Հարսանիք է հարսանիք

Անցյալ համարում անդրադարձանք հայ առաքելական եկեղեցու պսակի խորհրդին, ներկայացրեցինք թե Հայոց առաքելական եկեղեցում ինչ իմաստ է պարունակում պսակի խորհուրդը ու ինչու է անհրաժեշտ, որ ըստ ազգային ավանդույթների` հայ առաքելական եկեղեցում կատարվի պսակի խորհուրդ:
Պատմական Հայաստանի տարբեր նահանգներում հարսանյաց ծեսը տարբեր ձեւերով են կատարվել: Մեր պարագայում, բոլորիս սուրբ պարտականությունն է` պահպանել Արցախ աշխարհում դարերով ձեւավորված եւ հաստատված հարսանյաց ծիսակարգը, այլ ոչ թե տրվելով օտարամոլությանը եւ նորաձեւությանը, այն համապատասխանեցնել, այսպես կոչված, «եվրոպական կամ միջազգային չափանիշներին»: Ի դեպ, եվրոպական ցանկացած քաղաքակիրթ ազգ ունի հստակ արմատավորված պսակի կամ հարսանիքի ծիսակարգ, եւ դժվար թե իտալացիների հարսանիքը շփոթեցվի հարեւան հունացիների, գերմանացիների կամ ֆրանսիացիների հարսանիքների հետ:
Արցախում կատարվող հարսանիքների բացարձակ մեծամասնությունը ո´չ հայկական է, ո´չ եվրոպական եւ ո´չ էլ` աֆրիկյան: Ժամանակակից հայի հարսանիքի տարբեր հատվածներում կարելի է ականատես լինել տարբեր ազգերի, ցեղերի ու ցեղախմբերի հարսանիքների տարրերի` սկսած ռուսա-հրեականից, լատինամերիկյանից, պապուասականից, մոզամբիկա-զիմբաբվեականից, վերջացրած վրացա-լեզգիականով: Պատկերացնո՞ւմ եք` վրացական հարսանիքում գոնե մեկ հայկական երգ կամ պարեղանակ հնչի: Քավ լիցի, խոսքը նրա մասին չէ, թե մեր հարեւան վրացիները մեզ սիրում են, թե չեն սիրում, այլ նրա մասին, որ ավանդապահ վրացիները հարգում են իրենց հարսանեկան ծիսակարգը եւ այն ոչ մի հանգամանքում չեն խախտի: Իսկ մենք՝ հայերս… Հետաքրքիր է, այդ ո՞ր խելոքն է սահմանել ժամանակակից հայի հարսանյաց «ծիսակարգը»: Ախր նորմալ մարդու բանականությունից դուրս է, երբ հարսանքավորները հավաքվում են, նստում հարսանյաց սեղանի շուրջ եւ սպասում (երբեմն՝ մոտ մեկ ժամ), թե երբ են հարսանիքը նկարահանող օպերատորի հրահանգները բարեխղճորեն կատարող քավոր-քավորկինը, հարսն ու փեսան եւ նրանց ուղեկցող հարազատները ժամանելու հանդիսությունների սրահ: Եվ, ի զարմանս սեղանի շուրջ նստած հարսանքավորների, երբ նրանք գալիս են, անմիջապես չեն մտնում դահլիճ ու ներողություն խնդրում «հանդիսականներից», այլ սպասում են, որ թամադան մեկ-մեկ, կամ երկու-երկու նրանց ներս հրավիրի: «Ներս ենք հրավիրում հարս ու փեսային»,- ասում է թամադան եւ բոլորը պարտադրաբար ծափահարում են: Հետո մյուս «ուշացածներին» է հերթով ներս հրավիրում՝ իհարկե, ծափողջույնների ներքո: Այդ զարմանահրաշ թատերականացված արարողությունը կարող է տեւել մինչեւ կես ժամ: Դրանից հետո սկսվում է շոու-հարսանիքը: Որպես գաղտնիք՝ նշենք, որ հաճախ հարսանքավորներից ոմանք, 20-25 րոպե սպասելուց հետո, ներքին կարգով մի քանի կենացներ են խմում, եւ երբ սկսվում է բուն հարսանիքը, նրանք արդեն «պատրաստ են լինում»:
Հարսանիքը սկսված է: Թամադան, ով սովորաբար տվյալ հանդիսությունների տան մշտական «հաղորդավարներից» մեկն է լինում, հարսանքավորների «ծափողջույնների ներքո», իր ուզած կարգով կենացներ է առաջարկում: Միջանկյալ նշենք` երբ մարդուն ուզում են հանդիմանել, ասում են՝ «Կենացները խառնում է»: Մեր թամադաները ոչ միայն կենացներն են խառնում` կենացների հերթականությունն են խախտում, այլ հանդիսավորությամբ խմում են ոչ շնչավոր առարկանների, ավելի ճիշտ` կերակրատեսակների` հարսանեկան տորթի եւ խորովածի կենացները: Որոշ թամադաներ էլ կոպտորեն խախտելով հարսանյաց ծիսակարգը, երկրորդ կենացը նվիրում են Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին` բաժակներն իրար զարկելով խմում: Հետաքրքիր է, թամադան «տխուր կենացը առաջ է տալիս», որ ուրախությանը չխանգարի՞: Ախր դա անմտություն է եւ անհարգալից վերաբերմունք զոհվածների հիշատակի հանդեպ: Անմտությունից անցնենք խեղկատակությունների շարքին: Առաջին խեղկատակությունն այն է, որ թամադան հարս ու փեսայի կենացը խմելուց հետո նրանց հրավիրում է պարելու «առաջին հարսանեկան տանգոն»: Հետաքրքիր է` այդ երբվանի՞ց է հարսը, ով խորհրդանշում է հեզությունը եւ խոնարհությունը, իր հարսանիքին` ուրախությունից արբած, հարյուրավոր մարդկանց ներկայությամբ գրկախառնվում փեսային ու տանգո պարում: Երկրորդ խեղկատակությունը` հարսն ու փեսան իրար ձեռք բռնած, բաժակ-բաժակի են խփում բոլոր հարսանքավորների հետ: Դա ոչ միայն խեղկատակություն է, այլ նաեւ անպարկեշտություն ու աներեսություն: Երրորդ խեղկատակությունը` հարս ու փեսայի պարելու հաճախականությունն է, ավելի ճիշտ` պարահրապարակից չբացակայելու մարմաջը: Ասես «դիսկոտեկում» լինեն: Ախր, բոլորին է հայտնի, որ հարս ու փեսան մեկ կամ երկու անգամ պետք է պարեն իրենց հարսանիքում, այն էլ` քավորի թույլտվությամբ: Դե, քավորի մասին չգրենք, որովհետեւ նման հարսանիքների ժամանակ նա ավելի շատ նկարահանող օպերատորի օգնականն է, քան ավանդապահ քավոր:
Բոլորին է հայտնի, որ հարսանիքին «համ ու հոտ բերողը» երաժիշտներն ու երգիչներն են, ովքեր թամադայի հսկողությամբ, հերթականությամբ «անուշացնում են» կենացները: Բայց արի ու տես, որ մեր հայկական հարսանիքների ժամանակ կատարվող երգերի ու պարեղանակների գերակշռող մասը ոչ հայկական է (հայերեն ասվող երգը դեռ հայկական չէ), այլ ռուսա-հրեական, արաբա-թուրքական կամ քրեա-գողական, որոնք կարող են անգամ ամենաֆանտաստ գրողի երեւակայությունը խաթարել: Հազվադեպ է լինում, որ հարսանիքներին զուլալ հայկական ժողովրդական, ազգագրական կամ աշուղական 3-4 երգ են կատարում:
Նորից անդրադառնանք հարսանիքի թամադային, ավելի ճիշտ` հարսանյաց հանդեսը կամ շոուն վարողին, այն մարդկանց, որոնց բացարձակ մեծամասնությունը մինչեւ հարսանիքն սկսելը անգամ ծանոթ չեն հարս ու փեսայի հարազատներին, «շպարգալկային» նայելով են նրանց անունները «հիշում» (երբեմն՝ շփոթում), ու նախօրոք մշակված սցենարի համաձայն՝ աղավաղում հայկական ավանդական հարսանյաց ծիսակարգը: Փաստորեն, նման թամադաները (եւ ոչ միայն նրանք) խախտում են մեր երկրի «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքը եւ մնում անպատիժ, քանի որ նշված օրենքում իրավախախտների համար պատիժ չի սահմանում, այլ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի պահանջները խախտողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրում են պատասխանատվություն: Թե դա ի՞նչ պատասխանատվություն է, հայտնի չէ՝ միայն օրենսդիրները գիտեն, այն էլ գաղտնի են պահում:
Լավ, չերկարացնենք. մարդիկ ուզում են ուրախանան, վերջին հաշվով՝ հարսանիք է, չէ՞: Այո, եկեք ուրախանանք, բայց ուրախանանք հայոց հարսանեկան ծիսակարգը խստագույնս պահպանելով, նորաստեղծ ընտանիքի հիմքը ճիշտ դնելով: Եկեք ուրախանանք, բայց ոչ հասարակական կարգը խախտելով, մանկահասակների ու մեծահասակների հանգիստը խանգարելով, հիվանդների, տառապյալների ու սգավորների հոգեվիճակն արհամարհող հարսանեկան ավտոշարասյան շչակների արձակած անտանելի աղմուկներով:
Հաշվի առնելով թեմայի լրջությունը եւ կարեւորությունը, առաջարկում եմ ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությանը՝ կազմակերպել «կլոր սեղան» ու հրավիրել Արցախում հայտնի թամադաներին, հարսանյաց հանդեսներ վարողներին եւ ընդհանուր ուժերով վերականգնել մեր ավանդական հարսանեկան ծիսակարգը: Հակառակ դեպքում`«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքը մնալու է թղթի վրա:
Հ.Գ. Նորապսակների մեծամասնությունը ձգտում են այնպիսի հարսանիքներ կազմակերպել, որ էականորեն տարբերվի մյուս հարսանիքներից: Այնինչ՝ նպատակը պետք է լինի հայկական ավանդական հարսանեկան ծիսակատարության բոլոր մանրունքների պահպանումը եւ կատարումը: Այսինքն՝ հարսանիքներն ավելի շատ իրար նման պետք է լինեն, քան տարբեր: Իսկ եթե նորամուծություն, ապա ավելի հայկական դարձնելու նպատակով:
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ