Հայ ռազմիկը դադար չունի, եթէ նա գիտէ հնազանդւել իր խղճի ու դատողութեան հրահանգներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Հայ ռազմիկը դադար չունի, եթէ նա գիտէ հնազանդւել իր խղճի ու դատողութեան հրահանգներին

Հայ ռազմիկը դադար չունի, եթէ նա գիտէ հնազանդւել իր խղճի ու դատողութեան հրահանգներին

Հայ յեղափոխական դիւցազներգութեան ամենահրապուրիչ դէմքերից մինն է, որ անհետանում է այնքա՜ն վաղաժամ եւ այնքան աբսուրդ ու անսպասելի ձեւով… Խօլերան պոկեց մեր շարքերից մեր աննման Սաքօին, թողնելով ամենուրեք, նոյնիսկ կուսակցական շրջանակներից դուրս, պարապութեան ու սգի մի անդարմանելի զգացում… Մի չարաղէտ համաճարակ, որ համաճարակի կերպարանք էլ չունէր, որ գրեթէ իսպառ յաղթահարւած էր մեր երկրում, բախտի մի կոյր քմահաճոյքով պայթեց յանկարծ եւ իր բոլոր կատաղութեամբ այդ հսկայի վրայ, որ ազատւել էր այնքան անողորմ պատահարներից, որ մի քանի անգամ մեռել էր ու վերակենդանացել, որի առնատիպ կազմւածքը հեգնել էր միշտ ամեն տեսակ հիւանդութիւններ ու հարւածներ…
Յեղափոխական քարոտ ճանապարհի վրայ, ամենավսեմ իղձերով տոգորւած, քալեց նա երկար, շարունակ զարնւելով խոչընդոտների, բայց եւ միշտ ամուր ու անվկանդ: Սկսեց՝ ինչպէս սկսել էին մեր բոլոր անդրանիկ գործիչները եւ վերջացրեր վսեմ, փառահեղ ժեստերով, հանուր յարգանքի արժանացած, փառքի կարմրավառ լուսապսակը ճակատին… Մի գեղեցիկ, հազւագիւտ կեանք՝ հիւսւած ամբողջապէս մարտիրոսութիւնից ու հերոսութիւնից – այդպէս էր մեր սիրելի, մեր անմոռանալի Սաքօն:
Սակայն, այդ բոլորը չէ. պէտք է աւելացնել բուն սաքօյական այն մեծ գիծը, որ մի արտակարգ փայլ է տալիս այդ հերոսութեանը, դարձնում է նրան ոչ միայն ահեղ ու պատկառելի, այլեւ պաշտելու չափ սիրելի: Պէտք է յիշատակել այն չնաշխարհիկ պարզութիւնն ու համեստութիւնը, որոնք միացած մի անսահման բարութեան եւ մի ջինջ, գաղափարական անձնուրացութեան հետ՝ յաւերժացնում են հերոսին ժողովրդական հոգեբանութեան մէջ, դարձնում են նրան իրօք կրօնական պաշտամունքի առարկայ:
Նա երբէք չ’ընկաւ եսի ետեւից, երբէք չը տարւեց ցուցամոլութեան սին տենչերով, նա միշտ ղեկավարւեց պարտքի, խղճի թելադրութեամբ: Նա փառք չը փնտռեց – փառքն ինքը եկաւ շրջապատելու նրան՝ ժողովրդական միահամուռ ապօթէօզի ու գուրգուրանքի մէջ: Մի մաքուր, անաղարտ նկարագիր, մի անես ու անպաճոյճ մարդ՝ որ առաքինութեան մի կատարելատիպ էր ընկերական յարաբերութիւնների մէջ, միշտ բարի ու վեհանձն, միշտ զիջող ու համբերատար եւ միշտ անտրտունջ սպասաւոր Կուսակցութեան ու Գաղափարի.- դա մի գանձ է, մէկը հազւագիւտ բիւրեղներից՝ մեր անփառ իրականութեան մէջ…
Կուսակցութիւնը նրա պարծանքն ու պաշտամունքն էր, Կուսակցութիւնը նրա խիղճն էր եւ նա անպայման հնազանդութեամբ, դիսցիպլինի ամենավեհ ըմբռնումով գնում էր միշտ՝ դէպի ուր մղում էր իր հոգեւոր Հայրը – դէպի տանջանքի ու ռազմի դաշտեր, դէպի ամենավտանգաւոր արկածներ: Սաքօն թիւրքաց Հայաստանումն է, արիւնոտ ու հերոսական կռիւների մէջ, որ նա վարում է քրդական հրոսակների դէմ, ուրիշ կարող զինակիցների հետ, վարում է երկար տարիներ մերթ Վասպուրականում, մերթ պարսկական սահմաններում: Սաքօն յետոյ (1896 թ.) յեղափոխական առաքեալի գաւազանն առած դիմում է դէպի աւելի հեռու, աւելի բարձր, դէպի հայկական ազատութեան խրոխտ միջնաբերդը – դէպի Սասուն… բայց բռնութեան վոհմակները կտրում են նրա ճանապարհը, Սաքօն նետւում է թիւրքական բանտը եւ ամբողջ երեք տարի մնում է այնտեղ (Մուշ), կախաղանի պարբերական սպառնալիքների տակ…
Ֆիզիքական ու հոգեկան տանջանքները չեն խորտակում ազատասէր ռազմիկի կամքը եւ բանտից յետոյ նա նոյն Սաքոն է, զւարթ, կենսուրախ եւ անհունօրէն անձնուրաց, պատրաստ ամեն զոհաբերութեան:
Վրայ է հասնում մի այլ փոթորիկ, հայրենիքի երկրորդ խոշոր հատւածի մէջ ,– այն՝ որ յարուցել էր ցարի արիւնռուշտ կառավարութիւնը, թաթար Հայատեաց աղաների հետ… Թիւրք-հայկական ընդհարումների մէջ հերոսն արդէն ծաւալւում է իր բովանդակ մեծութեամբ, որովհետեւ ունի շարժւելու մի փոքր ազատութիւն, որովհետեւ անյաղթելի խոչընդոտները էլ չեն գալիս կաշկանդելու նրա արծւի սլացքը… Ղազախը նրա հրամանատարութեան տակ… Սաքօն այդտեղ «դիւցազն» է, իր ոսկեփառ զինաւորութեան մէջ, աներեւոյթ ու անպարտելի… ժողովրդական երեւակայութեան հաղորդում է նրան անսովոր յատկանիշները: Նա «Սաքօ-փատիշահ» է թիւրք ժողովրդի աչքում: Նա «պահապան հրեշտակ» է հայ ազգաբնակութեան համար: Նրանից դողում ու պատկառում են: Նրա անձնաւորութեան ու գործերի շուրջը հիւսւում են երգեր, յօրինւում են առասպելներ: Նրա հեղինակութիւնը ահագին է, անգամ հակառակորդների, թշնամիների մէջ. եւ դա սոսկ մտրակի, սոսկ բռնի ուժի մի հեղինակութիւն չէր, այլ եւ բարոյական մի կախարդիչ հմայք… որովհետեւ Սաքօն լանկթիմուրական գծերով օժտւած մի հրոսակապետ չէր, այլ մի ազնիւ ու վեհանձն մարտիկ, որովհետեւ նա միայն չէր զարնում արիւնածարաւ ու անգիտակից խուժաններին այլ եւ յաճախ հանդէս էր գալիս, իբրեւ հաշտարար մի ոգի՝ համերաշխութեան քարոզներով լռեցնելու կոյր ու մոլորւած ֆանատիկոսութիւնը…

Հայ ռազմիկը դադար չունի, եթէ նա գիտէ հնազանդւել իր խղճի ու դատողութեան հրահանգներին: Նրա համար չեն անդորր կեանքի գեղածիծաղ «իդիլլիաները», նրա համար չէ եւ «մանր, անարիւն աշխատանքի», «մանր գործերի» այն սակաւապետ հաւատամքը, որ բնորոշում է մեր երկրի մի կարգ ձախակողմեան կուսակցութիւններին… նա պէտք է միշտ արիւն փնտռէ, նա պէտք է միշտ տանջանքի ու հերոսական մարզանքների աղբիւրից խմէ, որովհետեւ նրա հարազատ ժողովրդի մարտիրոսութիւնը վախճան չունի, որովհետեւ այդ ժողովուրդը, ի դէմս իր բոլոր հատւածների, դրւած քաղաքական ու ցեղագրական անօրինակ պայմանների մէջ՝ ստիպւած է մղել գոյութեան ամենատարրական պատերազմը, մարդկային ամենապարզ, ամենանախնական իրաւունքների գոռ ու արհաւրոտ ճակատամարտը…
Սաքոն վաղուց արժանացել էր խաղաղ կենցաղի իդիլլիային… Ժամանակ էր, որ ռազմիկի բազմատանջ մարմինը եւ նրա մեծ սիրտը հանգիստ առնէին իր նւաճած դափնիների վրայ… Բայց ահա մի ձայն նորէն կոչեց նրան… Մայր Արաքսի միւս եզերքից… Նոյն հայրենի ձայնն էր դա, աղերսագին ու սրտայոյզ, նոյն հարազատ ժողովուրդն էր, նրա երրորդ, ամենափոքրիկ բեկորը, որ պատմական մի հանդիսաւոր ու փոթորկոտ վայրկեանում կանգնած է անզօր ու անապաւէն, ենթակայ նոյն բարբարոս, վանդէական խաժամուժի յորձանքներին…
Սաքօն նորէն կապեց գարիբալդիական պայուսակը, նորէն արբեց վառօդի պաղ բուրմունքով եւ ճանապարհ ընկաւ… ձայնի ուղղութեամբ: Բայց այս անգամ նրան չը վիճակւեց օգնութեան գալ իր սիրած ժողովրդին ,– նզովելի պատահարը շանթեց նրան կէս-ճանապարհին:
Խե՜ղճ Սաքօ… Խօլերային ահռելի տանջանքների, հոգեվարքի երկարատեւ գալարումների մէջ զգա՞ց արդեօք, թէ որքան անողորմ է ճակատագիրը, «նախախնամութիւնը», «աստւածը»… դէպի մի կեանք, որ եղել է ծայրէծայր մարմնացումն բարութեան ու ազնւութեան…
Անարգ բացիլները միացած ռուսական բռնակալութեան ճիրաններին՝ սպանեցին մեր անմոռանալի Սաքօին, նոյնիսկ մահւան հանգրւանում նրանք թոյլ չը տւին, որ այն ժողովուրդը, որ գուրգուրել ու յաւերժացրել էր նրան իր երգերի ու առասպելների մէջ, համախմբւէր պաշտելի դիակի շուրջը եւ հսկայական թափորներով կատարէր նրա վերջին սգաշունչ ապօթէօզը…
Գնում են մին միւսի ետեւից հայկական ազատամարտի անդրանիկ զինւորները. մէկն էլ մարեց հին, փառահեղ բոյլից, շարքերը նօսրանում են… Մխիթարական մի հանգամանք կայ, մի մեծ սփոփանք այդ նոր բացւող խնկելի շիրիմների հանդէպ .– այն՝ որ անձնուրացների բանակը արիւնաներկ ու վշտակիր հայրենիքում մօտեցել է իր նպատակին… գրեթէ արդէն հասնելու չափ: Ապարդիւն չ’անցաւ քսան տարւայ յուսահատ ու մրրկոտ պայքարը: Ապարդիւն չ’անցաւ օրհասական ու խօլական նահատակութիւնների արիւնազանգ շարանը… Սաքօն գիտակցում էր այդ եւ նա չ’եղաւ իր կեանքի վերջալոյսին այնպէս անբախտ, այնպէս տխուր, անմխիթար, ինչպէս իր հարիւրաւոր ընկերները, որոնք ընկել են զարհուրելի մարտադաշտերում, «վրէ՜ժ ու ազատութի՜ւն» մրմնջալով եւ որոնց անթաղ դիակները վաղուց փոշիացել ու կուլ են գնացել Հայաստանի հողմերին… Սաքօն մեռաւ մխիթարւած, թէեւ անյագ ծարաւով – էլի՛ ապրել, էլի, գործել հայրենի ժողովրդի համար, էլի՛ հարստացնել իդէալը, կռւի ու ազատութեան յաւերժական գաղափարը…
Պատի՜ւ նրան: Անձնուրացութեան, զուտ, անխարդախ իդէալիզմի հետամուտ հոգիները՝ ներշնչւելու, ընդօրինակելու միշտ անսպառ աղբիւր կը գտնեն Սաքօի ջինջ անձնաւորութեան, նրա հմայիչ կերպարանքի մէջ…
Եւ եթէ երբեմն, գիտակցութեան խաւարումի վայրկեաններում, չոր ու կոպիտ նիւթապաշտութեան ասպետները, սկեպտիցիզմի հեղգ ու ամուլ հոսանքով տարւած, փորձեն արհամարհել «զուտ իդէալիզմն» ու յեղափոխական մօրալի «վճռական հրամայականները» — յիշեցրէք նրանց… Սաքօին:


«Դրօշակ» — Նոյեմբեր-Դեկտեմբեր 1908Թիւ 11-12 (198)

1