Հայ կինը մեկ առաքելություն ունի. որքան հնարավոր է շատ զավակներ ծնել ու դաստիարակել ազգային ոգով
Գլխավոր » Լրահոս » Հայ կինը մեկ առաքելություն ունի. որքան հնարավոր է շատ զավակներ ծնել ու դաստիարակել ազգային ոգով

Հայ կինը մեկ առաքելություն ունի. որքան հնարավոր է շատ զավակներ ծնել ու դաստիարակել ազգային ոգով

Որքան էլ աշխարհը զարգանում և գլոբալիզացվում է, անհետանում են պետական սահմանները, իսկ մարդիկ էլ փորձում են հետ չմնալ այդ խելագար հևքից, հայ ազգը կարողանում է պահել իր ամբողջականությունը միմիայն ազգային դաստիարակության և ավանդույթների շնորհիվ: Այդ դաստիարակության մեջ հատկապես վճռական է եղել հայ մայրերի դերը:

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մեր կանայք իրենց ուրույն դերն են ունեցել ոչ միայն ազգի հարատեւման հենասյան՝ ընտանիքի ամրության ու ավանդույթների պահպանման գործում, այլև նույնիսկ ֆիդայական շարժման ժամանակ ծպտյալ հագուստներով տղամարդկանց հետ հավասար մասնակցում էին մարտերին:

Կանանց ունեցած դերակատարության մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանի հետ, ումից նախ փորձեցինք հասկանալ հայ կնոջ ու մոր նշանակությունը, ինչին ի պատասխան՝ նա նշեց.

-ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամակցության տարիներին, երբ բավականին ակտիվ էի երիտասարդական և հասարակական կյանքում, մի անգամ Արկադի Կարապետյանն ասաց, որ  արժեք չունի իմ կատարած աշխատանքները, եթե չծնեմ զավակներ և չդաստիարակեմ այն նույն ոգով, որն իմ մեջ է: Այդ պահին շատ վիրավորվեցի՝ խոսքերն ընդունելով որպես նկատողություն, որովհետև այդ տարիներին՝  թվում էր, թե ես շատ կարևոր հարցերով եմ զբաղված: Այսօր, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե որքան ճիշտ էր պարոն Կարապետյանը: Հայ կինը մեկ առաքելություն ունի. որքան հնարավոր է՝ շատ զավակներ ծնել ու դաստիարակել ազգային ոգով: Կարծում եմ՝ հայ կինը մայրանալուց հետո դադարում է լինել կին, նա դառնում է Հայ մայր:

-Կանայք մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում տղամարդկանց հավասար դերակատարություն են ունեցել ռազմական և քաղաքական գործընթացներում, որոնք շրջադարձային նշանակություն են ունեցել մեր ժողովրդի

համար: Ձեր կարծիքով, կանայք այսօր էլ նույն կերպ ներգրավվա՞ծ են նմանատիպ գործընթացների մեջ:

-44-օրյա պատերազմից հետո փորձել եմ հասկանալ մեր որոշ բացթողումների պատճառները, թե արդյոք մենք` կանայք, ունե՞նք մեղքի  մեր բաժինը, և արձանագրել, որ՝ այո, մեղքի մեծ բաժինը մերն է: Եթե կինը կարողացել է իր կողքին հանդուրժել նկուղում թաքնված, կամ հիվանդության տակ քողարկված ամուսին, ապա՝ այո, մենք շատ ենք հեռացել հայ կնոջ կերպարից: Տղամարդն առաջին հերթին իր կնոջ ու երեխաների աչքերում պետք է լինի հայ տղամարդ իր բոլոր չափանիշներով: Եթե հայ կինը կարողանում է իր կողքին հանդուրժել այդ տեսակ տղամարդու, ապա բնական է, որ արձանագրելու ենք այսպիսի կորուստներ: Ես սխալները երբեք չեմ կապում ժամանակների հետ: Բոլոր ժամանակներում էլ սխալներ եղել են, այստեղ հարցը պետք է դնել տոկոսային ինչ հարաբերակցության մեջ: Եթե այսօր ոչ հայ կինն է իր տեղում, ոչ հայ տղամարդը, ապա դրանում առաջին հերթին մեղավոր է տվյալ երկրում վարվող գաղափարական դաստիարակության ուղին: Երբ երկրի ներսում փոխվել է արժեհամակարգերը, ապա մեծացող սերունդը դրանում մեղավոր չէ: Երբ պատերազմի առաջին  օրերին առաջինը ընտանիքը երկրից հանում է պետական պաշտոնյան, ապա չի կարելի մեղադրել ժողովրդին: Հայ կինն այսօր իր տեղում չէ: Հայ կինը, իմ կարծիքով, շատ է հեռացել հայ կնոջից:

-Դուք, լինելով ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, զբաղեցնելով պետական պաշտոն, նաև ունենալով այդ ոլորտում աշխատելու փորձ, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն ու ինչպիսի՞ սպասումներ ունեք ապագայից:

-Պատերազմից հետո ինձ թվում էր, թե բոլորը կուղղեն իրենց նախկին սխալներն ու կփորձեն առավելագույնս ազնիվ ու հայրենանվեր գործունեությամբ զբաղվել: Սակայն, այն իրականությունը, որի հետ բախվեցի, նույնիսկ ինձ էր ժամանակ հարկավոր եղել հոգեպես վերականգնվելու համար: Դժբախտաբար, պետք է արձանագրել, որ այսօր գրեթե ոչ մի պետական աշխատող ու  պաշտոնյա չունի այն կարևոր չափանիշները, որն անհրաժեշտ է մեր տեսակ պետությունների համար: Մատների վրա կարող ենք հաշվել բարոյական, ազգային ու պետական մտածողության տեր պետական պաշտոնյաների ու  ղեկավարների: Եթե այս կարևոր չափանիշները պետական պաշտոնյաները չունենան, ապա՝ ինչ փոփոխություններ էլ կատարենք, անօգուտ է: Մի բանում վստահ եմ, ամեն ինչ լավ է լինելու, եթե ամեն մեկս մեզանից կախվածն անենք:

-Արցախում պատերազմից հետո կյանքն ավելի ու ավելի է բարդացել: Ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ մեր կանայք այս իրավիճակում:

— Պատերազմ տեսած երկրում, բնական է, որ պետք է դժվարություններ լինեն ու դեռ լինելու են: Ու այդ երևույթը չպետք է խուճապային մթնոլորտ ստեղծի, այլև ստիպի միջոցներ ու հնարավորություններ գտնել իրավիճակից դուրս գալու համար: Անելիքները շատ-շատ են. պետք է գիտակցենք, որ զրո կետից նորից  սկսելու ենք կերտել՝ բացառելով նախկին սխալները: Նոր իրավիճակ է մեզ համար ստեղծվել, բայց պայքարի ուղին նույնն է մնացել: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, իրականում մեզ ավելի է ուժեղացնում: Սկզբից փորձել են որոշակի նյութական ծրագրերով մեզ պահել Արցախում, որը համարում եմ սխալ երևույթ: Պետք է անկեղծ լինել մեր  հասարակության հետ. պետք է ասել, թե մենք իրականում ինչ իրավիճակում ենք: Չի կարելի հասարակությանը խաբելով ապագա կերտել:

-Ասում են՝ հայ մայրերի ափերի մեջ պետք է փնտրել փրկություն: Այսօր ևս արդիակա՞ն եք համարում այս թեզը:

-Դա սկզբունք է, ու մենք շատ ենք հեռացել այդ սկզբունքից: Ավելին կարող եմ ասել. հայ մայրն է հեռացել իր սկզբունքներից, որի հիմնական պատճառն ազգային դաստիարակության ու կրթության բացակայությունն է: Անարդարության դեմ պայքարողը երիտասարդությունը պետք է լինի, իսկ սերունդ դաստիարակողը, առաջին հերթին, մայրը: Մեր ամենամեծ զինանոցը մոր դաստիարակությունն է: Այս պատերազմը ցույց տվեց, որ մենք զորքի խնդիր չունեինք, այլ` զորավարների, իսկ զորավարներին ծնողը մայրն է: Վերջերս շատ եմ առնչվում երիտասարդ կանաց հետ, որոնց մեջ ոչ թե հայրենասիրությունն է բացակայում, այլ` հայրենաճանաչությունը: Եթե այսօր Արցախում ամուսնություններ են տեղի ունենում ու երեխաներ են ծնվում, սա վկայում է հայ կնոջ՝ այս հողում ապրելու վճռական լինելու փաստը: Մնացած անելիքներն արդեն պետական կառավարման ու ազգային կրթության ճիշտ ընթացքի մեջ դնելու հարց է:

-Այս 30 տարիների ընթացքում սերունդների դաստիարակության մեջ ունեցել ենք բացթողումներ: Իսկ պատերազմից հետո ինչպիսի՞ դաստիարակություն պետք է տրվի նոր սերնդին:

 -30 տարիների ընթացքում մենք եղել ենք հաղթանակած, որը, դժբախտաբար,  հղփացրել է ոմանց, ովքեր որոշակի դերակատարություն են ունեցել այդ հաղթանակի կերտման գործում: Ստեղծել ենք հերոսներ, ովքեր չեն ապրել ու գործել հերոսին վայել կյանքով, ովքեր վատ օրինակ են հանդիսացել երիտասարդության կայացման ճանապարհին: Դժբախտաբար, այսօր էլ ենք տեսնում հղփացած, այսպես ասած՝ «լավ կռվող տղաների», որոնց երբեմն ուզում եմ մի լավ խոսք ասել: Երկու տարի է ատամներս սեղմած ապրում եմ, փորձում եմ զուսպ լինել, որ չասեն, հարազատ է կորցրել ու դրանից չարացել է, բայց մյուս կողմից էլ՝ եթե լռում ես արատավոր երևույթներ տեսնելով, նպաստում ես ավելի մեծ արատավոր երևույթի ծնվելուն: Դաստիարակության առումով՝ ասել ու շարունակում եմ ասել. մեր գաղափարախոսությունը` Հայ Դատը, հայ ժողովրդի ազատագրական պայքարը պետք է դարձնել դպրոցներում ուսուցման առարկա և ամենօրյա ռեժիմով դասավանդել մեր սերունդներին: Հասարակության շատ քիչ տոկոսը գիտի դրա մասին: Երբ փորձում ես բացատրել, պատճառաբանում են, որ դու Դաշնակցական ես: Երբ բացատրում ես, որ դա մեր ազգային գաղափարախոսությունն է, համոզվում ես, որ մենք այն մատուցող չունենք, իսկ դա ոչ թե քաղաքական կուսակցությունների խնդիր է, այլ պետական մակարդակով տարվող գաղափարական դաստիարակության խնդիր:

-Երիտասարդությունը ևս մեծ ազդեցություն կարող է ունենալ շատ հարցերում: Այսօր ինչպե՞ս եք գնահատում Արցախի երիտասարդական դաշտի ակտիվությունը: Արդյո՞ք այն բավարար է:

-Արցախում ամենաբարձիթողի վիճակում գտնվող մարմիններից մեկը երիտասարդության հարցերով զբաղվող պետական մարմինն է: Մինչ պատերազմը արշավների կամ ճամբարների տեսքով գոնե տեսնում էինք որոշակի աշխատանք, բայց պատերազմից հետո, որը պետք է ամենաակտիվ ու ամենազբաղված մարմինը լիներ, իրականում չկա: Ակտիվ են որոշ երիտասարդական և ուսանողական միություններ, որոնք աջակցություն են ստանում այս կամ այն կուսակցությունից, կամ էլ անհատներից, այն էլ՝ քաղաքական շահերից ելնելով: Երիտասարդության հիմնական զանգվածը չի ցանկանում որևէ քաղաքական ուժի հետ առնչվել: Ուսանողական միությունները չեն աշխատում, չեն պայքարում: Այսօր ամեն ինչ արվում է ավելի շատ ի ցույց դնելու համար, իսկ երբ պետք է սեփական դեմքով ներկայանալ, չկան այդ դեմքերը: Ուսանողների հետ պետք է ամենօրյա ռեժիմով աշխատանք տանել. ամենաանտեղյակ զանգվածը ուսանողներն են, բացառությամբ՝ այն ուսանողների, ովքեր անդամագրված են որևէ  կառույցում:

Այս համընդհանուր կացության կողքին, սակայն, պետք է նշել, որ ունենք ակտիվ ու խելացի երիտասարդներ, ովքեր ստեղծում են ու ստեղծագործում Արցախում: Հիանում եմ այդ նպատակասլաց ու ինքնակրթությամբ զբաղվող երիտասարդներով: Նրանք էլ դառնալու են մեր  երկրի շարժիչ ուժը հետագայում: Պետք է կարողանալ երիտասարդությանը լսել ու հնարավորություն տալ ստեղծելու և սխալվելու: Այո՝ սխալվելու, որովհետև երիտասարդն իրավունք ունի սխալվելու, հենց սխալների վրա էլ սովորելու: Ոչ թե սխալ ապրող մարդուն դնել ղեկավար ու պահանջել ճիշտ կառավարում:

-Ի՞նչով պետք է զբաղվի արցախում ապրող երիտասարդը և որը պետք է լինի նրա առաջնային անելիքը:

-Արցախում ապրող երիտասարդը պետք է ապրի Արցախով: Արցախում ապրող ամեն մի երիտասարդ արդեն իսկ գիտի իր անելիքը: Մեծ հաշվով, մեզանից առաջին հերթին պահանջվում է այստեղ ապրել ու ճիշտ ապրել: Չեմ կարծում, որ այսօր Արցախում զբաղվածության խնդիր կա: Մեծից փոքր՝ բոլորն ստեղծում են: Մեկ-մեկ նույնիսկ անհանգստանում եմ, թե դպրոցական նստարանից աշակերտն ինչու է ուզում այսօր աշխատանք գտնել: Այդքան կեցության հարց չկա, իրականում շատ ենք նյութական արժեքների հետևից ընկել: Ինչով էլ զբաղվի Արցախում ապրող երիտասարդը, պետք է ազնվությամբ ու սեփական քրտինքով վաստակի, որովհետև մեր մեծերը միշտ ասել են, որ հարամ ճանապարհով վաստակածը գալիս է հալալն էլ հետը քշում, տանում:

Ես չեմ ընդունում, երբ շատերն ասում են՝ երջանիկ ենք ապրել մինչև պատերազմը, բայց չենք գնահատել: Իր կյանքը գնահատող մարդը միշտ էլ գնահատում է այն, նույնիսկ՝ պատերազմի ժամանակ: Պարզապես պետք է արժևորենք ու կարևորենք ամեն մի օրը, ու, որպես Արցախում բնակվող հայորդի, հարց տանք յուրաքանչյուրս մեզ, թե ինչ ենք այսօր արել Արցախի ու մեր կյանքն ավելի լավը դարձնելու համար:

Հարցազրույցը՝ Վահագն Խաչատրյանի

1