Հայ օգնության միության «Սոսե» մանկապարտեզների տնօրենները Իրանում
Գլխավոր » Լրահոս » Հայ օգնության միության «Սոսե» մանկապարտեզների տնօրենները Իրանում

Հայ օգնության միության «Սոսե» մանկապարտեզների տնօրենները Իրանում

Իրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունն այս տարի տոնում է կազմավորման 78-ամյակը: Տոնակատարության միջոցառումներին մասնակցելու համար Արցախից հրավիրված էին Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի տնօրեն Նելլի Ղուլյանը և Խնձիրստանի «Սոսե» մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Գրիգորյանը: Հուլիսի 2-6-ը տևած այցի մանրամասների, ստացած տպավորությունների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Նելլի Ղուլյանի հետ:

Նրա խոսքով՝ համավարակի, 44-օրյա պատերազմի պատճառով մի քանի տարի այդ տոնը չէին նշում, և որոշել են այս տարի մի քիչ այլ ձևաչափով նշանավորել այն:

Հուլիսի 4-ին մեծ շուքով նշվել է կազմակերպության 78-ամյակը, հրավիրված էին տարիների ընթացքում կենտրոնի հետ առնչություն ունեցած մարդիկ:  Պաշտոնականին հաջորդել է երաժշտական մասը, նաև ճաշկերույթ էր նախատեսված: Պաշտոնական մասի ժամանակ ելույթ է ունեցել նաև Նելլի Ղուլյանը՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը և կարևորելով Իրանի համայնքի և ընդհանրապես Սփյուռքի դերը տարիներ շարունակ Արցախի կողքին գտնվելու, վերքերն ամոքելու գործում:

Արցախից ժամանած հյուրերն Իրանում Արցախի այցեքարտ համարվող ժենգյալով հաց պետք է թխեին: «Քանի որ եղանակը տաք էր, այստեղից հնարավոր չէր կանաչիներ տանել և ստիպված տեղում ենք հայթայթել անհրաժեշտ բաղադրիչները: Այնտեղ ժենգյալով հացն ուրիշ ձևով էին թխում, մենք մեր տարբերակը ցույց տվեցինք: Մեզ համար հատուկ տաղավար  էին հատկացրել, այստեղից էլ փախլավա էինք տարել: Շատ հավանեցին և՛ ժենգյալով հացը, և՛ փախլավան: Ընկերուհիները արագ-արագ կտրտում ու բաժանում էին, բայց սեղանից հերթը չէր վերանում»,- պատմում է Նելլի Ղուլյանը:

Հաջորդ օրերին նրանք այցելել են առաջնորդական, «Ալիք» թերթի խմբագրություն, հայկական եկեղեցիներ, «Թևանիկ» բարեսիրական խմբի գրասենյակ, թանգարաններ: «Շատ էինք ուզում մեր մասնագիտության հետ կապված մանկապարտեզներ էլ այցելել, բայց այնտեղ հայկական մանկապարտեզները դպրոցների հետ ամառային շրջանում փակվում են»,- նշում է Ստեփանակերտի Սոսե մանկապարտեզի տնօրենը: Նա նշեց, որ հայկական փակված դպրոցներ էլ կային, քանի որ հայ համայնքի ներկայացուցիչների մեծ մասը հեռացել է Իրանից: Բայց ուրախալի է, որ զգալի թիվ էին կազմում ՀՀ-ում հաստատվածները:

«Սոսե» մանկապարտեզների տնօրենները տպավորված են վերադարձել: «Շատ ջերմ ընդունելության ենք արժանացել, որոշ պահերի նույնիսկ մոռանում էինք, որ այլ երկրում ենք գտնվում: Իրանի համայնքը միշտ էլ մեր կողքին է եղել, «Հայ կին» միությունը դեռ 1998թ. մանկապարտեզի մեր առաջին հովանավորներից էր: Հիմա էլ ամեն կերպ պատրաստ են օժանդակելու, շատերն են ցանկություն հայտնել այցելել Արցախ: Նրանք էլ, ինչպես ողջ հայությունը, անորոշ կացության մեջ են, բայց հույս ունեն, որ լավ կլինի»- ասում է Ն. Ղուլյանը:

Հավելենք, որ Իրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը ստեղծվել է 1944 թվականին, և մասնաճյուղեր ունեցել Իրանի տարբեր քաղաքներում, որոնցում եղել է հայ համայնք, ինչպիսին են Թեհրանը, Սպահանը, Թավրիզը, Ուրմիան, Գերդաբադը, Շիրազը, Էրաքը, և Շահին Շահրը։ Ներկայումս կազմակերպությունում աշխատում են 4 միություններ՝ սկաուտական, մարզական, արվեստների և երեցների, ինչպես նաև՝ 4 մասնաճյուղեր՝ Թավրիզի, Ուրմիայի, Գերդաբադի և Շիրազի։

Տ. Աղաջանյան

1