Հարութը ներքին կապով անընդհատ զանգում էր, անհանգստանում եղբայրների համար և ինձ հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու
Գլխավոր » Լրահոս » Հարութը ներքին կապով անընդհատ զանգում էր, անհանգստանում եղբայրների համար և ինձ հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու

Հարութը ներքին կապով անընդհատ զանգում էր, անհանգստանում եղբայրների համար և ինձ հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու

-Սեպտեմբերի 23-ին աշխարհի ամենաերջանիկ մայրն էի․ երեք զավակներս պատերազմից ողջ-առողջ վերադարձել էին։ Ի՞նչ իմանայի, որ երկու օր հետո անվերադարձ կկորցնեմ Հարութիս,-ասում է Արցախյան առաջին պատերազմում զոհվածի այրի Անահիտ Ղազարյանը և ավելացնում,-ասում են՝ Աստված արդար է։ Անհայր մեծացրի երեք զավակներիս, ոտքի կանգնեցրի, բայց Աստված չգթաց ինձ․․․

-Երեք որդիներիս մեջ Հարութն ամենալավն էր սովորում դպրոցում։ Հասկացող էր, ազնիվ, պատասխանատու։ Ինչպես եղբայրները, այնպես էլ նա՝ ուսանող ժամանակներից էր աշխատում, որ կարողանա օգնել ինձ։ Կարգապահ էր, գործի հանդեպ ուշադիր։ Երբեք աշխատանքից չէր ուշանում, ամեն տեղ նրան սիրում ու հարգում էին։ Երբ մի քիչ մեծացավ՝ ինքնամփոփ դարձավ․ շատ չէր արտահայտվում, փոխարենը՝ սրտացավ էր բոլորի հանդեպ։ Առանձնապես շատ էր սիրում երեխաներին ու հաճախակի էր նվերներ անում։

2009-ին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և 2016-ին ստացել տնտեսագիտության բակալավրի աստիճան` «Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ։ ԱՀ ՊԲ-ում ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կովսականի «Գոլդ Սթար» ՓԲԸ-ում։ Հեռու էր  մեզանից։ Ամիսներով տուն չէր գալիս։ Շատ էինք կարոտում իրար, սակայն նա ցանկանում էր ինքնուրույն ստեղծել իր ապագան ու չծանրաբեռնել մեզ։ Կովսականից եկավ ու աշխատանքի անցավ Ստեփանակերտի «Ղարաբաղ Գրեյթ Փարթներս» արտադրամասում։ Համակարգչի միջոցով կարգավորում էր հաստոցների աշխատանքը։ Երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, արտադրամասի աշխատանքները դադարեցին, քանի որ հումքը բերվում էր Իտալիայից։ Հարութը չէր կարողանում անգործ նստել։ 2023 թ․ մարտ ամսից ծառայության անցավ ԱՀ ՊԲ-ում։ Հերթափոխով էր գնում ծառայության․ վերջին շրջանում արդեն ոտքով էր գնում, որովհետև վառելիք բոլորովին չկար։

Սեպտեմբերի 19-ին նրա հերթափոխի օրն էր։ Ծառայության վայրից դուրս եկավ և ուզում էր գալ գյուղ, սակայն չհասցրեց․ ճանապարհը դեպի Սարուշեն փակ էր։ Նա հետ դարձավ զորամաս։

Ավագ որդիս՝ Նվերը, գյուղում էր, կրտսերս՝ Սարիբեկը, որ ծառայում էր ԱՀ ԱԱԾ-ում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում էր։ Համագյուղացիներիս հետ ես անտառներով հեռացա մեր գյուղից՝ առանց որևէ իր վերցնելու տանից։ Մեզ բերեցին Ստեփանակերտի օդնավակայան։ Հարութից հաղորդագրություն ստացա, որ հարսներս ու թոռներս Ստեփանակերտի տարբեր նկուղներում են։ Հաջորդ օրը միացա նրանց։ Կեսօրից հետո Հարութը եկավ մեզ մոտ ու ասաց, որ արդեն զինադադար է։ Մյուս տղաներիցս լուր չկար, իսկ եղբորս տղան՝ Գեղամը զոհվել էր սեպտեմբերի 19-ին։ 20-23-ը տանջալից օրեր էին։

Հարութը ներքին կապով անընդհատ զանգում էր, անհանգստանում եղբայրների համար և ինձ հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու։ 23-ին տղաներս եկան։ Պարզվեց, որ երկուսն էր շրջափակման մեջ են եղել․ մեկը՝ Ննգի, մյուսը՝ Վանք գյուղերի մոտ։ Գյուղից ձեռնունայն էի դուրս եկել։ Երեք տղաներս էլ մեքենաներ ունեին, երկուսը թողել էինք գյուղում․ բոլորովին չէի մտածում նյութականի մասին։ Կարևորը՝ երեխաներս կողքիս են։ Ինչո՞ւ այսպես եղավ,-դողացող ձայնով ասում է Անահիտը և մղկտում ինչպես իր զավակի, այնպես էլ  եղբորորդու համար։

Սեպտեմբերի 23-ին ցանկանում էին հողին հանձնել Գեղամի մարմինը, սակայն ասացին, որ տղաների աճյունները կտեղափոխվեն Հայաստան։ Անահիտի եղբոր ընտանիքը սեպտեմբերի 25-ի առավոտյան դուրս եկավ Արցախից, որ Երևանում հերոսացած զավակին հողին հանձնի։ Հայրապետյան եղբայրները սկսեցին վառելիք փնտրել։ Նրանց բարեկամները մեքենաներ էին առաջարկել, որ տեղափոխվեն ընտանիքներով, սակայն վառելիքի խնդիր կար։

-Ուժեղ անձրև էր գալիս, որոտ ու կայծակից դղրդում էր երկինքը։ Հանկարծ շտապօգնության մեքենաների ձայներ լսեցինք, որ անընդհատ սուլելով գնում-գալիս էին։ Ուժգին ձայնը, որ լսեցի, մտածում էի՝ որոտ է։ Սակայն, երբ ասացին, որ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզինի պահեստում պայթյուն է եղել, սիրտս կանգ առավ մի պահ․ որովհետև Հարութն այդ տարածքում էր ծառայում, տեղյակ կլիներ վառելիքի մասին։ Դուրս եկանք տնից ու վազելով հասանք հիվանդանոց։ Սարիբեկն այնտեղ էր՝ երեսը վառված։ Երկու եղբայրներով վառելիքի հերթում էին եղել։ Պայթյունի ալիքը նրանց  տարբեր ուղղություններով էր շպրտել։ Սարիբեկը, ուշքի գալով՝ տեսել է, որ եղբայրը չկա։ Հիվանդանոցներում շատ փնտրեցինք։ Չեմ կարող ներկայացնել այն ծանր վիճակը, որ տիրում էր այնտեղ։ Վիրավորների աղիողորմ ճիչերից խելագարվում էին հարազատները։

Հաջորդ օրը ևս շարունակեցինք փնտրել, սակայն՝ ապարդյուն։ Ասացին, որ պետք է փնտրել Հայաստանի հիվանդանոցներում։ Սեպտեմբերի 27-ին ճանապարհվեցինք Երևան և հոկտեմբերի 1-ի լուսադեմին տեղ հասանք։ Նույնականացման համար ԴՆԹ հետազոտության թեստ հանձնեցի, և 40 օր հետո՝ նոյեմբերի 1-ին, հաստատվեց պատասխանը։ Ես ի՞նչ մայր եմ, որ զավակիս իմ ձեռքով հողին հանձնեցի։ Միշտ մտածում էի՝ եթե իմ զավակներին մի բան պատահի, ապա ես կխելագարվեմ։ Բայց չխելագարվեցի․ թեկուզ տառապելով, բայց ապրում եմ։ Հարութս սիրած աղջիկ ուներ․ պատրաստվում էր ծանոթացնել, չհասցրեց։ Տղայիս բոլոր երազանքներն ու նպատակները անկատար մնացին։

Ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա և սեպտեմբերի 19-ի պատերազմների մասնակից որդիս զոհ գնաց այդ արհավիրքին․ մի՞թե հնարավոր չէր կազմակերպել վառելիքի նորմալ բաժանումը, ինչո՞ւ այդպես վարվեցին այս տանջված ժողովրդի հետ։ Վերջերս Հարութի դասղեկ Արմիդա Աղաջանյանի հետ այցելել ենք որդուս շիրմին։ Մոր պես հոգատար ուսուցչուհին երկա՜ր թվարկում էր որդուս մարդկային արժեքները։ Ցավիս հետ մեկտեղ սիրտս լցվում էր հպարտությամբ, որ այդպիսի տղա եմ դաստիարակել, բայց ի՞նչ օգուտ՝ Հարութս չկա,-չի դադարում լացել որդեկորույս մայրը։

2024 թվականի հունվարին ծնվել է ընտանիքի կրտսեր զավակի՝ Սարիբեկի որդին։ Նա իր հորեղբոր անունն է կրում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1