Հայ ազգի հույն դուստրը. Սոֆի Իվանիդիս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » «Այլազգի արցախցիներ» » Հայ ազգի հույն դուստրը. Սոֆի Իվանիդիս

Հայ ազգի հույն դուստրը. Սոֆի Իվանիդիս

‹‹Ապառաժն›› ‹‹Այլազգի արցախցիներ›› շարքում շարունակում է անդրադառնալ Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Այս անգամ մենք զրուցել ենք հունական արմատներ ունեցող, ծնունդով գյումրեցի, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության լրագրող Սոֆի Իվանիդիսի հետ:

Սոֆի Իվանիդիսի հորական պապը Պոնտոսի ցեղասպանությունից մազապուրծ եղած հույներից է, որոնք ցրվել են աշխարհի տարբեր ծայրերում: Պապի շառավիղները հասել են Արցախ եւ բնակվել Մարտակերտի շրջանի հունական Մեհմանա գյուղում: Սոֆիի ընտանիքն Արցախում բնակություն է հաստատել 1984թ.:

Դեռ ուսանողական տարիներին Գյումրիում հայրը ծանոթացել է մոր հետ: Սոֆիի խոսքով՝ հայրը հոգու նուրբ թելերով միշտ կապված է եղել Արցախին, որի համար էլ տեղափոխվել են Արցախ: Սոֆի Իվանիդիսը սկզբնական շրջանում հաճախել է Գյումրու միջնակարգ դպրոցը, իսկ Արցախ տեղափոխվելուց հետո ապրել Մարտակերտ քաղաքում եւ սովորել այնտեղի դպրոցում:

Սոֆին անկեղծանում է, որ մեծացել է ոչ խիստ հունական ընտանիքում, չնայած արդեն գիտակից տարիքում աշխարհայացքի ձեւավորման հետ ակամայից հասկացել են, որ ունեն հունական դիմագիծ ու շարժուձեւեր, ավանդույթներ, մշակույթ, սիրում են հունական խոհանոցը: Սոֆի Իվանիդիսը նշել է, որ ձկնակեր են եւ շատ սիրում են ձիթապտուղ: Նրա խոսքով՝ այդ ամենը տանը մեծերը իրենց խորհուրդ չեն տվել: Պարզապես մեծ տարիքում նկատվել են նրանց հունական ձգտումներն ու հակումները:

‹‹Դա երեւի արյան կանչն է: Մեր մեջ չեն սերմանել հունական ոչինչ, բայց մենք ակամայից սիրում ենք հունական ամեն ինչ: Տեղի հույների դիմագծերը կարող ենք գտնել հունական դիցաբանությունը ուսումնասիրելիս: Անկախ մեզնից՝ գեները խոսում են մեր հունական ինքնության մասին: Մեզ մոտ խիստ ընդգծված է ոտքի երկրորդ մատի՝ առաջինից երկար լինելու հանգամանքը››,- նշում է նա:

Սոֆի Իվանիդիսը պատմում է, որ արցախյան պատերազմի ժամանակ Արցախի հույները դիմել են Հունաստանի կառավարությանը՝ իրենց ընդունելու խնդրով, եւ կառավարությունն ընդառաջել է նրանց: 1992թ. այս կապակցությամբ Արցախի հունահայ շատ ընտանիքներ տեղափոխվել են Հունաստան: Այդ ժամանակ ծնողները որոշել են մնալ Արցախում, հակառակ նրան, որ իրենց ձեռքի տակ ունեցել են Հունաստանի կառավարության կողմից տրված մշտական բնակության ոսկե փաստաթուղթը: Մենք մնացել ենք Արցախում եւ բոլորի հետ ապրել արցախյան պատերազմի դժվար օրերը եւ պատվով հաղթել: Այս ամենի համար ես երբեք չեմ ափսոսացել եւ չեմ մեղադրել ծնողներիս՝ արտերկրում լավ կյանքով ապրելու հնարավորություն չընձեռելու համար:

‹‹Իհարկե, կցանկանայի ճանապարհորդել ամբողջ աշխարհով մեկ եւ ծանոթանալ արտերկրի մշակույթին ու ճարտարապետությանը, բայց իմ անդորրը ես պետք է գտնեմ աշխարհի փոքրիկ անկյունում՝ իմ սիրելի Արցախում: Հիմա առավել եւս չեմ կարող պատկերացնել իմ կյանքն Արցախից դուրս››,- հավելել է նա:

Սոֆի Իվանիդիսի քույրը՝ փոխգնդապետ Սուսաննա Իվանիդիսը, 25 տարի ծառայել է ԱՀ ոստիկանությունում եւ այժմ անցել է վաստակած հանգստի:

Դուստրը՝ Էվա Իվանիդիսը, ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրա ֆակուլտետը: Այսօր նա աշխատում է Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունում, նաեւ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի է:

‹‹Ես ցանկանում էի, որ Էվան բժիշկ դառնար եւ իրագործեր իմ չիրականացված երազանքը: Բայց նա, անկախ իմ կամքից՝ մտավ հեռուստատեսային կյանք: Մենք դասական լրագրության ներկայացուցիչներ ենք, իսկ ժամանակակից սերունդը կրեատիվ մտածելակերպ ունի: Ես զգացել եմ, որ ուղղակի նրան պետք է կողքից հետեւեմ: Էվան բեմի եւ եթերի մարդ է››,- հավելում է նա:

Սոֆի Իվանիդիսի հայրը 1998թ. ստեղծել է ‹‹Հայ-հունական բարեկամության կենտրոն›› հասարակական կազմակերպությունը, որը 2012թ. վերանվանվել է ‹‹Արցախի Հանրապետության հունական համայնք›› հասարակական կազմակերպության: Սոֆի Իվանիդիսը՝ արդեն 2 տարի է, ինչ  հանդիսանում է կազմակերպության նախագահը:

‹‹Փորձում ենք ակտիվ պահել հայ-հունական փոխգործակցության կապերը: Հայ եւ հույն ազգերի դարավոր կապը պետք է ամուր պահել նաեւ Արցախում: Մեզ մոտ հույներ են այցելում Հունաստանից եւ Կիպրոսից: Անցած տարի ԱՀ ՄԵԶՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է Փառատոն, որին ակտիվ մասնակցությունն ենք ունեցել նաեւ մենք՝ մեր հունական մշակույթով ու խոհանոցով››,-ասում է նա:

Սոֆիի խոսքով՝ կազմակերպությունն ընդգրկված է Հայաստանի հունական կազմակերպությունների միության մեջ, որն իրենց աջակցում է՝ ծրագրերին մասնակից դարձնելով: Հայ ազգի հույն դուստրը ափսոսում է, որ մեծերն իրենց հետ հունարեն չեն խոսել եւ այդ առումով ժլատ են եղել:

‹‹Սխալ է ազգությամբ հույն լինել, բայց հունարեն լեզվին չտիրապետել: Ցավոք, Արցախում հույն մասնագետ չունենք, ով կարողանար մեզ գիտելիքներ հաղորդել: Իմ ցանկությունն է՝ կիրակնօրյա դպրոց բացել, որտեղ հույն ընտանիքների երեխաները կարողանան ուսանել եւ տառաճանաչ դառնալ: Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար նյութական աջակցություն է անհրաժեշտ››,- հավելում է նա:

Սոֆի Իվանիդիսն ավարտել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետը: Նա Արցախի  հանրային հեռուստառադիոընկերությունում աշխատում է 20 տարի: Իր գործունեությունը սկսել է լրատվական խմբագրությունից, աշխատել որպես գլխավոր խմբագիր: Այնուհետեւ որոշել է ստեղծագործական եւս մեկ ասպարեզում իրեն փորձել՝ վարելով ‹‹Առողջ Արցախ››, ‹‹Վերնագիրը վերջում››, ‹‹Պահոց››, ‹‹Օրախնդիր›› հաղորդաշարերը:

‹‹Մանկուց երազել եմ բժիշկ դառնալ: Սակայն իմ չիրականացված երազանքը փորձել եմ գտնել հեղինակած՝ ‹‹Առողջ Արցախ›› ծրագրում: Արդեն 10 տարի է, ինչ վարում եմ այս հաղորդաշարը եւ, անկեղծ ասած՝ ես «լողում եմ» այնտեղ: Շատերին թվում է, թե ես բժիշկ եմ: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ հաղորդումը պատրաստելիս ցանկացած թեմայի շուրջ արագ կողմնորոշվում եմ››,- անկեղծանում է նա:

Աշխատասեր եւ անընդհատ պրպտող Սոֆի Իվանիդիսի լրագրողական գործունեության առանցքում մարդն է՝ իր գաղափարներով, հայացքներով եւ խնդիրներով: Որքան է կարողանում բավարարել, նրա կարծիքով՝ հեռուստադիտողը պետք է որոշի:

‹‹Ես բաց եւ անկեղծ եմ աշխատանքում, տանը, հարազատների եւ ընկերների միջավայրում: Ես փորձում եմ մնալ ես››,- ասում է նա:

Սոֆի Իվանիդիսն առանձնացնում է հեռուստադիտողի կողմից սիրված ‹‹Վերնագիրը վերջում›› հաղորդաշարը, որից նա միշտ հոգու բավականություն է ստացել:

‹‹Այսօր ‹‹Պահոց›› ծրագրի հեղինակն ու վարողն եմ: Հաղորդաշարում Արցախի անցյալին վերաբերող թեմաներ եմ արծարծում: Այստեղ էլ եմ ես ինձ շատ լավ զգում: Աշխատում եմ ՀՀ ազգային եւ ԱՀ արխիվների նյութերի հիման վրա››,- հավելում է նա:

Սոֆին հավելում է, որ իրեն հաճախ են հարցնում ՝ հո՞ւյն է զգում իրեն, թե՞ հայ: Ըստ նրա՝ ինչ լեզվով մարդ մտածում է, այդ ազգին էլ նա հակված է եւ ապրում է նրա հոգսերով:

‹‹Բնական է՝ եթե ես ծնվել եմ հայկական միջավայրում եւ հաճախել հայկական դպրոց, իմ բարձրագույն կրթությունը ստացել հայկական բուհում, ապա պետք է լավ տիրապետեմ հայերենին: Եթե ես մտածում եմ հայերեն եւ մտահոգ եմ իմ հայ ժողովրդի ամեն մի խնդրով, ուրեմն ես հայ եմ: Ես հայ ազգի հույն դուստրն եմ››, — հավելում է նա:

Հասմիկ Հակոբյան

1