Հայ Դատի զինվորագրյալները մեր երկրորդ բանակն են. Հակոբ Տեր-Խաչատուրյան
Գլխավոր » Լրահոս » Հայ Դատի զինվորագրյալները մեր երկրորդ բանակն են. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Հայ Դատի զինվորագրյալները մեր երկրորդ բանակն են. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Նոյեմբերի 9-ին Բրյուսելում կայացած Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների ճաշկերույթ-դրամահավաքի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց նրանց, որոնք մասնակցեցին նվիրահավաքին: Նա նշեց, որ ձեռնարկը երախտագիտության զգացումին զուգահեռ նաեւ հաշվետվության առիթ է՝ ներկայացնելու Հայ Դատի գրասենյակների աշխատանքները:

«Սկսած 1991 թ., երբ հպարտությամբ ողջունեցինք Հայաստանի վերանկախացումը, Արցախի գոյամարտի արդյունքը հանդիսացող Արցախի Հանրապետության ստեղծումը, հարստացավ նաեւ մեր Հայ Դատի օրակարգը: Եթե դասակարգենք մեր խնդիրները, կարելի է ասել, որ այսօր ցեղասպանությունը երկրորդ մակարդակի վրա է, որովհետեւ մեր Հայ Դատի բոլոր գրասենյակների եւ հանձնախմբերի համար առաջին տեղում է գտնվում Հայաստանի Հանրապետության զորակցության խնդիրը, նրա միջազգային վարկի, հեղինակության բարձրացումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը` կա՛մ ինքնորոշման իրավունքի շեշտադրմամբ եւ կա՛մ, ուր որ կարելի է, Արցախի միջազգային ճանաչման հարցի արծարծմամբ: Երկրորդ տեղում է գտնվում Ցեղասպանության ճանաչման խնդիրը, որն արդեն բավական ճամփա է անցել եւ դրա կողքին մենք բացել ենք հատուցումների քննարկման հարցը մեր հիմնած Հայ իրավունքների խորհրդի կողմից, որն ուսումնասիրում է անհատական եւ հավաքական հատուցումների հարցը:

Երրորդը` հայապատկան հողերի վրա հայության իրավունքների վերադարձի, հայակերտման խնդիրն է, իսկ չորրորդը` ընդհանրապես ժողովրդի եւ հատկապես երիտասարդության քաղաքականացումն է: Նրանց առիթներ եւ հնարավորություններ տալը ոչ թե խոսքով, այլ հստակ ծրագրերով: Մենք պետք է փորձենք դռներ բացել միջազգային մայրաքաղաքներում, որպեսզի կարողանանք մեր երիտասարդներին ընդգրկել քաղաքական, տնտեսական, մտավորական համալսարանական շրջանակներում և փորձենք բերդը ներսից գրավել»,- հայտնեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Նա տեղեկացրեց, որ երիտասարդությանը վերաբերող այս ծրագրում արդեն ներգրավվել են շուրջ 200 երիտասարդներ՝ Վաշինգտոնից եւ եվրոպական տարբեր մայրաքաղաքներից:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հաստատեց, որ ՀՅ Դաշնակցության պարտականությունն է ծառայել իր ժողովրդին` հաստատապես իմանալով, թե ինչ է նշանակում նվիրումը, կամավոր աշխատանքը, զոհողությունը, եւ եթե հարկ լինի՝ կյանքի գնով պայքարի մասնակցությունը: «Մեր Հայ դատի զինվորագրյալները, մի մասը` արհեստավարժ, ջախջախիչ մասը՝ կամավոր բանակ, նրանք իսկապես երկրորդ բանակն են՝ Հայաստանի ու Արցախի բանակների կողքին, նրանք մեր քաղաքական դաշտի բանակն են, որ Արցախի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների կողքին պայքարում են առաջադրված չորս հիմնական ոլորտներում»,- շեշտեց Բյուրոյի ներկայացուցիչը:

Եզրափակելով խոսքը՝ նա ասաց, որ արհեստավարժության հաջողության և պայքարի հարատևման համար ՀՅՆ-ն դիմում է ժողովրդին, որը միշտ լսում և նեցուկ է կանգնում Դաշնակցությանը:


1