բնակիչներին դուրս բերելու նպատակով իրենց մշակույթն ու ժառանգությունը ոչնչացնելու փորձով: Այս փաստարկների լույսի ներքո Հայաստանի կառավարության լռությունը վերադարձի իրավունքի վերաբերյալ ոչ միայն զարմացնող է, այլեւ բացահայտում է բարոյական համոզմունքի, ռազմավարական հեռատեսության եւ համարձակության իսպառ բացակայությունը: Արցախի ժողովուրդը, չնայած տեղահանությանը, այսօր իր ծանր պայմաններին, վճռական է իր որոշման մեջ՝ վերադառնալ իր հայրենիք եւ ձեւավորել իր քաղաքական ճակատագիրը: Վերադարձի իրավունքի պաշտպանությունը ոչ միայն Հայաստանի շահերից է բխում, այլեւ բարոյական պարտականություն է: Կառավարության գործողությունների բացակայությունը խարան է նրա խղճին, բացահայտ անգործություն ու թերացում իր ժողովրդի նկատմամբ եւ այսպիսի անհասկանալի եւ անբացատրելի զիջում, որի ուրվականը մեզ հավերժ հետապնդելու է»,-ասել է Վարդան Օսկանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
<Առավոտ>