Հայ երիտասարդությունն է, որ պետք է կատարի այս առաքելությունը և պարտադրի հայ ժողովրդի հաստատման օրակարգը

— ՀՅԴ Երիտասարդական, ուսանողական և պատանեկան միությունների այս համագումարը տեղի է ունենում հայ ժողովրդի ճակատագրական ժամանակաշրջանի ընթացքում։ Այսօրվա մարտահրավերները լեցուն են պետականակործան ու ազգակործան հետևանքներով։ — Այս մասին ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման պաշտոնական արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը։
«Հայ ժողովրդի ամենատարածուն քաղաքական ու երիտասարդական կազմակերպությունը՝ ՀՅԴ երիտասարդական միությունը, իր աշխույժ գործունեությամբ փորձում է դիմակայել այս սպառնալիքներին և հակառակ տիրող աննպաստ պայմաններին՝ հանձնառու է հզոր, ժողովրդավառ, ազգային արժեքներ կրող պետություն կերտել։ Հավատում ենք, որ հայրենի պետության շուրջ ստեղծված ներկա անվտանգային ծանր իրավիճակը հաղթահարելու համար պետք է արմատախիլ անել մեր իրականության մեջ հարմարվողականությունը և պարտվողական մոտեցումները։ Հետևաբար ՀՅԴ երիտասարդությունը պետք է շարունակի դիմակայել և իր կտրուկ ընդդիմությունը արտահայտել Հայաստանի ներկա իշխանության նկատմամբ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին դաշնակցական երիտասարդների մուտքը արգելելով՝ Նիկոլ Փաշինյանի վարչախումը իր հակադաշնակցական մոտեցումով փորձեց դարձյալ հարվածել հայկական հիմնական երիտասարդական կազմակերպությանը, որը պայքարում է թուրքի և ադրբեջանցու ցանկությունների դեմ․
«Մենք խանգարում ենք այս իշխանությունների քաղաքականությանը, արգելում ենք, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ, և այս ուղղությամբ մեր պայքարը չպետք է կանգնի։ Ոչինչ չպետք է մեզ շեղի մեր նպատակներից։ Այսօր ուզում ենք ասել, որ այս համագումարին աշխարհասփյուռ մեր կառույցի միակ բացակայող միավորը շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ընկերներն են։ Այս խորհրդաժողովը պետք է տեղի ունենար Արցախում՝ կանգնելու արցախահայության կողքին, այնտեղ ծանոթանալու տիրող իրավիճակին և մշակելու օգնության ծրագրեր։ Շատ անգամ ենք ասել, որ Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է։ Սուտ է այն գաղափարը, թե առանց Արցախի կարելի է ապրել խաղաղ ու անհոգ Հայաստանում»։
ՀՅԴ-ականի խոսքով՝ հայկական իրականության վերջին 30 տարիները ապացուցեցին, որ ՀՅԴ երիտասարդությունը իր անմնացորդ մասնակցությունն է ունեցել և շարունակում է ունենալ հօգուտ Արցախի պայքարի, ռազմական, քաղաքական, տնտեսական և քարոզչական ոլորտներում․
«Արցախում նոր ցեղասպանությունը կանխելու և մեզ պատկանող հավելյալ տարածքները չկորցնելու, գրավված Շուշին և Հադրութը ազատագրելու համար անհրաժեշտ է նոր ազատագրություն։ Երբ հայկական պետությունը հրաժարվել է այս պատասխանատվությունից, հայ երիտասարդությունն է, որ պետք է կատարի այս առաքելությունը և պարտադրի հայ ժողովրդի հաստատման օրակարգը։ Այս համատարած անտարբերության և հուսալքության պայմաններում այս խոսքերը կարող են իրական չթվալ, սակայն եթե չենք ցանկանում Արցախի հայաթափումը, Սյունիքի կորուստը և Երևանի թրքացումը, ապա ստիպված ենք շրջելու այս իրավիճակը։ Մեր աշխատանքների կենտրոնում մեր հայրենիքն է, ՀՅԴ երիտասարդականը հանձառու է նպասել նաև Սփյուռքի գաղութների հզորացման աշխատանքներին»,- ավելացրեց նա։