Հայաստանի ղեկավարները պատերազմից առաջ անտեսել են ներդրողի՝ զրահամեքենաներ արտադրելու առաջարկը
Հայաստանի ներկայիս ղեկավարները մեղադրում են նախորդ ղեկավարներին, երբ երկրում որևէ սխալ բան է տեղի ունենում: Պատերազմում պարտվելու մեջ ևս մեղադրեցին նախորդ նախագահներին։ Նրանք ոչ մի պատասխանատվություն չեն ստանձնում իրենց սեփական թերությունների համար, չնայած որ արդեն երեք տարի իշխանության ղեկին են։ Թեև նախորդ ղեկավարներին կարելի է մեղադրել բազմաթիվ անօրինությունների համար, բայց ներկայիս ղեկավարները ունեն թերությունների իրենց բաժինը։
Ահա մի փայլուն օրինակ, թե ինչպես են ներկայիս ղեկավարները բոլորովին սխալ վարվել ազգային անվտանգության կարևորագույն նախագծի վերաբերյալ, որի համար նրանք լիովին մեղավոր են: Նման օրինակները բազմաթիվ են։
Արտակ Թովմասյան անունով հայ գործարարն ուներ համապատասխան կապեր ու փայլուն գաղափար՝ Հայաստանում արտադրել գերժամանակակից զրահամեքենաներ, իսկ դրանց մի մասը նվիրել ՀՀ կառավարությանը: Թվում էր, թե Հայաստանի պաշտոնյաները կողջունեն այդպիսի արժեքավոր առաջարկը և կանեն հնարավոր ամեն ինչ նպաստելու այս կարևոր ներդրումային հնարավորությանը, որը մեծ նշանակություն ուներ ազգային անվտանգության համար։ Սա անհավանական պատմություն է Հայաստանում ապաշնորհ և անտարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասին, որոնք չկարողացան օգտվել այս եզակի առաջարկից։
2018 թ․ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո Թովմասյանը հանդիպեց նրան և առաջարկեց միլիոնավոր դոլարներ ներդնել Հայաստանում` 30 տարվա փորձ ունեցող զրահամեքենաների հայտնի արտադրող կանադական Streit Group-ի հետ միասին, որը գործարաններ ունի աշխարհի հինգ երկրներում, այդ թվում՝ Կանադայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում, Հնդկաստանում և Պակիստանում: Վեցերորդ նման ձեռնարկությունը կլիներ Հայաստանում։ Ներդրումների ընդհանուր գումարը կարող էր հասնել 20 միլիոն դոլարի, որը կներառեր ռազմական ոլորտի հետ կապված այլ ներդրողներ: Նախագիծը նաև հարյուրավոր աշխատատեղեր կստեղծեր:
2018 թ․ վարչապետ Փաշինյանը հետաքրքրություն ցուցաբերեց նախագծի նկատմամբ և ասաց իր օգնականներին, որ հետամուտ լինեն դրան: Ցավալի է, որ Փաշինյանի չինովնիկների անգործունակության և անփութության պատճառով երեք տարի անց ոչ մի առաջընթաց չգրանցվեց այս կարևոր նախագծում՝ չնայած վարչապետի հետ Թովմասյանի ունեցած մի քանի հետագա հանդիպումներին: Այս զրահամեքենաները շատ օգտակար կլինեին անցյալ տարվա Ադրբեջանի հետ պատերազմի ընթացքում՝ փրկելով անթիվ հայ զինվորների կյանքեր: Ցավոք, հայ պաշտոնյաներն անուշադրության մատնեցին այս նախագիծը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ՝ ընթացքում և դրանից հետո:
Թովմասյանի առաջարկը բաղկացած էր առաջիկա 10 տարիների ընթացքում աստիճանաբար շուրջ 1300 զրահամեքենա արտադրելու առաջարկից և դրանցից 130-ը հայկական զինված ուժերին անվճար նվիրաբերելուց: 450 հազար դոլար կամ ավելի արժողությամբ յուրաքանչյուր մեքենայի դեպքում նվիրաբերված զինտեխնիկայի ընդհանուր արժեքը կկազմեր ավելի քան 60 մլն դոլար:
Իր հերթին Թովմասյանը խնդրեց Հայաստանի կառավարությանը տրամադրել անհրաժեշտ հողատարածք այս արտադրական ձեռնարկությունը ազատ արդյունաբերական գոտում ստեղծելու համար: Պատահաբար նա տեղեկացել էր Երևանի ծայրամասում գտնվող չօգտագործված թափուր հողամասի մասին, որը պատկանում էր ՀՀ պաշտպանության նախարարությանը: Եթե նախագիծը չիրականացվեր, ներդրողը պարտավորվում էր նվիրաբերված հողատարածքը վերադարձնել Հայաստանի կառավարությանը:
Ինձ մոտ են վերջին երեք տարիների ընթացքում Թովմասյանի ընկերության («Առաջին արդյունաբերական գոտի») կողմից հայ պաշտոնյաներին ուղարկված մեկ տասնյակից ավելի նամակները՝ խնդրելով հաստատել նրա առաջարկած նախագիծը: Այնուամենայնիվ, չնայած պատասխանի համար բազմիցս խնդրանքներին՝ ՀՀ կառավարությունը չի պատասխանել Թովմասյանին:
ՀՀ կառավարությունը Թովմասյանի առաջարկը փոխանցեց միջգերատեսչական հանձնաժողովին՝ հանձնարարելով քննարկել նախագիծը։ Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի, քաղաքաշինության կոմիտեի, առևտրաարդյունաբերական պալատի, արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներ։ Զարմանալի է, որ միջգերատեսչական հանձնաժողովում որևէ մեկն ընդգրկված չէր պաշտպանության նախարարությունից՝ ռազմական նախագիծը պատշաճ գնահատելու համար: Միջգերատեսչական հանձնաժողովի ուղեցույցները պահանջում են, որ այն քսան աշխատանքային օրվա ընթացքում քննարկի և կառավարությանը ներկայացնի ցանկացած ներկայացված առաջարկ: Սակայն այդ վերջնաժամկետը շատ վաղուց անցել է՝ չնայած մի քանի հիշեցումներին:
Այս պատմության ամենազարմանալի մասը 2021 թ․ մարտի 6-ին անսպասելի ֆեյսբուքյան գրառումն էր էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի կողմից, որը մաթեմատիկա է ուսանել, սակայն անտեղյակ է տնտեսագիտությունից:
Նախարար Քերոբյանն ամբարտավանորեն գրեց. «Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը»։ Նախարար Քերոբյանը ի վիճակի չէր կասեցնել այս նախագիծը երկու պատճառով. 1) Որպես վերջերս նշանակված նախարար, նա նույնիսկ այնտեղ չէր, երբ այս նախագիծը ներկայացվեց վարչապետին և այնուհետև ուղարկվեց միջգերատեսչական հանձնաժողով։ 2) Այս նախագիծը հաստատելու կամ մերժելու մասին որոշումը կարող են կայացնել միջգերատեսչական հանձնաժողովը և վարչապետը:
Նախարար Քերոբյանը շարունակեց ավելի արտառոց պահանջներ ներկայացնել: Նա գրեց․ «Թող Թովմասյանը երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը ներկայացնի կառավարության հաստատմանը, իսկ եթե 9 հեկտար հողակտորը Երևանում ուզում է վերցնել չնչին ներդրման խոստման դիմաց, ապա ես կմնամ իմ կարծիքին, որ սա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ՝ ՀՀ քաղաքացիների կողոպուտ։ Մենք նաև առաջարկել ենք այս գործարքն իրենց պայմաններով և հարկային արտոնություններով իրագործել Երևանից տարբեր այլ քաղաքում, բայց, անհասկանալիորեն, հենց Երևանի թանկարժեք հողակտորն է իրենց պետք այս արտադրական գոտու համար»։
Նախարար Քերոբյանը մոլորության մեջ է գցում հասարակությանը: Չնայած մի քանի տարի է՝ ՀՀ կառավարությունը չի արձագանքում առաջարկին, նա պնդում է, որ կպատասխանի երկու շաբաթվա ընթացքում: Ինչո՞ւ նա չի արձագանքել առկա առաջարկին անցյալ տարվա նոյեմբերին նշանակվելուց ի վեր: Փաստն այն է, որ նա երբեք հակադարձ առաջարկ չի արել և այն երբեք չի քննարկել ներդնողի հետ։ Ի դեպ, հենց պաշտպանության նախարարությունն է Թովմասյանին առաջարկել հողակտոր Երևանի ծայրամասում, և ոչ թե անվճար, այլ՝ գնելու համար։
Վերջապես, Քերոբյանի կողմից խիստ ոչ պրոֆեսիոնալ է ֆեյսբուքյան գրառման միջոցով արձագանքել բազմամիլիոնանոց ռազմական արտադրանքի ներգրավման լուրջ առաջարկին: Ցավոք, դա արտացոլում է նախարարի ստանձնած աշխատանքի որակավորման բացակայությունը:
Հայաստանը պատերազմում պարտվեց շատ պատճառներով, և այսպիսի վարքագիծը ոչ որակյալ նախարարի և անիրազեկ կառավարության կողմից վստահություն չի ներշնչում, որ այն շուտով կկարողանա ներդնողներ ներգրավել և բարելավել երկրի ողբալի տնտեսական վիճակը:
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի