«Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսը
Այսօր՝ մայիսի 25-ին, տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի առաջնորդներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը:
Առաջին հերթին դու չպետք է տպավորություն թողնես, որ քո հետ կարելի է նմանատիպ ձեւով վարվել, եթե քո քաղաքականությամբ, քո քայլերով, քո հայտարարություններով դու այդպիսի տպավորություն ես թողնում, դու անընդհատ ունենալու ես նման խնդիրներ․ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմաններին ստեղծված իրավիճակին:
«Քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն ՀՀ-ից որոշ հարցերի շուրջ լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, ճնշումներ գործադրելու են իրենց նպատակներին հասնելու համար: ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր չի արվում: Այո, առաջին հերթին պետք է նաեւ բանակցային ճանապարհով խնդիրը լուծել, բայց կրկնում եմ, եթե ՌԴ-ի միջնորդությամբ այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը, մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար նմանատիպ պրոբլեմ է ստեղծելու սահմանի մեկ այլ հատվածում: Սա է իրավիճակը»,-ասաց նա:
Այս պահին դելիմիտացիան որոշակի խնդիրներ կարող է ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում․ նշեց Ռոբերտ Քոչարյանը:
«Այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է, կապված է հենց այդ հարցի հետ:
Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու է այդ դելիմիտացիան: Ընդհանրապես, դելիմիտացիայից պետք չի չափից ավելի վախենալ, ուղղակի հիմա դա բավականին պրոբլեմային հարց է»,-ասաց նա:
Այսօր մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս ընտրություններին, և չեմ կարծում՝ սա այն ակտուալ թեման է, որի վերաբերյալ մենք պետք է ինչ-որ բանավեճեր կամ քննարկումներ ծավալենք․ նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հարաբերություններ են իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև, կա՞ն տարաձայնություններ և արդյո՞ք տարաձայնություններն այն աստիճանի են, որ իրենք չեն կարողացել միավորվել մեկ դաշինքում։
«Դուք ճանաչու՞մ եք երկու մարդու, որոնց միջև ընդհանարապես որևէ տարաձայնություն չլինի, միգուցե միայն զույգերի մոտ է նման բան լինում։ Չեմ կարծում, որ իրականում սա այն թեման է, որ արժանի է քննարկման։ Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով»,-ասաց Քոչարյանը:
Նա նկատեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են. «Բայց այս ընտրությունների ժամանակ կան մրցակիցներ, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի նկատմամբ, անվտանգության հարցերում եւ այլն: Դրա համար մրցակցային դաշտում կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չի որեւէ համագործակցություն: Դրա շուրջ մենք ավելի առարկայական խոսակցություն կարող ենք ունենալ, երբ որ բոլոր դաշինքները գրանցվեն եւ մասնակցողների ֆորմատը պարզ լինի բոլորի համար»:
Այսօր Ադրբեջանում հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտել ՀՀ-ի ներքաղաքական պրոցեսների կոնտեքստում ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՀՀ գործող իշխանությունները չեն շահարկում ընտրությունների թեման՝ այն կապելով խաղաղության պահպանման հետ։
«Պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից։ Թե ինչ նախապատվություններ իրենք ունեն այս ընտրությունների կոնտեքստում, չեմ կասկածում՝ ում կցանկանային ընտրված տեսնել ՀՀ վարչապետ, իսկ սա նշանակում է՝ իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել և՛ հայտարարություններով, և հնարավոր այլ քայլերով՝ մեր ընտրական գործընթացի վրա ազդելու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա արձանագրեց․ բանաձև պետք է լինի այսպիսին՝ երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի ՀՀ համար։
Իշխանությունը ստից, կեղծիքից ու ամբոխավարությունից բացի ուրիշ անելիք ու ասելիք չունի։ Գնա ի՞նչ ասի ու ի՞նչ ներկայացնի ժողովրդին։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձելու է շեշտը դնել այն բանի վրա, ինչ երեք տարի շարունակ խոսել է՝ պոպուլիզմ, ամբոխավարություն, սուտ, կեղծիք։ Կարծում եմ՝ մեր հասարակության համար արդեն պարզ է այսօրվա իշխանության նկարագիրը, և այլևս սուտն ու կեղծիքը տեղ չեն հասնի, աուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Հայաստան դաշինքը ունի նախընտրական պլատֆորմ, առաջիկա հինգ տարիների համար երկրի զարգացման մանրամասն ծրագիր, որն առաջիկա օրերին կներկայացնեն։
«Ընտրարշավի ժամանակահատվածը շատ կարճ է, բայց մենք փորձելու ենք այն տեղ հասցնել։ Մենք խոսելու ենք երաշխավորված ապագայից, Հայաստանի զարգացման տեսլականից, խոսելու ենք փաստերով, առանց պոպուլիզմի, շատ հստակ թվերով ու ցուցանիշներով։ Փորձելու ենք թեկուզ փոքր խմբերով մտնել յուրաքանչյուր բնակավայր և տեղ հասցնել մեր ասելիքը»,- ասաց Սաղաթելյանը։
Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ ստաբիլ լարված, ու եթե մի քիչ էլ այսպես մնա, կարծում եմ, սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մեր տարածքում, մի քանի կմ հեռավորության վրա տեղաբաշխված են Ադրբեջանի զինված ուժերը․ ասուլիսին հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա նշեց՝ ադրբեջանցիները երկու օր առաջ ևս ընդլայնվել են և՛ երկայնքով, և՛ մի քիչ էլ դեպի Գորայք առաջընթաց են ունեցել։
«Ես ուզում եմ փաստել, որ թե՛ ՊՆ-ի ներկայացուցիչները, թե՛ իշխանության, արդեն իսկ կորցնում են վերահսկողությունը, և բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել։ Իմ ստացած տեղեկությամբ՝ իրենք չգիտեն ինչ անել, որովհետև պահը, երբ կարելի էր ուժով լուծել և անել առաջին օրերին, բաց են թողել, ինչ վերաբերում է բանակցություններին, իրենք ինչպե՞ս կարող են լուրջ բանի մասին բանակցել»,-հայտարարեց Հակոբյանը, ապա հավելեց․
«Ես շարունակում եմ պնդել, որ այնտեղ հիմա տեղաբաշխված է 1000-ից ավել ադրբեջանական զինուժ, եթե ՊՆ-ն ևս մեկ անգամ կհերքի, ես այլ փաստարկներ կբերեմ։ ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ 1000 չեն, 1000-ից ավելի են»,-ասաց նա։
arfd.am