Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի համար պայքարի մեջ նետված հայորդի նվիրյալներին. Արթուր և Արսեն Աղասյաններ․․․
Արթուր և Արսեն Աղասյաններ․․․ Երկու եղբայրներ, որոնց համար հայրենիքի պաշտպանությունից բացի ուրիշ սրբություն գոյություն չուներ։ Հայրենիքի համար օրհասական պահին նրանց մեջ արթնանում էր հայրենիքի պաշտպանության համար ի վերուստ իրենց շնորհված առաքելությունը։ Տղաների համար իրենց կյանքը ոչինչ էր հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ սիրո համեմատ։
Արթուր և Արսեն Աղասյան եղբայրները Մատաղիսի և Թալիշի դիրքերում էին, երբ սկսվեց 2020-ի 44-օրյա պատերազմը։ Արթուրը հրամանատար էր, իսկ Արսենը՝ հետախույզ-զինվոր։ Եղբայրները մարտնչում էին տարբեր դիրքերում, կռվում հերոսաբար։ Հոկտեմբերի 2-ին Մատաղիսի դիրքերում ինքնաթիռի ռմբակոծության հետևանքով ստացած բազմաթիվ վիրավորումներից զոհվում է Արթուրը, իսկ նույն օրը, 2 ժամ հետո Թալիշի դիրքերում հետախույզ ընկերոջ՝ մեղրեցի Տիգրանի հետ նահատակվում է նաև Արսենը։
Կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհված «Արցախի հերոս» բարձրագույն կոչման «Ոսկե արծիվ» շքանշանը հանձնվել է Արթուրի հորը։ Արթուրն իսկ արդեն հերոս էր. դրանում բոլորը համոզվել են Ապրիլյան քառօրյայի ժամանակ։ Հայրենիքը բարձր է գնահատել հայրենիքի նվիրյալ զավակի գործած սխրանքները՝ նրան արժանացնելով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Իսկ Արսեն Գրիգորիի Աղասյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է հետմահու։
Արթուր և Արսեն Աղասյաններն ամփոփված են հարազատ Մարտունու քաղաքային գերեզմանատանը:
Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի համար պայքարի մեջ նետված հայորդի նվիրյալների հավաքական աստղաբույլին, որոնց մեջ են Աղասյան եղբայրները։