Հարգել մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ ազատորեն արտահայտվելու իրավունքը․ Արցախի ՀԿ-ներ

50-ից ավելի արցախյան ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են քաղաքացու իրավունքների ու խոսքի ազատության սահմանափակումները ՀՀ-ում եւ պահանջել ՀՀ իշխանություններից դադարեցնել հետապնդումները։
«Հանուն Արցախի» միավորումը խստորեն դատապարտում է ՀՀ Քկ կողմից մեր հայրենակից Ղարիբ Բաբայանի դեմ անհիմն մեղադրանքի առաջադրումը։ Մեզ համար անընդունելի է, որ իրավապահ մարմինները, որոնք կոչված են պաշտպանելու քաղաքացու իրավունքներն ու խոսքի ազատությունը, իրենց գործունեությամբ սահմանափակում են քննադատական խոսքն ու ազատ արտահայտվելու իրավունքը։
Ղարիբ Բաբայանը երբևէ չի տարածել ատելության և անհանդուրժողականության խոսք։ Նրա ելույթները, որոնք վերաբերում էին այլ պետության քաղաքացիների կողմից մեր ազգային արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունքին՝ հանդիսանում են օրինական քննադատություն և արտահայտման ազատության դրսևորում։
Մենք պահանջում ենք ՀՀ պատկան մարմիններից․
1․ Անմիջապես դադարեցնել Ղարիբ Բաբայանի դեմ քրեական հետապնդումները։
2․ Քրեական հետապնդում մեկնարկել Ղարիբ Բաբայանի կողմից հրապարակված տեսանյութում ներկայացված արարքի հեղինակների նկատմամբ, որոնք իրենց գործողությամբ թշնամանք ու ատելություն են սերմանել հայ ժողովրդի հանդեպ:
3. Հարգել մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ ազատորեն արտահայտվելու իրավունքը։
4․ Ապահովել, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքն ու արդարադատությունը ծառայեն ժողովրդավարական արժեքներին, այլ ոչ թե քաղաքական ճնշումների գործիք դառնան։ Պաշտպանելով խոսքի ազատությունը՝ մենք պաշտպանում ենք մեր բոլորի իրավունքները։