Հայաստանը Հարավային Կովկասում։ Սպառնալիքներ և հնարավորություններ
Գլխավոր » Լրահոս » Հայաստանը Հարավային Կովկասում։ Սպառնալիքներ և հնարավորություններ

Հայաստանը Հարավային Կովկասում։ Սպառնալիքներ և հնարավորություններ

Ս.թ. օգոստոսի 5-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հերթական հանդիպումը, որը տևեց չորս ժամ։ Հանդիպումից երկու օր առաջ Վ. Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ավարտից հետո մամուլին տեղեկացվել է, որ Սոչիում ՌԴ առաջնորդը Էրդողանի հետ պատրաստվում է քննարկելու նաև Արցախի հարցը։ Նշենք, որ ճիշտ նույն օրերին՝ օգոստոսի 1-4-ն ընկած ժամանակահատվածում, իրավիճակը հայկական երկրորդ պետությունում կրկին լարվել էր։ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև նոր ռազմական բախումներ են եղել, որոնց ընթացքում կողմերը մարդկային կորուստներ են ունեցել, իսկ Արցախը՝ նաև տարածքային։ Այդ իրադարձությունների լույսի ներքո Պուտին-Էրդողան հանդիպումը լրացուցիչ հետաքրքրություն էր բորբոքել ոչ միայն հայ և ադրբեջանական հանրությունների շրջանում, այլև ռուսական մամուլի ու փորձագիտական շրջանակներում: Բանն այն է, որ հիշատակված լարվածությունը լուրջ հարված է հասցրել Ռուսաստանի միջազգային հեղինակությանը, քանի որ հենց այդ երկրի խաղաղապահ ուժերն են իրականացնում Արցախում անվտանգության և կայունության ապահովման առաքելությունը։

Պուտին-Էրդողան հանդիպման ավարտից հետո, սակայն, Արցախի մասին որևէ նորություն չհնչեց։ Երկու երկրների ղեկավարներն ընդհանրապես չեն պատասխանել մամուլի հարցերին, քանի որ հանդիպման ավարտից անմիջապես հետո Էրդողանը մեկնել է Թուրքիա։ Հետագայում այդ հանդիպման արդյունքների մասին միայն երկու լուր է հաղորդվել հանրությանը. առաջին՝ Էրդողանն առաջարկել է Ստամբուլում Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպել, և երկրորդ՝ կողմերը պայմանավորվել են միջպետական առևտրի մի մասն իրականացնել ռուսական ռուբլով։ Այլ մանրամասներ, ցավոք, չհրապարակվեցին։

Ռուսական «Коммерсантъ» թերթը, սակայն, հղվելով իր սեփական աղբյուրներին, գրել է, որ Արցախի հարցը Պուտինն ու Էրդողանը այնուամենայնիվ քննարկել են և նշել, որ «դատելով ամենից՝ Ադրբեջանն իր ակտիվությունն այդ տարածաշրջանում կնվազեցնի»1։ Թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, և ինչու պետք է Ադրբեջանը դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, մինչ այս պահը հայտնի չէ։

Արդարության համար միայն նշենք, որ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ ռազմական դրությունն Արցախում արդեն քիչ թե շատ հանդարտված էր, և դրա պատճառը, ցավոք, հայկական կողմի համաձայնությունն էր՝ 20-օրյա ժամկետում Ադրբեջանին հանձնելու Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքն ու Սոս և Աղավնո գյուղերը…

Ընդհանրապես պետք է նշել, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի խնդիրն անուշադրության չի մատնվել տարածաշրջանային կարևոր և ոչ մի հանդիպման ընթացքում։ Ճիշտ հակառակը՝ Հարավային Կովկասի ապագան այսօր կառուցվում է հենց արցախյան հիմնախնդրին տրվող այս կամ այն լուծման հիման վրա։ Ավելին՝ նույն 44-օրյա պատերազմով է սկսվել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերափոխման ծրագիրը, որին ակտիվորեն մասնակցել են ոչ միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, այլև Թուրքիան, Իրանը և եվրոպական մի շարք երկրներ։ Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ, չնայած ուկրաինական ու մերձավորարևելյան ճգնաժամերին, որոնցում Մոսկվան և Անկարան ամենաուղիղ ձևով ներգրավված են և հաճախ նույնիսկ մրցակցում են միմյանց դեմ, Պուտինն ու Էրդողանը լուրջ ուշադրություն են դարձնում նաև արցախյան հիմնախնդրին։ Ի վերջո պետք է գիտակցել, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն Հարավային Կովկասում, այլև հարակից բոլոր տարածաշրջաններում, և այդ գործընթացները փոխկապակցված են։

Ս. թ. հուլիսի 19-ին Թեհրանում տեղի ունեցավ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը։ Քննարկման հիմնական թեման Սիրիայում ստեղծված իրավիճակն էր։ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի սպառնալիքների լույսի ներքո այդ օրերին սիրիական թեման իր կարևորությամբ առաջ էր մղվել նույնիսկ Ուկրաինայում իրականացվող ռուսական ռազմական հատուկ գործողությունից ու դրա հետևանքով առաջացած խնդիրներից: Սակայն Թեհրանում, ըստ էության, առաջին անգամ ակնհայտ դարձավ, որ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը Մերձավոր Արևելքից մինչև Սև ծովի ավազան և Արևելյան Եվրոպա տեղի ունեցող զարգացումները դիտարկում են որպես մեկ գործընթացի տարբեր բաղադրիչներ։ Իսկ դա առնվազն նշանակում է, որ այդ բոլոր զարգացումները նրանք հաճախ դիտարկում և քննարկում են որպես մեկ փաթեթ, ինչը Հայաստանի սուբյեկտայնությունը նվազեցնող ևս մեկ հանգամանք է։ Թերևս դա է պատճառը, որ հայկական պետությունն ու հանրությունը դարձան Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի` հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության մասին հայտարարությունների զուտ մեկնաբանները։ Հայաստանում այդ օրերին հստակ գիտակցեցին, որ Սյունիքի մարզի անվտանգության հիմնական երաշխավորը ոչ թե հայկական պետությունն է, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եվ սա, իհարկե, ցավալի փաստ էր։

Իսկ ի՞նչ խնդիրներ են հետապնդում Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը մեր տարածաշրջանում։ Սա հարց է, որի մասին հայկական փորձագիտական շրջանակները, ցավոք, քիչ են մտածում։ Ընդհանրապես պետք է նշել, որ Հայաստանում տիրող տրամադրությունները որևէ կերպ չեն նպաստում երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն ուղղված լուծումների որոնմանը։ Դատապարտվածության համընդհանուր զգացումը մեր ժողովրդին ստիպում է կարծել, որ ամեն բան արդեն կորած է, և Հայաստանն այլևս վերականգնվելու ռեսուրս չունի։ Ավելին՝ քիչ չեն նաև այն տրամադրությունները, որ երկիրը պետք է հանձնել արտաքին կառավարման և հուսալ, որ օտար պետությունները գոնե մեր անվտանգության խնդիրները կլուծեն։ Սա անընդունելի մոտեցում է, որից պետք է օր առաջ հրաժարվել։ Փոխարենը Հայաստանը պետք է փորձի հստակ հասկանալ մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների տրամաբանությունը, բացահայտել ռիսկերն ու հնարավորությունները և մշակել առաջ գնալու՝ այդ իրողություններից բխող իրատեսական քաղաքականություն։

Սկսենք թերևս ամենապարզ ճշմարտությունների արձանագրումից: Այսպես՝ Հարավային Կովկասը վերափոխվող աշխարհակարգի կարևորագույն օղակներից մեկն է, որտեղ կենսական շահեր են հետապնդում թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը և թե՛ տարածաշրջանային տերությունները։

Իրանի համար այն ելք է դեպի Սև ծով և Եվրոպա։ Ընդ որում, Թեհրանի համար չափազանց կարևոր է, որ այդ ելքը չվերահսկվի իր աշխարհաքաղաքական դարավոր մրցակցի՝ թյուրքական աշխարհի կողմից։ Այդ վտանգը չեզոքացնելու համար Իրանի իշխանություններն օգտվում են ինչպես դիվանագիտական, այնպես էլ անհրաժեշտության դեպքում ռազմական գործիքակազմից։ Սակայն նախապատվությունը տրվում է հենց դիվանագիտական միջոցներին։ Դա է պատճառը, որ Թեհրանը շարունակ հղում է տարածաշրջանային պետությունների՝ միջազգային ճանաչում ունեցող սահմանների պահպանման անհրաժեշտությանը։ Որպես արդյունք, որպեսզի Իրանը կարողանա վստահ դեմ դուրս գալ Սյունիքի հանդեպ թուրք-ադրբեջանական դաշինքի ոտնձգություններին, ստիպված է ողջունել նաև արցախյան վերջին պատերազմի արդյունքները և հայկական այդ տարածաշրջանի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումը։ Այսինքն՝ եթե հայ-իրանական հարաբերություններին գնահատական տանք՝ նկատի առնելով զուտ տարածաշրջանի քաղաքական քարտեզը, ապա ստիպված կլինենք փաստել, որ Սյունիքի հարցում Իրանը մեր դաշնակիցն է, իսկ Արցախի հարցում՝ Ադրբեջանի։

Հետևաբար ո՞րը պետք է լինի Հայաստանի քաղաքականությունը Իրանի հանդեպ։ Պատասխանը կարծես ակնհայտ է՝ ամեն կերպ նպաստել Սյունիքի տարածքով իրանա-հայկական հաղորդակցական ուղիների ստեղծմանն ու բարելավմանը՝ զուգահեռաբար ամեն ինչ անելով, որ Արցախի խնդրում Թեհրանն առավելագույնս չեզոք լինի։ Ընդ որում, դա պետք է անել՝ լավ գիտակցելով, որ նման չեզոքությունը ցանկալի է նաև իրանական կողմի համար։ Պարզապես պետք է այդպիսի հնարավորություններ ստեղծել պաշտոնական Թեհրանի համար, չկանգնեցնել նրան ընտրության առաջ, և համապատասխան մեխանիզմը կաշխատի։

Թուրք-ադրբեջանական դաշինքի ծրագիրը մեր տարածաշրջանում առավել քան պարզ է՝ տոտալ վերահսկողություն։ Դա դարեր շարունակ հետապնդվող թյուրքական աշխարհի ծրագիրն է՝ պանթուրանիզմը։ 44-օրյա պատերազմում հաղթանակից հետո թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն ինչ անում է, որպեսզի առավելագույնս բարելավի իր ռազմաքաղաքական դիրքերը Հարավային Կովկասում։ Անկարայի համար երկրորդ շահեկան հանգամանքն այն է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով Թուրքիան դարձել է միակ պետությունը, որը կարող է երկխոսության որևէ մակարդակ ապահովել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Սա կարևոր գործոն է Ռուսաստանի համար, որը պահպանելու համար նա կարող է ժամանակ առ ժամանակ զիջումներ անել Թուրքիային Հարավային Կովկասում։ Իհարկե՝ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի…

Ելնելով աշխարհաքաղաքական մրցակցության պարտադրած ծանր պայմաններից՝ Ռուսաստանում կարծես որոշել են, որ Հարավային Կովկասը պահելու իրենց միակ ու ամենագործուն գործիքը ռազմական ներկայությունն է։ Ժամանակակից քաղաքականության այնպիսի կարևոր գործոնից, ինչպիսին, այսպես կոչված, «փափուկ ուժն» է («soft power»), Մոսկվան հրաժարվել է։ Ռուսաստանում վստահ են, որ Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական դաշինքին արված զիջումները անհրաժեշտության դեպքում կարելի կլինի փոխհատուցել Արցախում և Հայաստանում տեղակայված զորքերի միջոցով։ Իսկ հայ ժողովրդի շրջանում օրեցօր աճող հակառուսական տրամադրությունները Մոսկվան պարզապես անտեսում է՝ վստահ լինելով, որ, միևնույն է, այլ ընտրություն հայությունը չունի։

Հակառակ սրա՝ թուրք-ադրբեջանական դաշինքն ակտիվորեն օգտագործում է Ռուսաստանի թույլ տված բոլոր սխալներն ու պահի ընձեռած հնարավորությունները և ամեն հաջորդ շրջափուլում էլ ավելի է մեծացնում սեփական պահանջների ծավալը։ Սա մահացու շրջափուլ է, որից դուրս գալու համար Հայաստանը պարզապես պարտավոր է մի շարք քայլեր ձեռնարկել։ Նախ՝ անհրաժեշտ է Թուրքիայի էքսպանսիոնիզմը զսպող քաղաքականություն մշակել։ Նախկինում Հայաստանն ուներ նման գործիքներ, օրինակ՝ Հայոց ցեղասպանության հարցը, որն այսօր իսպառ մոռացության է մատնվել պաշտոնական Երևանի կողմից։ Ավելին՝ պատերազմից երկու տարի անց մեր պետությունը նույնիսկ սեփական բանակը վերականգնելու և երկիրը պաշտպանելու ոչ մի շոշափելի քայլ չի ձեռնարկել։ Սա հանցավոր անգործություն է, որը միայն գրգռում է թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը և մեզանից նոր տարածքներ զավթելու պատճառ դառնում։ Ուստի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում մեր օրակարգի միակ հարցը պետք է լինի հետևյալը՝ ինչպե՞ս զսպել թշնամական այդ դաշինքի զավթողական քաղաքականությունը։ Այսպես կոչված «խաղաղության օրակարգը», որի հիմքում հակառակորդների ախորժակը հագեցնելով մի կերպ նրանց հայակործան քաղաքականությունից ձերբազատվելն է, ոչ միայն չի լուծում այդ խնդիրը, այլև նոր կորուստների պատճառ է դառնում։ Արցախում մի քանի ամիսը մեկ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դրա վառ ապացույցն է։ Ուստի այդ քաղաքականությունից անհրաժեշտ է հրաժարվել և զսպման մարտավարություն որդեգրել։ Նույնիսկ եթե դրա համար նոր պատերազմի անհրաժեշտություն առաջանա, Թուրքիային և Ադրբեջանին պետք է զսպել։ Այլ տարբերակ չկա։ Մնացած բոլոր ուղիները Հայաստանը տանում են դեպի կործանում։

Ռուսաստանի համար Հարավային Կովկասը ռազմական կարևոր հենակետ է։ Ռուսական փորձագիտական շրջանակները մեր տարածաշրջանը հաճախ ֆորպոստ են կոչում։ Դա մի տարածք է, որտեղից Ռուսաստանը կարող է ոչ միայն ազդել Թուրքիայի և Իրանի քաղաքականության վրա, այլև հայացք նետել ողջ Մերձավոր Արևելքին, Պարսից ծոցի ավազանին, խոչընդոտել դեպի Միջին Ասիա և Աֆղանստան տանող արևմտյան կապուղիների օգտագործումը և այլն։ Ավելին՝ Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որտեղից Ռուսաստանն ապահովում է նաև սեփական տարածքային ամբողջականությունը։ Այլ խոսքով՝ մեր տարածաշրջանը ռուսական կենսական շահերի գոտի է, որի բոլոր երկրները աշխարհաքաղաքականության տեսանկյունից Մոսկվայի համար նույն կարևորությունն ունեն։

Հայաստանը չի կարող Հարավային Կովկասում Ռուսաստանի համար բացառիկ դերակատարության հավակնություն ունենալ, առավել ևս հիմա, երբ մեր երկիրը տարածաշրջանում անվտանգություն ապահովող երկրից վերածվել է անվտանգություն սպառող երկրի։ Բայց Հայաստանը կարող է այնպես անել, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանն ի հաշիվ մեզ խնդիրներ չլուծի։ Սա նվազագույն խնդիրն է, որ այս պահին պետք է դրվի մեր երկրի քաղաքական էլիտաների առջև։ Դա առաջին հերթին ենթադրում է հավասարակշռված և իրատեսական քաղաքականության մշակում, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցության ճիշտ ոլորտների և ուղիների հաստատում։

Հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում հայ քաղաքական միտքը պետք է լավ հասկանա բոլոր ռիսկերն ու հնարավորությունները։ Սա կարևոր աշխատանք է, որը տարիներ շարունակ մեր երկրում շատ վատ է կատարվել։ Չեն եղել լուրջ փորձագիտական կենտրոններ, մասնագիտական հաղորդակցություն ռուսական համապատասխան շրջանակների հետ, մամուլի միջոցների՝ բավարար մակարդակի համագործակցություն և այլն։ Իսկ 2018 թ. հեղաշրջման հետևանքով Հայաստանում իշխանության եկած ուժերն իրենց հերթին հնարավորինս փչացրին հայ-ռուսական հարաբերությունները։ Հետևանքն այն է, որ ունենք այն, ինչ ունենք, և դեռ ամեն ինչ կարող է ավելի վատ լինել…

Հետագա հոդվածներում մենք դեռ կանդրադառնանք այս բոլոր խնդիրներին՝ փորձելով ավելի մանրամասն ուսումնասիրել տարածաշրջանային երկրների քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Մինչ այդ, սակայն, անհրաժեշտ է ևս մեկ անգամ արձանագրել, որ Հայաստանը դատապարտված չէ, որ մենք ունենք հնարավորություններ և վերականգնվելու ներուժ։ Պարզապես անհրաժեշտ են ճիշտ նպատակադրումներ և քրտնաջան աշխատանք։ Այնժամ արդյունքները երկար չեն սպասեցնի։

1https://www.kommersant.ru/doc/5501396?from=main (մուտք՝ 5․08․2022 )

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 8 (1669), 2022թ․

1