Հավատում եմ, որ կարող ենք հաղթել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հավատում եմ, որ կարող ենք հաղթել

Հավատում եմ, որ կարող ենք հաղթել

Արցախյան երրորդ պատերազմից հետո Արցախում ստեղծված նոր իրավիճակին համահունչ սրբագրվել է այստեղ ապրող յուրաքանչյուր հայի կյանքի բանաձևը. ամեն ոք մտորում է դրանից դուրս գալու ուղիների, միջոցների մասին: Գլուխը կախ իր բաժին պատասխանատվությունը պատվով կրող արցախցիներն են տալիս հուսադրող ապագայի տեսլականը, հուսադրում, որ ամեն ինչ կորած չէ:

ՀՅԴ Մարտակերտի կոմիտեի անդամ Ալիկ Զաքարյանը ծնվել է 1984թ. Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում: Իր կյանքի ընթացքում երեք պատերազմների ականատես է եղել, երկուսին՝ անձամբ մասնակցել: 1991թ. հաճախել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, պատերազմն սկսվելուց հետո ստիպված գյուղից հեռացել ու որոշ ժամանակ անց վերադառնալով՝ շարունակել ուսումը: 2001թ. ավարտել է դպրոցը և ընդունվել Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոնոմիա» բաժինը: 2002-2004թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայությունը, որի ավարտից հետո շարունակել է ուսումը: 2007թ. ավարտել է համալսարանական կրթությունը:

2009թ. ընդունվել է Մարտակերտի վարչակազմի գյուղատնտեսության բաժինը՝ որպես ագրոնոմ: Այնտեղ աշխատել է 9 տարի, հետո տեղափոխվել «Արցախէներգո»-ի Մարտակերտի մասնաճյուղ՝ որպես տեղամասի պետ:

Մանկուց համակիրն է եղել Դաշնակցության գաղափարների, բայց դպրոցական տարիներին նրանց հետ կապ հաստատելու հնարավորություն չի եղել: «Դաշնակցականներ կային գյուղում, բայց հիմնականում ավագ սերնդից էին: Ուսանողական տարիներին արդեն միացել եմ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությանը, հետո կուսակցական երդում տվել: Դաշնակցություն մտել եմ այն համոզմունքով, որ Արցախի առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծումը պիտի դաշնակցականը տա: Սա էր կուսակցության շարքեր մտնելու իմ հիմնական նպատակը. մաս կազմել այդ խնդիրների վերհանմանն ու լուծմանը»,- նշում է Ալիկ Զաքարյանը:

ՀՅԴ Մարտակերտի կոմիտեի անդամի խոսքով՝ Սփյուռքում Դաշնակցության ունեցած մեծ ներուժի միջոցով հնարավոր է աշխարհին ճանաչելի դարձնել Արցախը: Դրան ականատես ենք եղել 2020թ., երբ Սփյուռքի բազմաթիվ հայկական համայնքներ ոտքի են կանգնել և ցույցերով, տարբեր ակցիաներով աշխարհին հաղորդել, որ կա սակավաթիվ բնակչությամբ մի երկիր, որի քաղաքացիների առջև կյանքի և մահվան խնդիր է դրված, պայքարում է իր լինել-չլինելու համար: «Այժմ Դաշնակցությունը կարող է Արցախում գյուղատնտեսության տարբեր ճյուղեր, բիզնես ոլորտներ զարգացնել, որպեսզի երկիրը կարողանա նորից ոտքի կանգնել»,- կարծում է նա:

Խոսելով այստեղ ապրողների պարտականությունների մասին, Ալիկ Զաքարյանը նշում է, որ պետք է ռեալ նայել իրականությանը և ըստ այդմ քայլեր ձեռնարկել. «Ցանկացած քաղաքացի պիտի գիտակցի, որ Արցախը չունի կարգավիճակ, պարտվել է պատերազմում, իսկ հզորանալու համար ռեսուրսներ են պետք: Դրանք ձեռք բերելը ես տեսնում եմ միայն գյուղատնտեսության զարգացման մեջ: Եթե անասնապահությունն ու գյուղատնտեսությունը զարգացնենք, պետությունը կհզորանա ու նրա հետ հաշվի կնստեն: Արցախում ցանկացած մշակաբույսի պահանջարկ կա, իրացման խնդիր չի լինելու: Մեր հողատարածքներն այսօրվա դրությամբ բավարարում են Արցախի բնակչությանը: Բայց, ցավոք սրտի, չեն մշակվում»:

Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակիցը նշում է, որ մինչև 2016թ. պատերազմը իրենց սերնդից ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ է պատերազմը: «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երեխա էինք. պայթյուններ, հրաձգության ձայներ լսել ենք, բայց չէինք հասկանում, թե ինչ է զոհվելը, ընկեր կորցնելը, հայրենիք կորցնելը»,- ասում է նա:

«2016թ. դիրքերից իջնելուց հետո վստահ էինք, որ բոլոր թերությունները կվերացվեն, ու այս անգամ առաջնագիծ հասնելով՝ կտեսնենք զինվորի ապահովության բոլոր պայմանները բավարարված, բայց այդպես չեղավ: Չնայած դրան՝ մեր զինվորը չի պարտվել, մեզ մոտ զինվոր չի նահանջել: 106 դիրքում 9 ժամ մարտ էր ընթանում, չորս հոգի էինք մնացել, բայց դիրքը չենք թողել: Այն բոլոր դիրքերի «սիրտն» էր: Եթե վերցնեին, մյուսներին հեշտությամբ կտիրեին»,- պատերազմի օրերի մասին պատմում է Ալիկը՝ ավելացնելով, որ ադրբեջանցիները, ի տարբերություն մեզ, շատ գրագետ են գործել ու անցած պատերազմից դասեր քաղել:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ հաջորդ հաղթանակի համար. «Ժողովրդի մեջ պիտի կոտրվի այն կարծրատիպը, որ ինչքան էլ կռվենք, պարտվելու ենք: Հիմա ազգի մեջ հայրենասիրություն չի քարոզվում: Մանվել Գրիգորյանը կռվել-հերոսացել է, առաջին հերթին իրեն են բռնում: Մյուս կռվածներին են հարվածի տակ դնում: Կռվից փախածներին պաշտոնի են նշանակում, իսկ վիրավորված, հաշմանդամություն ստացած զինծառայողն անուշադրության է մատնված: Այսքանից հետո ո՞վ կցանկանա մասնակցել պատերազմին ու կյանքը վտանգել»:

Հավատո՞ւմ եք նոր հաղթանակին՝ հարցին հստակ պատասխան ունի: «Հավատում եմ, որ կարող ենք հաղթել: Հիմա պետք է խելք և զենք: Զենք, լավ տեխնիկա ու խելոք մասնագետների կարիք ունենք: Թուրքը վախկոտ ազգ է: Կռվից հետո անընդհատ ցույցեր են անում, մի մասն ասում է՝ ինչու ողջ Արցախը չենք վերցրել, մյուս մասն էլ թե՝ մենք այդ հողերը չենք գրավել, տվել են: Իրոք, մեծամասնությունը փաստաթղթով հանձնված տարածքներ են: Շահունյանի շրջանը շատ անառիկ է, այնտեղ միայն խուճապով կարող ես գրավել: Դրա համար Շահումյանի շրջանը մեկ սմ հող չի տվել: Այնտեղ հնարավոր չէր վերցնել, ինչպես Շուշին: Հանձնել են, չեն գրավել: Շահումյանում բնական հանածոներ կան՝ քարածուխ, ոսկի, սնդիկ, պղինձ, նաև անտառային, ջրային ռեսուրսներ: Շահումյանի շրջանի տեղանքը շատ լավն է, Արցախի ու Հայաստանի մեջքը այս շրջանի հանձնումով կոտրվեց»,- ասում է Ալիկը՝ ավելացնելով, որ Մարտակերտից դեպի Շահումյան շարժվող շարասյուներին ուղեկցող ադրբեջանցիները վախով են անցնում հայերի մոտով:

Տաթևիկ Աղաջանյան

1