Հայասեր Հովսեփյանը դարձավ Արցախի գրական օջախի` վերջին երեք տասնամյակի երկրորդ նահատակը
Գլխավոր » Լրահոս » Հայասեր Հովսեփյանը դարձավ Արցախի գրական օջախի` վերջին երեք տասնամյակի երկրորդ նահատակը

Հայասեր Հովսեփյանը դարձավ Արցախի գրական օջախի` վերջին երեք տասնամյակի երկրորդ նահատակը

Արցախի գրողների միության անդամ, լրագրող Նվարդ Ավագյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարել է հետևյալ գրառումը.

«Համեմատաբար վաղուցվա այս լուսանկարը, որում ձախից աջ առաջինը ձեր նվաստ ծառան է /ճանաչողները երեւի առանց բացատրությանս էլ դա նկատեցին` եթե գլխի ընկան ու նեղություն քաշեցին լիովին բացել այն/… Արցախցի բանաստեղծուհի Սոնա Համբարձումն է Պոեզիայի օրվա առնչությամբ այն երկու — երեք օր առաջ, տեղադրել ֆեյսբուքյան հարթակում:

Լուսանկարը տեսնելուց սիրտս, մոռանալով օրվա խորհուրդը` դրան համապատասխա’ն զգացականությամբ ինձ լիցքավորելու փոխարեն … սեղմվե~ց-կծկվեց այնպես, որ զարկերակս անցավ անկանոն ու առկայծուն ռիթմի: Պատճառը նույն շարքում աջից ձախ երկրորդը կանգնած տղան էր` ԳՅՈՒՂԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ եւ երիտասարդ ու ՇՆՈՐՀԱՇԱՏ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՅԱՍԵՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, ով մեր գրական հանդիպումներին ներկայանալուց իր բառուբանով եւ անկշիռ անկեղծությամբ դեռ միջանցքից էր մեզ մատուցում արցախյան գյուղի յուրատիպ «համնուհոտը»…

Նա զոհվեց 44-օրյա պատերազմում: Մարտիրոսվեց`դառնալով Արցախի գրական օջախի` վերջին երեք տասնամյակի երկրորդ նահատակը /առաջինը Կոմիտաս Հակոբյանն էր, որ զոհվեց Առաջին` հաղթական պատերազմում… Նրանք նահատակվեցին հանուն ե’ւ մեր ընդհանուր Հայրենիքի , ե’ւ նրա պատմական ու օրգանական մասը կազմող Արցախի, որի 75 տոկոսից ավելին այսօր. ավա~ղ, դավաճանության արդյունքում հայտնվել է թշնամու ձեռքին:

Սակայն ոչ մի պարտություն, առավել եւս` հայտնի ուժերի կողմից գաղտնի ու հատուկ նախագծված եւ բացարձակ պարտադրված, չի կարող զոհված հազարավոր տղաների արյունը… վերածել ջրի: ՉԻ’ ԿԱՐՈՂ :Հայասե’ր, սիրելի~ տղա, Պոեզիայի օրն այս անգամ դու մեզ հետ չէիր, բայց բացակա էիր լոկ ֆիզիկապես…Հոգով միշտ քեզ հետ ենք ու կլինենք միշտ, հիշում ենք ու կհիշենք` ինչպես տասնամյակներ արդեն չենք մոռանում Կոմիտասին… Եվ մեր բոլո~ր զոհերին:

ՀԱՅԱՍԵՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ես մի զարկը չեմ քո բազկի,

Հայրենի՛ք.

ես հենց քո զոր բազու’կն եմ այն,

որով հազա~ր զարկ պիտի տաս ոսոխիդ…

Ես կառչել եմ այս հողին իմ գոյությամբ,

Ինչպես ծառն՝ իր արմատներով,

Ինչպես քարն՝ իր ծանրությամբ,

Եվ համբուրում եմ նրա մեջ այն արյունը,

Որ այս երկրի փրկության համար

Թափվում է հայ զինվորի սրտից…»

1