«Հայ» գրականության ծրագրային չափորոշիչներ կամ ազգային ինքնաոչնչացում
Գլխավոր » Լրահոս » «Հայ» գրականության ծրագրային չափորոշիչներ կամ ազգային ինքնաոչնչացում

«Հայ» գրականության ծրագրային չափորոշիչներ կամ ազգային ինքնաոչնչացում

«Հայ» գրականության ծրագրային չափորոշիչներ կամ ամբողջն ընդհանուրի մեջ՝ ազգային ինքնաոչնչացում: Որտե՞ղ ենք գնում, ո՞վ է մեր տերը, որտե՞ղ է մեր ուղեղը:

Այսպես է Հադրութի շրջանի Բանաձորի հիմնական դպրոցի «Հայոց լեզվի և գրականության» ուսուցիչ Վիտալի Պետրոսյանը վերնագրել կրթական նոր չափորոշիչների մասին իր գրառումը Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Ուսումնասիրելով «Հայ» գրականության չափորոշիչները, նա կատարել է հետևյալ դիտարկումները. ստվերում է մնացել Մեծ Եղեռնի թեման, որն ընդամենը որոշակիորեն արտացոլվում է Դ. Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքում և Գ. Մահարու «Պատանեկություն» վեպում, Արցախյան պատերազմի թեման, որն արտահայտվում է Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» և «Քո դեմքով և նմանությամբ» ստեղծագործություններում և Խաչիկ Մանուկյանի «Բարձունքը մերն է, տղերքը չկան» բանաստեղծությամբ:

Ուսուցչի կարծիքով՝ հին ծրագրում նույնպես Մեծ Եղեռնի թեմատիկան ևս թերի էր, իսկ արցախյան պատերազմի մասին խոսք չկար, «բայց նորը հնին փոխարինելու է գալիս առաջընթացի համար և ոչ թե ուղղակի հինը «փոխելու» համար:

««Արցախն Հայաստան է և վերջ» «թևավոր» խոսքի հեղինակներն այս թևավոր խոսքերը ճախրեցնում են միայն այն ժամանակ, երբ դա իրենց քաղաքականապես ձեռնտու է, բայց ՀԱՅ գրականության դպրոցական չափորոշիչներում դիտավորյալ կերպով «մոռանում են» ընդգրկել գոնե մեկ արցախցի գրողի, կարծես Արցախում ընդհանրապես ոչինչ չի ստեղծվում, այնինչ արցախցի գրողների ստեղծագործությունները ծնվում և թրծվում են հենց պատերազմի դաշտում, ունեն արյան և ծխի կնիք, որը զմռսված է ներկայով ու ապագայով: Այլ հարց է, եթե այս չափորոշիչն այլ նպատակներ է հետապնդում: Թե չէ, ծրագրից ինչու՞ պետք է դուրս մնային Շահան Շահնուրի և Կոստան Զարյանի Սփյուռքի խնդիրներն արծարծող ստեղծագործությունները, որոնք չփոխարինվեցին ոչնչով:

Կարծես Ցեղասպանություն չի եղել, կարծես ընդհանրապես չկա Սփյուռք, կարծես Արցախյան պատերազմը վերջացել է և մեր աշակերտները միայն պետք է տապակվեն համամարդկային ցավերով, ինչպիսին 8-րդ դասարանի ամբողջական արձակն է. ամենուր մահ, որ սկսվում է «գեղեցիկ» կերպով, հետո «փայլում» իր դաժան երանգներով և մեր տասներեք տարեկան երեխաները պետք է իրենց ուսերին կրեն համամարդկային ցավի բեռը, առանց տեսնելու, որ աշխարհում, վատ բաներից բացի, լավ ու երջանիկ բաներ էլ կան: Չկա որևէ լավատեսություն կյանքի նկատմամբ, այլ միայն ռեալիզմն է` իր ամենադաժան գույներով:»,- գրել է Վ. Պետրոսյանը:

Վիտալի Պետրոսյանը նկատում է, որ 7-րդ դասարանում աշակերտները սկսում են ուսումնասիրել նոր առարկա` «Գրականություն», բայց որևէ խոսք չկա առարկան բնութագրելու մասին. «Ծրագրային չափորոշչում քնարերգությունից նոր հեղինակ է Հովհաննես Գրիգորյանը, այնինչ Հ. Գրիգորյանի ստեղծագործությունները պետք է ուսումնասիրել ավագ դպրոցում և ավելի մանրամասնորեն, քան ներկայացված մեկից երեք բանաստեղծություններով: Արձակում նոր հեղինակներ են Վիլյամ Սարոյանը, Գրիգը, Լյուդվիգ Թոման, Վահան Թոթովենցը, Հ. Զուդերմանը, Ռ. Պալացիոն: Հետևյալ հեղինակներից Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքը, որպես ժամանակակից արձակ, եթե համեմատենք մյուս հեղինակների ստեղծագործությունների հետ, թույլ պատմվածք է, իսկ ժամանակի մեջ աշակերտը պետք է դիտարկի գրականության զարգացումը: Վերոնշյալ հեղինակների և ստեղծագործությունների կողքին միանգամայն անիմաստ է դիտվում Լյուդվիգ Թոմայի «Քեռի Ֆրանցը» պատմվածքը, որը կարելի է փոխարինել լավատեսական այլ ստեղծագործությամբ»:

Այնինչ, ըստ ուսուցչի, հայկական դպրոցի խնդիրը ոչ միայն աշակերտի կրթությունն է, այլև դաստիարակությունը. «Հոգեբանության տեսանկյունից ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս ստեղծագործությունների հավաքական կերպարը մեկ դասարանում անցումային տարիք ապրող երեխաների հոգեբանության վրա»:

«9-րդ դասարանի ծրագրում նախկին ծրագրից պահպանվել են միայն «Սասունցի Դավիթ» էպոսը, Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը և Վիլյամ Շեքսպիրը: Ծրագրից հանվել են Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացու գլխավորությամբ բոլոր պատմիչները, Գրիգոր Նարեկացու գլխավորությամբ հայ միջնադարյան գրականությունը, Սայաթ-Նովան, Ռաֆայել Պատկանյանը:

Եթե շարժվենք այն հոգեբանությամբ, որ հայոց պատմիչների ստեղծագործությունները զուտ պատմություն են, որ դրանք առաջին հայ գրավոր հուշարձանները չեն, պետք է նաև մերժենք բանահյուսությունը, որպես գրականության բաղկացուցիչ մաս և մերժենք պատմությունների գեղարվեստականությունը:

Իսկ Գ. Նարեկացուն և Սայաթ-Նովային ընդհանրապես դպրոցական ծրագրից դուրս թողնելը համարում եմ անհեթեթություն, դա այն դեպքում, երբ Սայաթ-Նովային փորձում են «յուրացնել» մեր հարևանները, դա այն դեպքում, երբ Նարեկացու մեծությունը ճանաչում է ամբողջ համաշխարհային գրականությունը: Քնարերգությունից ավելացված հեղինակներ են Վ. Տերյանը, Հ. Սահյանը, Պ. Սևակը, Վ. Դավթյանը, Հ. Արան, Ն. Աթաբեկյանը, արձակից` Լ. Խեչոյանը, Վ. Պետրոսյանը, դրամատուրգներից` Շիրվազանդեն:

Ավելացված հեղինակների ստեղծագործություններն ընդունելի են` անընդունելի է ազգային արժեքների նկատմամբ ոտնձգությունը` ի դեմս Մ. Մաշտոցի, Մ. Խորենացու, Գ. Նարեկացու, Սայաթ-Նովայի:
10-րդ դասարանում նոր թեմա է մտցված` գրական ժանրեր, գրական երկի կառուցվածքը: Ամբողջությամբ հանված է Ոսկեդարի և հայ միջնադարյան գրականությունը: Առաջարկված հեղինակներն ու ստեղծագործություններն ընտրության լայն հնարավորություն ունեն, ինչը համարում եմ դրական: 10-րդ դասարանի ծրագրային թերությունը Ոսկեդարի և միջնադարյան գրականության դուրս մղումն է:

11-12-րդ դասարանների ծրագրերը համարում եմ ընդունելի:
Հետևյալ դիտարկումներից բացի ծրագիրն ընդհանուրի մեջ ունի մի քանի էական թերություններ ևս: Նախ ծրագրում համարյա բացակայում է արկածային գրականությունը, որը հատկապես կարելի է ընդգրկել 7-9-րդ դասարանների ծրագրում: Ժամանակակից և առավել հայտնի մի շարք բանաստեղծներ, ինչպիսիք են Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը ևն, չեն ընդգրկվել ծրագրում: Մեծ Եղեռնը և Արցախյան պատերազմը, Սփյուռքը և նրա հիմնախնդիրները ծրագրում ներկայացված են մակերեսորեն, չկա այնպիսի խորքային ստեղծագործություն, որը պարզաբանի իրականության ամբողջ էությունը:

Ծրագրի ընդունման դեպքում հաջորդ ամենաէական խնդիրը, հատկապես գյուղական դպրոցներում, լինելու է ծրագրային գրականության բացակայությունը, դա այն դեպքում, երբ մի շարք ստեղծագործություններ բացակայում են համացանցի հայկական տիրույթում, առկայության դեպքում էլ պետք է հաշվի առնել, որ բոլոր աշակերտները չէ, որ ապահովված են համապատասխան տեխնիկական միջոցներով»,- գրառման մեջ նշել է Վիտալի Պետրոսյանը:

1