Հավերժության ճամփորդ՝ հայրենյաց երգը շուրթերին
Այլ կերպ երեւի թե, ոչ, երեւի չէ, այլ հաստատապես հնարավոր չէ պատկերացնել Գեւորգ Հաջյանին դեպի հավերժություն տանող իր երկնային ճանապարհին։ Այդպիսին էր նա իր, ավաղ, կարճատեւ երկրային կյանքի յուրաքանչյուր ժամի, երբ կամա, թե ակամա լռության պահերին անգամ երգը վարար, անսպառ հորդում էր նրա լուսաշող հայացքից՝ ողողելով ունկնդրի ողջ էությունը։
Ասում եմ դա ոչ գեղեցիկ խոսքի համար։ Ամենեւին։ Քավ լիցի։ Ինքս անձամբ քանիցս ապրել եմ այդ զգացողությունը՝ վայելելով Գեւորգի հետ հանդիպելու, զրուցելու, նրա ձայնի, անգամ լռության պահի երգեցիկ հնչերանգներին ունկ դնելու մեծագույն հաճույքը։
Մեր բոլոր հանդիպումներն էլ կայացել են բացառապես Արցախի Հանրապետությունում, որտեղ ահա ավելի քան քառորդ դար է, ինչ ապրում եմ ընտանյոք հանդերձ եւ որի քաղաքացին կոչվելու մեծագույն պատիվն եմ կրում անանց հպարտությամբ։ Որքան հիշում եմ, առաջին անգամ հանդիպել ենք շատ տարիներ առաջ՝ բերդաքաղաք Շուշիում, Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու բակում։ Մինչ այդ բացառապես լրահոսից տեղյակ էի իր մասին։ Անկեղծ ասած՝ ինձ առավելապես հետաքրքրում էր մեր ազգանունների նույնականությունը՝ Հաջյան։ Ո՞վ է մեր տոհմից, ում չեմ ճանաչում եւ ով նման համբավ է վայելում հայ երգարվեստում՝ մտածում էի ես։ Հետագայում է միայն, որ քմծիծաղում էի ինքս իմ վաղեմի միամիտ պատկերացման ու համոզման վրա, թե քանի որ Հաջյան է, ուրեմն իմ հայրենի Գյուրջեւան գյուղի Հաջանց բազմաճյուղ տոհմից է։ Ի դեպ, այդ թյուր պպատկերացումն ունեի լուսահոգի բանաստեղծ Վահրամ Հաճյանի արմատների մասին։ Երբ առաջին եւ, ավաղ, վերջին անգամ հանդիպեցինք ու մեզ ծանոթացրին 1988-ի աշնանը Երեւանում՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ստեղծագործական երեկոյին, «Ես Սիրիայից եմ, արմատներով՝ Կիլիկիայից»,- ներկայացավ նա, «Ես՝ Շամախու կողմերից»,- ասացի։ Գրեթե նույն բեմագիրն ունեցավ նաեւ Գեւորգի հետ իմ առաջին հանդիպումը։ Պարզվեց, որ նա ծնունդով Այնճար գյուղաքաղաքից է, որ գտնվում է Լիբանանի Բեքաա հովտում, իսկ հեռու նախնյաց արմատներով՝ Կիլիկիայից։ Այսինքն՝ Շամախու կողմերի մեր գյուղի Հաջյաններից չէ։ Սակայն ծննդավայրերի այդ իրոք վիթխարի տարածական հեռավորությունը, ինչպես եւ մեր տոհմերի ծագումնաբանական տարբերությունը չխանգարեցին ու երեւի թե չէին էլ կարող խանգարել, որպեսզի մի տեսակ ջերմ զգացողությամբ համակվեինք իրար հանդեպ, որ հետագայում վերածվեց բառիս բուն իմաստով կարծես իրական ազգականների՝ եղբայրների հոգեհարազատության։ Երեւի թե նրանից էր, որ հենց այդտեղ՝ Շուշիի մեր առաջին հանդիպմանը Գեւորգն անսպասելի ինձ կնքեց նոր անունով։ «Ամօղլի»,- ասաց նա։ Որքան էլ օտարահունչ էր բառը, բայց հոգեկան ջերմության ալիք առաջ բերեց իմ մեջ, քանզի ըստ էության, թարգմանաբար նշանակում է ոչ այլ ինչ, քան՝ հորեղբորորդի։ Այդուհետ, երբ ու որտեղ էլ որ հանդիպեինք, բարեւից առաջ «Ամօղլի» անունն էր հնչում նրա շուրթերից՝ դառնալով մեր ազգակցական հոգեհարազատության առհավատչյա ազդանշան։ Հենց այդ հիմքով է, որ երբ Ստեփանակերտում մեր հանդիպումներից մեկի ժամանակ ծանոթացրեց իր սիրասուն տիկնոջ հետ, ես գեղեցկատես տիկին Ֆրիդային,՝ իր իսկ եւ Գեւորգի նշանացի ժպտուն համաձայնությամբ, սկսեցի կոչել Հաջանց հարս։ Գեւորգի հետ մեր հետագա հանդիպումները, ինչ խոսք, պարբերական ու հաճախակի չէին եւ հիմնականում պայմանավորված էին Արցախ կատարած նրա այցերով, որոնց ընթացքում երբեմն հաջողվում էր հանդիպել, այլեւս մերձավոր հարազատի իրավունքով ողջագուրվել, զրուցել։ Իսկ մեր զրույցների հիմնական առանցքը երգն ու երաժշտությունն էր, իր ազատության համար մարտնչող, իր պետական անկախությունը կերտող Արցախը, հայրենի սահմանները պաշտպանող մեր հերոս դիրքապահները, Արցախյան բնակավայրերի, առանձնապես հեռավոր, ծայրամասային գյուղերի բնակիչները, վայրեր, ուր հաճախակի այցելում էր նա՝ հանդես գալով համերգային ելույթներով։
Գեւորգ Հաջեանը նվիրյալն էր Մայր հայրենիքի՝ քաղաքական հանգամանքների պարտադրանքով իրարից արտաքուստ անջատ, առանձին-առանձին անկախ ազգային պետականություն կերտող Հայաստանի եւ Արցախի։ Բարձրյալ Աստված եւ Հայրենիքը նրա համար այն գերակա մեծություններն էին, որոնց ենթակա էին մյուս բոլոր արժեքները՝ ընտանիք, կին ու զավակ եւ այլն։
Հայտնի գրողի խոսքով ասած՝ հայու հայ էր իր հոգու եւ սրտի ողջ խորությամբ ու վեհությամբ, երգչի անզուգական տաղանդով ու անսպառ եռանդով, քրիստոնեական անհուն հավատքով, Հայ Հեղափոխական դաշնակցության հավատարիմ ու անձնվեր գաղափարակրի հավատամքով, հանուն հայրենյաց անձնազոհության պատրաստակամությամբ։ Ուստի եւ, որքան էլ որ առերերեւույթ անսպասելի թվար, ամենեւին զարմանալի չէին Գեւորգի՝ որպես աշխարհազորային մարտիկի, մասնակցությունն Արցախի պաշտպանությանը ՀՅԴ կամավորական զորաջոկատի կազմում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։
Երեւի թե ավելորդ են երեւակայության ճիգերը հստակ, իրապատում պատկերացնելու համար Գեւորգ Հաջյան երգչի եւ հայրենյաց պաշտպան ազատամարտիկի խրոխտ կեցվածքը ռազմի դաշտում՝ զինվորական համազգեստով, հրազենը ձեռքին եւ, ինչպես շփման գծում հարաբերական հրադադարի ու թվացյալ խաղաղության տարիներին էր, դարձյալ ոգեկոչող հայրենաշունչ երգը շրթերին։
…Մարտը, որ հոկտեմբերի 6-ին ռազմավարական կարեւորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար խիզախաբար մղում էր Գերորգն իր դաշնակցական զինակիցների հետ միասին, առավել քան ծանր էր։ Ավաղ, այդ օրը՝ միեւնույն հոկտեմբերի 6-ին, Հաջյանների մեր աշխարհասփյուռ տոհմը միաժամանակ կորցրեց իր երկու անձնվեր զավակներին՝ Գեւորգ Հաջյանին եւ կրտսեր որդուս՝ Արցախի պաշտպանությանը նույնպես կամավորագրված, մասնագիտությամբ ու աշխատանքային գործունեությամբ դիվանագետ Երվանդ Հաջյանին (ավագ որդիս՝ ազատամարտիկ Նորայր Հաջյանը, նահատակվել էր տարիներ առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմում)… Կրտսեր որդուս՝ Երվանդի եւ հորեղբորորդուս՝ Գեւորգի ու նրա հետ միասին զինակից ընկերների՝ ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի եւ միեւնույն վաշտի ազատամարտիկ Քրիստափոր Արթինի նահատակության գույժերն ինձ հասան միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին… Որդուս մարմինը մայր հողին հանձնեցինք Ստեփանակերտի գերեզմանոցում՝ ավագ եղբոր մոտ, իսկ Գեւորգին եւ իր երկու զինակիցներին վերջին հրաժեշտը տվեցինք շատ օրեր անց՝ Երեւանում…
…Ընդունված է ասել՝ երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են։ Բայց ահա Գեւորգ Հաջյանն իր կարճատեւ, անչափ վաղաժամ ընդհատված կյանքի օրինակով ապացուցեց հակառակը. պատերազմի դաժան թոհուբոհում՝ անգամ երբեք չլռեց նրա մուսան։ Նա երգում էր նաեւ թնդանոթների թնդյունների ներքո՝ խրամատներում լիներ, թե խրամատներից դուրս մարտի նետվելիս Եվ այսօր էլ՝ իր երկրային կյանքի հերոսական ավարտից ամիսներ անց, նա՝ այլեւս հավերժության ճամփորդ, անմահության իր երկնակամարից դարձյալ մեզ հետ է, ոչ այլ կերպ, այլ ինչպես սովորաբար՝ միայն ու միայն հայրենյաց երգը շրթերին։ Խոնարհումս քեզ՝ Գեւորգ, իմ Ամօղլի, իմ հորեղբորորդի։
Միքայել Հաջյան
10 հունիսի, 2021թ.
Արցախի Հանրապետություն