Հայապահպանության վտանգը միայն Սփյուռքում չէ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հայապահպանության վտանգը միայն Սփյուռքում չէ

Հայապահպանության վտանգը միայն Սփյուռքում չէ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Ջերսիի մասնաճյուղի հրավերով օրերս ԱՄՆում էր Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն, երիտասարդ գրող Հերմինե Ավագյանը։ Այցի մանրամասների և տպավորությունների մասին «Ապառաժ»-ը զրուցել է նրա հետ։

— Մարտի 23-ից մինչև ապրիլի 3-ը Դուք՝ որպես երիտասարդ գրող, հրավիրվել եք ԱՄՆ։  Ո՞վ է կազմակերպել այցը, ովքե՞ր էին Ձեզ հետ մեկնել և ո՞րն էր այցի հիմնական նպատակը։

—   Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Ջերսիի մասնաճյուղի կողմից հրավեր ստացա՝ մասնակցելու «Վերածնունդ» խորագրով միջոցառմանը, որը նվիրված էր հանուն hայրենիքի անմահացած մեր հերոսների հիշատակին: Միջոցառումը գրական-մշակութային էր. բաղկացած էր թե՛ համերգային ծրագրից, թե՛ գրական մասից: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան Համազգայինի Նյու Ջերսիի «Նաիրի» պարախումբը, ազգային պարերի վարպետ Գագիկ Գինոսյանը, ամերիկահայ հայտնի երաժիշտ, երգահան Արա Դինքջյանը, երիտասարդ դուդուկահար Արսեն Պետրոսյանը, երգիչ Արաբո Իսպիրյանը, երգչուհի Նունե Եսայանը: Միջոցառման գրական մասում ընդգրկված էին ընթերցանություններ իմ «Օրացույցից պոկված օրեր» գրքից, թեման՝ պատերազմ, հայրենիք, խաղաղության երազանք… Մեծ  պատասխանատվություն էր ինձ համար՝ որպես գրող ելույթ ունենալ, երբ իմացա, որ հազար հոգուց ավելի մարդ կա դահլիճում և նրանք պիտի ունկնդիր լինեն իմ ստեղծագործությունների ընթերցմանը: Առաջին իսկ ելույթից արդեն զգացի, որ անբացատրելի ոգի ու ջերմություն կա դահլիճում, մարդիկ գիտեին, թե ինչի համար են եկել, ու դա գոտեպնդող էր: Այսօր Սփյուռքում շատ դժվար է այդքան հանդիսատես հավաքելը, նրանց հայկական շնչով, ազգայինով ոգեշնչելը, բայց Համազգայինի Նյու Ջերսիի մասնաճյուղը դա արեց, ու ես շնորհակալ եմ, որ առիթ ունեցա այդ գեղեցիկ գործի մի փոքրիկ մասնիկը դառնալ:  Տպավորիչ էր  հատկապես 4-5 տարեկան հայ մանուկներին տեսնել ազգային պար պարելիս, տեսնել, թե ինչպես են օտար ափերում ծնված ու մեծացած իրենց ծնողները ջանք ու եռանդ ներդնում, որպեսզի իրենց երեխաներին հայ մեծացնեն: Քաջալերող է Համազգայինի ջանքերն ու աշխատանքը ներկայիս ուծացման վտանգի պայմաններում հայ մշակույթի պահպանման ու տարածման ուղղությամբ: Ես այդ աշխատանքում միասնություն տեսա և աշխատելու պատրաստակամություն:  Նման կարևոր գործին պետք է սատարել, օգտակար լինել մեր կարողություններով, խորհուրդներով, բարի կամքով: Գովեստի պարապ խոսքեր չեն, որ ասում եմ, այլ անկեղծ տպավորություններ, որ ունեցա: Միջոցառումից հետո նորից ինձ մոտ հույս արթնացավ, որ հայի ազգային տեսակը չի կարող պարտվել, որ մի օր այդ տեսակն է բերելու մեր սպասված լուսաբացը: Պետք է փայփայել այդ տեսակը:

Տարիներ առաջ Նյու Ջերսիի «Նաիրի» պարախումբն այցելել էր Արցախ, և որպես Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու՝ կազմակերպել էի նրանց համերգները Ստեփանակերտում, Մարտունիում և զորամասերից մեկում: Հանդիսատեսը տպավորված էր՝ տեսնելով, թե ինչպես են օտար ափերում փորձում կառչած մնալ ազգային արմատներից: Հիմա՝ տարիներ անց, առիթ ուենցա նրանց ելույթը տեսնելու օտար ափերում: Տարբեր զգացողություններ էին: Երբ նրանք Արցախում էին պարում, ես հպարտություն էի զգում, որ Համազգայինի մեծ ընտանիքի  անդամն եմ, երբ նրանց տեսա օտար ափերում պարելիս, ես հասկացա, որ դա հպարտություն չէ, այլ պատասխանատվության անչափելի զգացում, որովհետև Համազգայինը մեզ սովորեցնում է մեր ամեն մի քայլի համար «հաշվետու» լինել հայրենիքին, գործել միայն ու միայն համընդհանուր նպատակի գիտակցումով, սովորել ու սովորեցնել, կրթվել ու կրթել, պայքարել մշակույթով, գիտելիքով:

— Այցի ընթացքում որտե՞ղ եք հասցրել լինել, ինչպիսի՞ միջոցառումների եք մասնակցել։

— Նյու Ջերսիի «Վերածնունդ» միջոցառումից հետո այցելեցի Նյու Յորք: Նյու Յորքի Համազգայինի մասնաճյուղի և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համատեղ նախաձեռնությամբ հանդիպում ունեցա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ ոչ միայն ներկայացվեցին իմ գրքերը, այլև՝ Արցախի իմ գրչընկերների գրքերից: Միջոցառման կարևոր մասն էր նաև Համազգայինի Արցախի գրասենյակի նկարչության խմբի երեխաների նկարների ցուցահանդեսը: Երեխաների հետ պայմանավորվել էինք բարի գործ կատարել, վաճառեցինք բոլոր նկարները և ամբողջ համեստ գումարը նվիրատվություն արեցի Համազգայինի Կենտրոնական վարչությանը, որովհետև մեր մանուկների ծնողները քաջ գիտակցում են, թե ինչ ծանր վիճակում են Սիրիայի հայ երեխաները, Լիբանանի հայկական ճեմարանն ու մանկապարտեզը և մնացած այլ կարևոր ծրագրերը, որոնք այսօրվա դժվար պայմաններում կատարում է Համազգայինի աշխարհասփյուռ կառույցը: Մենք մեզ այդ ամենի մաս ենք զգում, և որքան էլ տաօրինակ թվա, այո, շրջափակված Արցախում ստեղծագործող մեր մանուկները նաև ձեռք մեկնել գիտեն, որովհետև Սփյուռքը մերն է, մենք՝ Սփյուռքինը, ու այդ միասնությունն է, որ հարատևելու գրավական է: Նյու Յորքում ունեցած հանդիպման ընթացքում կայացավ նաև իմ երկու՝ «Օրացույցից պոկված օրեր» և «Վազում եմ, սպասիր» գրքերի շնորհանդեսը: Առիթ ունեցա խոսելու նաև Արցախի իմ  գրչընկերների գրքերից և նվիրելու այն գրքերը, որոնք կարողացել էի հետս տանել: Ներկաներին պատմեցի Համազգայինի Արցախի գրասենյակի վեցամյա գործունեության մասին, ներկայացրի առաջիկա մեր անելիքները:

Կազմակերպիչները հյուրասիրություն էին պատրաստել և անմիջական մթնոլորտ ստեղծել, որի շնորհիվ ջերմ ու մտերմիկ զրույց ստացվեց: Շնորհակալ եմ Նյու Յորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Մեսրոպ քահանա Լագիսյանին, ով միշտ Համազգայինի կողքին է և ջանք ու եռանդ չի խնայում Հայրնեիքին օգտակար լինելու համար:

Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո ՀՅԴ Արևելյան ԱՄՆ-ի ԿԿ ներկայացուցիչ Անի Չաղլասյանի նախաձեռնությամբ այցելեցի Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին նվիրեցի իմ հեղինակային գրքերը, ինչպես նաև՝ Արցախի իմ գրչընկերների գրքերից: Այսուհետ հայ ընթերցողը կարող է մեզ կարդալ նաև այնտեղ, ու հավատացած եմ, որ այս գրքերի շարքը դեռ համալրելու ենք նորերով:

Վաշինգտոնում այցելեցի նաև Հայ դատի գրասենյակ, հանդիպում ունեցա Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի հետ, ծանոթացա գրասենյակի աշխատանքներին:

Հետաքրքիր էր նաև այցելությունս Բոստոն, որտեղ հնարավորություն ունեցա ականատես լինելու «Հայրենիք» ամսագրի գործունեությանը, ծանոթանալու հարուստ արխիվին: Հատկանշական է, որ երբ թերթում ես հարյուր տարի առաջվա մարտ-ապրիլ ամիսների համարները, իրականությունն այնքան նման է մեր իրականությանը, մեր Հայրենիքի այսօրվա օրհասական վիճակին: Պարզվում է՝ այդպես էլ դասեր չքաղեցինք պատմությունից, դրա համար էլ պատմությունը միշտ կրկնվում է մեզ համար…

Խմբագրությունում բոլորի թեման Արցախն էր, թերթի առաջին էջերում Արցախի շրջափակումն էր՝ երկու լեզուներով: Ուրախ էի «Հայրենիք»-ի այդօրվա համարում տեսնել Արցախից ուղարկված թղթակցությունները ընկերներիս՝ Սիրանուշ Սարգսյանի և Վահագն Խաչատրյանի հեղինակությամբ:

— ԱՄՆ այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Ո՞րն էր ձեր պատգամը Սփյուռքի մեր հայրենակիցներին։

— Ես տեսա ձուլման վտանգը և պայքարելու կամքը. դա դաժան պայքար է, հատկապես՝ մեր օրերում, բայց մենք ուրիշ ուղի և ուրիշ ելք չունենք: Եթե ուզում ենք որպես ազգ գոյություն ունենալ, պիտի պայքարենք ամեն գնով:

Մեզ անընդհատ թվում է, թե հայապահպանության վտանգը միայն Սփյուռքում է, բայց երբ խորազնին նայեք հայրենիքից ներս, կտեսնեք, որ հայապահպանության խնդիրը նաև այստեղ է՝ հայրենիքի ներսում, կտեսնեք, որ  օտարածին բարքերն ու վարքը արդեն մեր ներսում են, դրանք կլանում-տանում են ազգայինը, իսկ պայքարողները շատ քիչ են: Եթե հայրենիքում հային հայ պահելու խնդիր չլիներ, այսօր այս ճակատագրական  օրերին չէինք հասնի: Եկեք նախ միասին մեզ փրկենք, հետո մտածենք Սփյուռքի հային փրկելու մասին: Եկեք միասին նախ հայրենիքը փրկենք, որ Սփյուռքի հայը  վերադառնալու տեղ ունենա:

Այսօր արդեն անհաշվելի օրեր են, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Հայրենիքում ապրող քանի՞ հայ է գիտակցում, որ ոչ թե Արցախը մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհն է փակ, այլ համայն հայության  կյանքի ճանապարհն է փակ, քանի՞ հայ է գիտակցում, որ մեր ժողովրդի լինելիության ճանապարհը Արցախով է անցնում: Եթե խորապես չենք հասկանում դա, ուրեմն մեզ համար մեկ է, թե աշխարհի վրա  որպես ազգ ի՞նչ անունով ենք ապրելու, կամ լինելու՞ ենք առհասարակ: Այս գիտակցումը նախ հայրենիքում պիտի լինի, հետո արդեն սկսենք Սփյուռքին պատգամներ ու դասեր տալ…

— Ինչպիսի՞ տպավորություններով վերադարձաք,  և ո՞րն է Ձեր սրտի խոսքը մեր ընթերցողին:

— Պատերազմից հետո հազվադեպ մարդկանց ու շատ քիչ երևույթների նկատմամբ է հավատս մնացել, որովհետև հասկացել եմ՝ շահը, փառքը, նախանձը, բամբասանքը, չարությունը բույն են դրել մեր մեջ, ու այդ բույնն է ամեն ինչ քայքայում: Համազգայինի  միջավայրում իրական սեր տեսա հայրենիքի նկատմամբ, որը գործով է արժևորվում, գործով է ապացուցվում, ես սեր տեսա ու սեր զգացի, և վերադարձա հավատով, որ այդ սերն է մի օր հաղթելու, որ հայրենիք-սփյուռք միասնությունն է մեր ապագայի միակ ճանապարհը: Ոչ միայն աշխարհի բոլոր ճանապարհները պիտի բերեն հայրենիք, այլեւ՝ մտքի ու հոգու բոլոր ճանապարհները: Շատ քիչ է հայրենիքում սոսկ ապրելը, հայրենիքն էլ մեր մեջ պիտի ապրի: Եթե մեր ներսում հայրենիք չունեցանք, հայրենի հողի վրա ապրելը իմաստազուրկ  է  և  ունայն: Մեր ներսի հայրենիքը պիտի լինի մեր ներքին ձայնը, մեր քայլերն ու արարքներն առաջնորդողը, մեր պատասխանատվության ճիչը, մեր ներսի իրական սերը, որովհետև եթե մեր մեջ սերը չարթնանա, վաղվա օրը հազիվ թե մերը լինի…

— Վերջին հարցի փոխարեն կիսվեք մեզ հետ Ձեր վերջին ստեղծագործություններից մեկով:

— Սիրով կկիսվեմ այս օրերին գրված իմ բանաստեղծությամբ:

***

Քեզ ինչո՞վ ծածկեմ,

Երկի՛ր, որ չմրսես…

Քեզ ծածկողները հեռացան լուռ,

նրանց մարմինները գրկել ու չես տաքանում.

դրսում շատ է ցուրտ,

այս բուքը հեռվից է գալիս…

Վեր կաց,Երկի՛ր,

փոխիր հագուստդ,

քեզ տաք հագուստ է հարկավոր,

որ ամուր կոճկես,

որ երազանքներդ ցած չթափվեն…

Ես քեզ վաղուց սեր չեմ խոստովանել,

Երկի՛ր,

մեծացել ենք դրա համար, ժամանակ էլ չկա,

քեզ հագուստ կարող է հիմա պետք,

որ շատ գրպաններ ունենա.

ցավերդ չէ, ոչ էլ դավերդ,

փառքդ կլցնես մեջը, ուրիշ ոչ մի բան:

Երեխայի պես արթնացիր այսօր,

նորից քայլել սովորիր, նորից խոսիր

ու առաջին բառդ մի տուր ուրիշին,

տվեցիր, մյուսը հայերեն չի լինի հաստատ…

Քո ծառերին վաղը գարուն կգա,

Երկի՛ր,

բողբոջներդ պիտի բացվեն,

բայց քեզ ձմեռվա հագուստ է դեռ պետք,

որ ծաղկած ծառերիդ նորից ձյուն չգա…

Ահա կանգնած եմ քո մեծության դեմ

որպես փոքրիկ ավազահատիկ,

որ քամիները մի օր կտանեն.

ասա, ինչո՞վ ծածկեմ քեզ,

ծածկեմ, չմրսես,

ծածկեմ, որ մնաս…

Զրուզեց Վահագն Խաչատրյանը

1