Հայաստանը կարիքն ունի իշխանութեան մը, որ կ’ամրապնդէ երկրին պետականութիւնը
Գլխավոր » Լրահոս » Հայաստանը կարիքն ունի իշխանութեան մը, որ կ’ամրապնդէ երկրին պետականութիւնը

Հայաստանը կարիքն ունի իշխանութեան մը, որ կ’ամրապնդէ երկրին պետականութիւնը

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ

«ԴՐՕՇԱԿ».- Ընկե՛ր Մուրադ, Հայաստանն այսօր փոթորկվում է ներքաղաքական ալեկոծություններից: Պաշտոնական Երևանը պատերազմից հետո էլ շարունակում է պարտվողական քաղաքականությունը՝ նորանոր զիջումներ կատարելով թշնամուն: Քաղաքական ընդդիմությունը պահանջում է երկրի վարչապետի հրաժարականը` համոզված լինելով, որ միայն դրանից հետո հնարավոր կլինի շրջադարձ կատարել քաղաքականության մեջ` կարգավորելով կացությունը թե՛ երկրի ներսում և թե՛ արտաքին ճակատում: Փետրվարի վերջին Հայաստանում վերսկսվեցին ընդդիմության կազմակերպած բողոքի և անհնազանդության գործողությունները: Մեծ անակնկալ էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ՀՀ բանակի գլխավոր շտաբի պետի և փաստացի բանակի ողջ ղեկավարության կողմից: Թվում էր, թե սա կսթափեցնի իրական իշխանությունը երկրում կորցրած ղեկավարին և կստիպի հրաժարական ներկայացնել, սակայն նա շարունակում է համառել: Համոզվում ես որ երկրի վարչապետի համար իր անձից վեր ոչինչ չկա, և սեփական իշխանությունը պահպանելու համար նա պատրաստ է ամեն արկածախնդրության: Ինչպե՞ս կգնահատեիք այս ամենը:

Մուրատ Փափազեան.- Պիտի ըլլամ շատ թափանցիկ եւ յստակ: Նիկոլ Փաշինեան տկարացուց Հայաստանը: Թաւշեայ յեղափոխութեան հետեւանքները աղիտալի եղան Հայաստանի եւ Արցախի համար: Ան 2018ին «քարիզմաթիք» էր: Երբ գարնան սկսաւ այդ շարժումը, ան իր մէջ գտաւ այդ ուժն ու նկարագիրը եւ մանաւանդ համոզելու կարողութիւնը, որուն շնորհիւ յաջողեցաւ շրջել ռեժիմը: Քիչ են այն մարդիկ, որոնք կը յաջողին հարիւր հազարաւորներ զօրաշարժի ենթարկել: Քիչ են, բարեբախտաբար, որովհետեւ նաեւ վտանգաւոր են, որովհետեւ միայն ամբոխավարութիւնն է, որ կրնայ այդ ներգործութիւնն ունենալ ժողովուրդին ու հասարակական կարծիքին վրայ: Ժողովուրդը խաբելու ցանկութիւնն էր «թաւշեայ յեղափոխութեան» միջուկը: Յանկերգը, որ հնչեց անդադար, թէ ժողովուրդին կը պատկանի իշխանութիւնը, եւ ընդդիմութիւնը կ’ուզէ զայն խլել ու վերացնել, ծիծաղելի է, բայց, ցաւօք, դեռ կը շարունակուի կրկնուիլ եւ ունենալ լսող մասսաներ: Հայաստանը կեղծ նախախնամութեան կարիք չունի, Հայաստանը պատասխանատու իշխանութեան կարիքն ունի, որ ըլլայ գիտակից դաշնակից Մոսկուայի հետ յարաբերութեան անհրաժեշտութեան եւ ոչ թէ հակառակը, ինչպէս ըրաւ Փաշինեան:

Պայմաններ պէտք է ստեղծել, որ Ռուսաստանը Հայաստանը նկատէ ոչ թէ իբրեւ սովորական դաշնակից կամ մանաւանդ «վասալ», այլ իբրեւ լիիրաւ գործընկեր: Հայաստանը, սակայն, այսօր Նիկոլով Ռուսաստանի հետ յարաբերութիւններուն մէջ սկիզբի իր ապստամբի կարգավիճակէն վերածուած է լրիւ հակառակին՝ վասալի: Հայաստանը նման մարդու կարիքը չունի, Հայաստանը կարիքն ունի իշխանութեան մը, որ կ’ամրապնդէ երկրին պետականութիւնը, որ տնտեսական զարգացման եւ ընկերային արդար համակարգի յստակ տեսլական եւ գործնական ռազմավարութիւն, ծրագիր կ’ունենայ: Բայց զարգացման այս գործընթացը պէտք չէ պայմանաւորուի Թուրքիոյ եւ Ազրպէյճանի հետ յարաբերութիւններու բնականոնացման պայմանով, ինչպէս կը դաւանին ներկայ իշխանութիւնները: Ընդհակառակը:

Որովհետեւ նման պարագայի, կրնամ վստահեցնել, որ 5 տարուան մէջ Հայաստանը կը յայտնուի թրքական-ազերիական ընկերութիւններու ճիրաններուն մէջ: Կը պատկերացնէ՞ք: Հայաստան չէ, որ կ’ունենանք, այլ երկիր մը, ուր հայեր կ’ապրին… Պէտք է ոտքի կանգնեցնել երկիր մը, ուր տնտեսութիւնը սեփական ժողովուրդին հակակշիռին տակ է, եւ այս մէկը դժուար չէ: Հայաստանը այս իմաստով այլ մակարդակի յարաբերութեան կենսական կարիք ունի Սփիւռքի հետ, յարաբերութիւն` հիմնուած ռազմավարական գործընկերութեամբ: Հայաստան եւ Սփիւռք պիտի կազմեն հայաշխարհը, որ կը տարածուի 35 երկիրներու մէջ եւ ոչ միայն 29500 մ2-ի վրայ: Հայաշխարհ, որ կը հաշուէ ոչ թէ 3 միլիոն, այլ 12 միլիոն հայ բնակչութիւն: Հայաշխարհ՝ իր տարբերութիւններով նաեւ, իր հարստութեամբ, իր ուժով, իր մասնագէտներով, իր ամբողջ ներուժով: Եւ այն ատեն կը սկսի հետաքրքիր դառնալ տնտեսական թէ քաղաքական տարբեր գործընկերներուն համար, որոնք այսօր այդքան ալ հետաքրքրութեամբ չեն ընկալեր մեզ: Հայաստանը կարիքն ունի միասնութեան եւ կայունացման: Իսկ վարչապետը այս առումով գործեց ճիշդ հակառակ ուղղութեամբ. երկիրը եւ ժողովուրդը բաժնեց սեւերու եւ սպիտակներու, դրսեցիներու եւ ներսիններու, հասարակի եւ վերնախաւի եւ մասամբ նորին: Եւ այս ծիրէն ներս է, որ պէտք է դիտել բանակին կողմէ Փաշինեանի հրաժարականի պահանջը:

Որովհետեւ սահմանադրականօրէն բանակին կը պատկանի երկրի սահմաններուն պաշտպանութեան իրաւունքը, իսկ բանակը կը տեսնէ ու կը հաստատէ այդ գծով տկարութիւնը: Սխալ է ուղղակի վարչապետին տարած քարոզչութիւնը, թէ բանակին յայտարարութիւնը պետական հարուածի փորձ է: Այդպէս բան չկայ երբէք, ոչ ալ նման տրամադրութիւն: Անգամ մը եւս ժողովուրդը խաբելու եւ ապակողմնորոշելու փորձ է, որ կ’ընէ Փաշինեան` պարզապէս իր շուրջ հաւաքել կարենալու համակիր զանգուած: Բանակը սրբազան հաստատութիւն է Հայաստանի մէջ: Ազգ-բանակը ամբողջական իմաստ պէտք է վերստանայ, բանակը պէտք է վերստին ամրապնդուի եւ զօրանայ, պէտք է անոր տրուին երկիրը պաշտպանելու բոլոր հնարաւորութիւնները:

«ԴՐՕՇԱԿ».- Ընկե՛ր Մուրադ, Ֆրանսիան տարիներ շարունակ եղել է Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երեք գործուն անդամ երկրներից մեկը, և կարելի է ասել, որ այդ կարգավիճակով նա փաստացի եղել է Եվրոպայի ներկայացուցիչը այդ առաքելության կազմում: 2020 թվականի աշնանը Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի ողջ ընթացքում Մինսկի խումբը որևէ դերակատարություն չունեցավ: Այնուամենայնիվ փորձե՞լ է արդյոք այդ երկիրը միջամտել կամ ինչ-որ ձևով իր խոսքն ասել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Մ.Փ.- Ինչպէս գիտէք, Տոնալտ Թրամփ նախագահութեան ժամանակաշրջանին իր միջինարեւելեան քաղաքականութիւնը յանձնած էր Էրտողանին, նաեւ Կովկասի մէջ: 4 տարիներուն ընթացքին Մինսկի խումբը եւ յատկապէս Ֆրանսան բախեցան Միացեալ Նահանգներու բացակայութեան: Ինչպէս գիտէք նաեւ, Ֆրանսան ունի ուղղակիօրէն հայանպաստ դիրքորոշում, ինչ կը վերաբերի Հայաստանի, Հայ դատի եւ Արցախի հարցերուն: Այս դիրքորոշումը արդիւնք է նաեւ ֆրանսահայութեան վարած տասնեակ տարիներու աշխուժ աշխատանքին՝ հասարակական կարծիքին եւ քաղաքական շրջանակներուն մօտ: Վերջին պատերազմին նախագահ Մաքրոնի դերակատարութիւնն ու ներկայութիւնը ակնյայտ էին բոլորին, բայց յստակ էր նաեւ, որ, հակառակ նախագահ Փութինի հետ երկկողմանի կապերուն ու համադրումին, վերջին խօսքը բնականաբար կը մնար Ռուսաստանին:

«ԴՐՕՇԱԿ».- Չնայած սկզբնական շրջանի արտաքուստ լռության` պատերազմից հետո Արցախի դեմ գործադրված ագրեսիայի վերաբերյալ առաջիններից մեկը և ամենակոշտ ձևով արտահայտվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Աննախադեպ էին նաև Ֆրանսիայի պառլամենտի զույգ պալատների ընդունած բանաձևերը, որոնցով կառավարությանը կոչ էր արվում ճանաչելու Արցախի անկախությունը: Առաջիկայում ի՞նչ քայլեր կարելի է ակնկալել Ֆրանսիայի կողմից: Տեղյակ ենք, որ պատերազմից հետո Արցախի հարցը Մակրոնը ոչ մեկ անգամ քննարկել է ԵԱՀԿ համանախագահ մյուս երկու երկրների նախագահների հետ: Սպասելի՞ է արդյոք Մինսկի խմբի ակտիվացումը, և այդ ակտիվացումը, Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել:

Մ.Փ.- Այո՛, Ֆրանսան Արցախի նկատմամբ դիրքորոշուեցաւ դրականօրէն, որովհետեւ տեղւոյն հայ համայնքը այդ ուղղութեամբ մեծապէս աշխուժ աշխատանք ծաւալեց բոլոր լծակներուն մօտ: Բայց, հակառակ ամէն ինչի, պատերազմի մը յաղթանակը կամ պարտութիւնը կը հաստատուի կռիւի դաշտին վրայ: 12 նոյեմբերի մեր հանդիպումին Ֆրանսայի նախագահը հետեւեալը պատասխանեց խաղաղարար ուժեր ուղարկելու մեր պահանջին. «Բոլորս գտնուեցանք թոյլ ու անողնայար եւ պէտք եղած հակազդեցութիւնը չցուցաբերեցինք: Կը լսէի ձեր կոչերը եւ պահանջները, բայց միջամտելու ո՛չ մանտաթ ունէինք, ո՛չ ալ միջոցը»: Ան ըսաւ նաեւ, որ Թուրքիոյ օրակարգով խօսած է Պայտընի հետ եւ անհամբեր կը սպասէ, որ ան ամբողջութեամբ հաստատուի Միացեալ Նահանգներու նախագահութեան աթոռին վրայ, որպէսզի Մինսկի խումբը վերագտնէ երբեմնի իր եռակողմանի կշիռը: Նոյնիսկ եթէ Մինսկի խումբը ցուցաբերեց իր անկարողութիւնը, դժբախտաբար, սակայն, չկայ հարցի բանակցային լուծման աւելի լաւ ձեւաչափ:

«ԴՐՕՇԱԿ».- Գաղտնիք չէ, որ Արցախյան նոր պատերազմում ունեցած մարդկային ու տարածքային կորուստները և ստեղծված ներկա կացությունը ալեկոծել են նաև ողջ Սփյուռքը: Ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում արտերկրի հայությունը: Իհարկե չենք մոռանում, որ մի շարք երկրներում, որոնց թվում` և Ֆրանսիայում, դեռևս բավականին ծանր է համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը, և այս առնչությամբ նաև խիստ միջոցառումներ են կիրառվում պետության կողմից: Այսինքն` գրեթե խզված են Հայաստանի հետ կապերը, և սահմանափակվել են գործունեության հնարավորությունները:

Մ.Փ.- Քովիտ կամ ոչ, Սփիւռքը ոգի ի բռին զօրաշարժի մէջ էր Արցախի անկախութեան ճանաչման համար: Թէեւ 9 նոյեմբերէն ի վեր Սփիւռքը ահաւոր ցնցուած է, տխուր է, կ’ապրի խառն պահեր, բայց կը շարունակէ այդ ուղղութեամբ իր պայքարը` քաղաքական թէ օժանդակութիւններու առումով: Արցախի անվտանգութիւնը, վերաշինութիւնը, բնակչութեան ապահովութիւնը եւ կենսամակարդակի ապահովումը, ինչպէս նաեւ անկախութեան ճանաչումը կը շարունակեն մնալ մեր առաջնահերթութիւնները:

«ԴՐՕՇԱԿ».- Ինչպես վերը նշեցինք, բնական է, որ կխաթարվեր մասնավորապես և Ֆրանսիայի հայ համայնքի բնականոն կյանքը: Այնուամենայնիվ կատարվո՞ւմ են աշխատանքներ, տարվո՞ւմ է աշխատանք պառլամենտի, կառավարության ու երկրի նախագահի հետ: Բոլորս գիտենք, որ վերջին տասը-տասնհինգ տարվա ընթացքում ֆրանսահայ համայնքը բավականին առաջընթաց ունեցավ Հայ դատի աշխատանքների ուղղությամբ: Այս օրերին էլ ավելի են կարևորվել Արցախի ուղղությամբ անելիքները: Ի՞նչ է արվում, և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Մ.Փ.- Ֆրանսահայ համայնքը առաւելագոյնս զօրաշարժի մէջ է: Ֆրանսայի Ազգային ժողովը, Ծերակոյտը, երեք մեծագոյն քաղաքները՝ Փարիզ, Մարսէյլ, Լիոն, ինչպէս նաեւ այլ քաղաքներ, գաւառներ եւ մարզեր ընդունած են բանաձեւեր, որոնք կառավարութենէն կը պահանջեն ճանչնալ Արցախի անկախութիւնը: Աւելին` Հայաստան տարբեր օժանդակութիւններու ուղարկման աշխատանքներուն մէջ ֆրանսահայութիւնը, ինչպէս միշտ, գտնուեցաւ առաջին գիծի վրայ: Նաեւ առաւելագոյնս կը փորձենք ազդել ֆրանսեւթրքական յարաբերութիւններուն վրայ: Յաջողեցանք, օրինակ, Ֆրանսայի մէջ արգիլել տալ թրքական ծայրայեղական «Գորշ գայլեր» կազմակերպութեան գործունէութիւնը եւ ամէն գնով կը պայքարինք Ֆրանսայի մէջ Էրտողանի կողմէ վարուող լծակներուն դէմ: Մեր պայքարը կը շարունակուի, կը մնանք ոտքի, միշտ կազմ ու պատրաստ եւ առաւել միասնական:

«Դրօշակ», թիվ 3 (1649), մարտ, 2021 թ.

1