Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը վիճարկվելու է դատարանում
Գլխավոր » Լրահոս » Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը վիճարկվելու է դատարանում

Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը վիճարկվելու է դատարանում

Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հինգ խմբակցություններից երեքի՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների ութ պատգամավորներ դիմել են ԱՀ Գերագույն դատարան՝ վիճարկելով Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության սահմանադրականության հարցը:

Հարցի վերաբերյալ «Ապառաժ»-ը պարզաբանումներ է ստացել է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանից: Նրա խոսքով՝ Գերագույն դատարան դիմած պատգամավորները շեշտել են, որ այդ ընտրությամբ խախտվել են Արցախի Սահմանադրության մի շարք հոդվածներ:

«Մարտի 10-ին Գերագույն դատարանի աշխատակազմից ստացել ենք աշխատակարգային որոշում, համաձայն որի գործը վարույթ է ընդունվել և քննվելու է ապրիլի 30-ին: Մենք ակնկալում ենք, որ դատարանը արդար վճիռ կկայացնի՝ դրանով ընդգծելով մեր երկրի Սահմանադրության, օրենքների պահպանման և հարգման կարևորությունը»,- նշել է Արթուր Մոսիյանը:

Նա նաև ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, երբ Ազգային Ժողովի պատգամավորները վիճարկում են Ազգային Ժողովի ընդունած որոշման սահմանադրականությունը:

Համաձայն Ազգային Ժողովի կանոնակարգ-օրենքի նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության որոշումները կարող են վիճարկվել պատգամավորների թվի մեկ հինգերորդի դիմումների հիման վրա:

Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ փետրվարի 4-ի նիստում խորհրդարանը Վահրամ Բաղդասարյանին ընտրել էր Հաշվեքննիչ պալատի նախագահ:

Վահրամ Բաղդարասյանի թեկնածության Սահամանդրության և օրենքների տեսակետից խնդրահարույց լինելու մասին երեք խմբակցությունների պատգամավորները բարձրաձայնել էին հարցի հանձնաժողովային քննարկումների և խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ: Այնուհանդերձ, թեկնածուն 22 կողմ, 9 դեմ, 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ընտրվել էր Հաշվեքննիչ պալատի նախագահ:

1